Սեբաստիայում նահատակված քառասուն սբ մանուկների հիշատակության օրն է
Մեծ պահքի 27-րդ օրն է: Այսօր Սեբաստիայում նահատակված քառասուն սբ մանուկների հիշատակության օրն է:
«Ընթերցվածք` Իմս. 3.1-8, Նվ. 2.1-4, Ես. 43.1-3, Եփես. 6.10-18, Մատթ. 13.43-52
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին Մեծ պահքի հինգերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը տոնախմբում է Սեբաստիայի քառասուն մանուկների հիշատակը: 4-րդ դարի սկզբին նահատակված քառասուն մանուկներն իրականում Սեբաստիա քաղաքի կայսերական գնդի զինվորականներ էին, ովքեր խիզախորեն վկայում և խոստովանում էին իրենց հավատը: Հրաժարվելով զոհ մատուցել կուռքերին` նրանք բանտարկվում են, ապա ձմեռային մի գիշեր նետվում են Սեբաստիայի մոտակայքում գտնվող լիճը: 40 զինվորներից մեկը, չդիմանալով փորձությանը դուրս է նետվում լճից ու մահանում: Մնացյալները լուսադեմին երևում են լուսե պսակներով: Նրանց հսկող զինվորականն այդ տեսարանից ազդված դարձի է գալիս և նետվելով լիճը պսակակից դառնում սուրբ վկաներին:
Սակայն աստվածային հրաշքը չի կանգնեցնում հեթանոսներին. առավոտյան նրանք լճից դուրս են բերում 40 մանուկներին և նահատակում, ապա խոշտանգված մարմինները լցնում գետը, որպեսզի քրիստոնյաների ձեռքը չանցնի: Բայց Սեբաստիայի եպիսկոպոսը տեսիլքով գտնում է սրբերի նշխարները և ամփոփում մի վայրում, ուր հետագայում կառուցվում է «Քառասուն մանկունք» 40 գմբեթանի եկեղեցին:
Կարծում ենք, այսօր պատահական չէ ընտրված այս սրբերի հիշատակությունը, որովհետև այն մեզ ցույց է տալիս, թե ո´րն է քրիստոնյայի իրական զենքը: 40 զինվորները, ովքեր, վստահաբար, կարող էին զենք վերցնելով մարտնչել, իրենց սրտում փայփայած հավատի վկայության համար նախընտրեցին ճշմարիտ նահատակությունը, որն իրենց ոչ պակաս փառքի ու պսակի արժանացրեց: Պողոս առաքյալը քրիստոնյաներին հոգևոր մարտի է հրավիրում` ընդգծելով, որ այդ պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ երկնքի տակ գտնվող չար ոգիների ու սատանայի հնարքների դեմ (տե´ս Եփես. 6.11-12): Առաքյալը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր հավատացյալ պայքարում է չարի դեմ և ոչ` մարդկանց դեմ, ովքեր բռնված են չարից:
Նա հորդորում է մեզ այդ հոգևոր մարտի մեջ զորանալ Տիրոջով ու Աստծու սպառազինությունը հագնել: Այդ սպառազինությունն առաքինություններն են, որ առաքյալը հիշատակում է շարունակության մեջ. «Ուստի առե´ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին. և երբ ամեն ինչ կատարեք, հաստատո´ւն կացեք` տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ, և հագած արդարության զրահը` ձեր ոտքերը ամրացրե´ք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ: Եվ այս բոլորի վրա, առե´ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը: Եվ առե´ք փրկության սաղավարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծու խոսքը: Ամենայն աղոթքներով և աղաչանքներով ամեն ժամ աղոթեցե´ք» (Եփես. 6.13-18):
Այս պատգամն է այսօր մեր մտքերում, որպեսզի ըմբռնենք իրական մարտի իմաստը: Այն յուրաքանչյուր քրիստոնյա մղում է իր կյանքի ամեն օր և ժամ: Մարտ, որի զենքերն են ճշմարտությունը, հավատը, խաղաղությունը, արդարությունը, փրկությունը և Աստծու խոսքը: Եվ այդ ամենի հետ մեկտեղ առաքյալի միջոցով Աստված մեզ հորդորում է աղոթել և ոչ միայն մեզ, այլև Տիրոջ բոլոր զավակների համար: Սրանք են քրիստոնյայի կյանքի իրական ամրանները, որ անվտանգ պահպանում են մեզ բոլոր փոթորիկներից ու հարձակումներից»,- ֆեյսբուքյան էջում օրվա խորհրդի մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակումներ՝
«Մեծ պահքի այս օրը մեզ համար մասնավոր հրավեր է մարդկային անարդարությունից դեպի Աստծու արդարություն»
Մեծ պահք. «...հիշենք նաև մեր կողքին գտնվողներին»
Մեծ պահք. Միջինք
Մեծ պահք. «... գալու է պատասխան տալու ժամանակը»
Մեծ պահք. «Իսկ ի՞նչ է մեզանից յուրաքանչյուրն այս կյանքում բաղձում, եթե ոչ` պաշտպանություն և ապահովություն»
Մեծ պահքի խորհրդանշական շղթայի Տնտեսի կիրակին
Մեծ պահք. «Այսօր այդպիսի տեսանելի և աներույթ, մարմնավոր և անմարմին գողեր և ավազակներ վխտում են մեր հասարակության մեջ»
Մեծ պահք. «Ցավոք, մեր հասարակության մեջ այս ամենն առավել կամ նվազ չափով առկա է»
Մեծ պահք. «Իբրև քրիստոսադրոշմ ժողովուրդ, լինենք մեկ մարմին` պահելով հոգու միությունը խաղաղության կապով»
Մեծ պահք. «Հավիտենական կյանքը ժառանգելու և վայելելու պայմանը մեր պահվածքն է»
Մեծ պահք. Աստված վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են Իրեն անպայման, անշահախնդիր ու անբիծ հավատով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները