ՀՀ և Չինաստանի միջև համագործակցության, հարաբերությունների զարգացման մասին հռչակագիր է ընդունվել (տեսանյութ)
Մարտի 24-28-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հրավերով պետական այցով Չինաստանում է գտնում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ երկու պետությունների ղեկավարները ջերմ, բարեկամական և փոխվստահության մթնոլորտում անցկացրել են մտքերի հանգամանալից փոխանակում՝ հայ-չինական հարաբերությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային քաղաքականության արդիական հարցերի վերաբերյալ։ Ձեռք է բերվել փոխըմբռնում հարցերի լայն շրջանակի շուրջ։
Հայաստանի Հանրապետությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր) բարձր են գնահատել երկկողմ համագործակցության նկատելի հաջողությունները, որոնք ձեռք են բերվել բոլոր ոլորտներում՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո, եկալ այն եզրակացության, որ Հայաստանի և Չինաստանի բարեկամական համագործակցությունը ոչ միայն համապատասխանում է երկու երկրների և ժողովուրդների արմատական և երկարաժամկետ շահերին, այլև նպաստում է երկու երկրների համատեղ զարգացմանն ու բարգավաճմանը՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության և կայունության։
Ելնելով երկկողմ բարեկամական համագործակցության հետագա զարգացման ընդհանուր ձգտումից, ինչպես նաև գիտակցելով երկու երկրների միջև տարբեր բնագավառներում համագործակցության հետագա խորացման օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ Կողմերը հայտարարում են հետևյալի մասին.
1. Կողմերը այսուհետ ևս կշարունակեն զարգացնել փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխադարձ շահերի հիման վրա ձևավորված հարաբերությունները և, հետևելով 1996 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների հիմունքների մասին» համատեղ կոմյունիկեի և 2004 թվականի սեպտեմբերի 27-ի՝ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համատեղ հռչակագրի դրույթներին, հետևողականորեն իրականացնել երկկողմ համագործակցության ընդլայնման ուղեգիծը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում՝ հայ-չինական հարաբերությունների բարեկամական համագործակցության շարունակական խորացման և զարգացման նպատակով՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
2. Կողմերը համարում են, որ հայ-չինական հարաբերությունների առողջ և կայուն զարգացման քաղաքական հիմքն են կազմում երկու երկրների առանցքային շահերին և մտահոգություններին առնչվող հարցերի շուրջ փոխադարձ համաձայնությունը և աջակցությունը։
Հայկական կողմը հաստատում է մեկ Չինաստանի քաղաքականությանն իր աջակցությունը, հանդես է գալիս որևէ ձևով «Թայվանի անկախության» դեմ, վերահաստատում է, որ Թայվանի հետ որևէ պաշտոնական կապ չի հաստատում, աջակցում է Թայվանյան նեղուցի երկու ափերի միջև հարաբերությունների խաղաղ զարգացմանը, ինչպես նաև երկրի միավորմանն ուղղված՝ Չինաստանի կառավարության բոլոր ջանքերին՝ համարելով, որ Թայվանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անքակտելի մասն է, իսկ թայվանյան հարցը՝ Չինաստանի ներքին գործը։
Չինական կողմը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն։
Կողմերը կրկին հայտարարում են, որ չեն մասնակցում որևէ միությունների կամ դաշինքների, որոնք ուղղված են Կողմերից որևէ մեկի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության դեմ, չեն ձեռնարկում ցանկացած նման գործողություն, ներառյալ՝ երրորդ կողմի հետ նման պայմանագրերի կնքումը, թույլ չեն տալիս իրենց տարածքում այնպիսի կազմակերպությունների և խմբավորումների ստեղծում, որոնք վնաս են հասցնում մյուս Կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը, ավելին՝ արգելում են դրանց գործունեությունը իրենց տարածքում։
Կողմերը լիովին սատարում են սեփական իրողություններից ելնելով երկու երկրների ժողովուրդներից յուրաքանչյուրի ընտրած զարգացման ճանապարհը, հաստատում են աջակցությունը մյուս Կողմի ջանքերին` ուղղված պետական անկախության, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության ամրապնդմանը, սոցիալ-քաղաքական կայունության ապահովմանը և ազգային տնտեսության զարգացմանը։
3. Կողմերը միակարծիք են, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում առաջատար դեր է խաղում բարձր մակարդակի կապերի ամրապնդումը, համաձայն են հետագայում ևս ակտիվացնել երկու երկրների ղեկավարների փոխադարձ այցերը, ընդլայնել կառավարությունների, օրենսդիր մարմինների, կուսակցությունների, բանակների և հասարակական միավորումների միջև կապերն ու համագործակցությունը, անցկացնել պետական կառավարման փորձի փոխանակում, ընդլայնել երկկողմ հարաբերությունների խորացմանը նպաստող ուղիներն ու խողովակները։
4. Կողմերը գտնում են, որ առևտրատնտեսական կապերը հայ-չինական հարաբերությունների բարեկամական համագործակցության կարևոր բաղկացուցիչն են, բարձր են գնահատում Առևտրատնտեսական համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի դերը երկու երկրների գործնական համագործակցության խորացման հարցում, պատրաստ են հետագայում այս հանձնաժողովի միջոցով օպտիմալացնել երկու երկրների միջև առևտրի կառուցվածքը, հարստացնել համագործակցության ձևերը և ընդլայնել ուղիները, աստիճանաբար բարելավել առևտրաներդրումային մթնոլորտը, փոխադարձ շահերի և իրավահավասարության հիման վրա միմյանց տրամադրել բարենպաստ պայմաններ` ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների և կապիտալի ներմուծման համար։
Չինական կողմը խրախուսում և աջակցում է իր ձեռնարկություններին Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ անելու և ձեռնարկություններ ստեղծելու հարցում՝ իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա և առևտրային օրինաչափություններին համապատասխան և, ելնելով տնտեսական և տեխնիկական նպատակահարմարությունից և հնարավորությունից, կմասնակցի այնպիսի բնագավառներում կառուցմանն ու զարգացմանը, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, տրանսպորտը, էներգետիկան, կապը, առողջապահությունը, ենթակառուցվածքները և այլն, ինչպես նաև հայկական Կողմին հետագա հնարավոր աջակցություն կցուցաբերի ժողովրդի բարեկեցության բարձրացման համար կարևոր նախագծերի իրականացման հարցում։
Հայկական Կողմն իր երախտագիտությունն է հայտնում չինական Կողմին երկար տարիների ընթացքում Հայաստանին տնտեսական և սոցիալական զարգացման հարցում ցուցաբերած արժեքավոր օգնության համար, ողջունում է Հայաստանում չինական ձեռնարկությունների ներդրումների աճը, պատրաստ է չինական ձեռնարկություններին տրամադրել բարենպաստ պայմաններ։
Կողմերը պատրաստ են հանգամանորեն քննարկել ֆինանսական համագործակցության զարգացման հարցը, ներառյալ` ազգային արժույթների փոխադարձ փոխանակումները, գտնել ֆինանսավորման ճկուն և բազմազան մեթոդներ և ֆինանսական աջակցություն տրամադրել համագործակցության կարևոր նախագծերին։
Կողմերը պատրաստ են ակտիվորեն առաջ տանել պրակտիկ փոխանակումն ու համագործակցությունը տարածքային միավորների միջև և աջակցել նահանգների, մարզերի և քաղաքների միջև եղբայրական հարաբերությունների հաստատմանը՝ հաշվի առնելով տեղական արդյունաբերական կառույցները և նրանց առանձնահատկությունները՝ փոխլրացման հիման վրա։
Կողմերը նշեցին, որ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համատեղ ստեղծման նախաձեռնությունը նոր պատմական հնարավորություններ է ընձեռում երկու երկրների բազմակողմ համագործակցության համար։ Կողմերն ակտիվորեն կաշխատեն արդեն կնքված համաձայնագրերի իրականացման ուղղությամբ, համատեղ ջանքերով առաջ կտանեն Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախագիծը՝ երկկողմ համագործակցության նոր լայն հեռանկարներ բացելով։
5. Կողմերն ընդգծեցին կրթության, մշակույթի, գիտության և տեխնիկայի, շրջակա միջավայրի պահպանման, ԶԼՄ-ների, սպորտի, զբոսաշրջության և այլ բնագավառներում երկու երկրների համագործակցությունը հետագայում ևս ընդլայնելու և կատարելագործելու անհրաժեշտությունը։ Կողմերը մանրամասնորեն կկատարեն կնքված համաձայնագրերը, կընդլայնեն գիտահետազոտական հաստատությունների, ԶԼՄ-ների, հասարակական միավորումների, գեղարվեստական խմբերի և երիտասարդական կազմակերպությունների միջև բարեկամական կապերն ու համագործակցությունը` երկու ժողովուրդների միջև փոխըմբռնումն ու բարեկամությունը շարունակաբար խորացնելու և երկու երկրների սերնդեսերունդ փոխանցվող բարեկամությունն ամրապնդելու նպատակով։
Կողմերը պատրաստ են քննարկել ուսուցման և միմյանց լեզուների դասավանդման համատեղ կազմակերպման հարցը, աջակցել Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտների զարգացմանը:
Կողմերը կշարունակեն ընդլայնել ուսանողների փոխանակումը։ Չինական Կողմը պատրաստ է շարունակել պետական կրթաթոշակներ տրամադրել Չինաստանում սովորող հայ ուսանողներին, աջակցել հայկական Կողմին բոլոր բնագավառներում մասնագիտացված կադրերի պատրաստման հարցում։
Կողմերը դրականորեն կքննարկեն երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև առաջիկա 5 տարիների համագործակցության ծրագրի կնքման հարցը, փոխադարձ աջակցություն կցուցաբերեն այնպիսի խոշոր միջոցառումների նախապատրաստման և անցկացման հարցում, ինչպիսիք են Հայաստանում չինական մշակույթի և Չինաստանում հայկական մշակույթի օրերը։
Կողմերը դրականորեն են տրամադրված քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցության իրականացման խնդրում, պատրաստ են համապատասխան ժամանակահատվածում անցկացնել բանակցություններ այդ հարցերի շուրջ, տարբեր ձևաչափերով խրախուսել համագործակցությունը ավիափոխադրումների համար պատասխանատու ձեռնարկությունների և գերատեսչությունների միջև՝ երկու երկրների ժողովուրդների բազմակողմանի կապերի հետագա ընդլայնման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։
6. Կողմերը, հիմնվելով միջազգային իրավունքի, երկկողմ պայմանագրերի և ազգային օրենսդրությունների վրա, արդյունավետ միջոցներ են ձեռնարկում քաղաքացիների փոխադարձ ուղևորությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, միմյանց տարածքում գտնվող քաղաքացիների և իրավաբանական անձանց օրինական իրավունքներն ու շահերը ապահովելու համար:
7. Կողմերն ընդունում և հարգում են մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքները, հանդես են գալիս հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա՝ երկխոսության և համագործակցության միջոցով տարբեր երկրների միջև տարաձայնությունների կարգավորման օգտին, գտնում են, որ մարդու իրավունքների պաշտպանությունը միջազգային մակարդակով պետք է հաստատապես հիմնվի բոլոր երկրների ինքնիշխանության հարգանքի, ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա և հանդես են գալիս մարդու իրավունքներին վերաբերող հարցերում երկակի ստանդարտների կիրառման և դրանց քաղաքականացման դեմ: Կողմերը դեմ են մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո այլ երկրների ներքին գործերին միջամտությանը և ամրապնդելու են մարդու իրավունքների ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով կապերն ու համագործակցությունը։
8. Կողմերը նշեցին, որ տարբեր ձևերով և դրսևորումներով ահաբեկչության աճող վտանգները լուրջ մարտահրավեր են ինքնիշխան պետությունների անվտանգության ու սոցիալ-քաղաքական կայունության համար, հետևաբար՝ անվտանգությանն ու կայունությանը ողջ աշխարհում։
Կողմերը միահամուռ դատապարտում և հաստատապես հանդես են գալիս ահաբեկչության դեմ՝ ցանկացած ձևերով և դրսևորումներով, պատրաստ են հետագայում ակտիվացնել ՄԱԿ-ի Կանոնադրության և համապատասխան միջազգային հակաահաբեկչական փաստաթղթերի շրջանակներում երկու երկրների իրավապահ, անվտանգության և պաշտպանության մարմինների միջև կապերն ու համագործակցությունը, համատեղ պայքարել ահաբեկչության, փողերի լվացման, թմրանյութերի անօրինական շրջանառության և անդրազգային կազմակերպված հանցավորության այլ ձևերի դեմ։
Կողմերը պատրաստ են շարունակել երկկողմ և բազմակողմ համագործակցությունը անվտանգության և իրավակարգի, իրավական օգնության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ոլորտներում։
Կողմերը պատրաստ են համապատասխան ձևով շարունակել պրակտիկ փոխգործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռազմական պատվիրակությունների փոխայցելությունները, զինվորական կադրերի պատրաստումը, ռազմական օգնության ցուցաբերումը և այլն։
9. Կողմերն ընդգծեցին, որ ընթացիկ տարում նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 70-ամյակը, ինչպես նաև լրանում է ՄԱԿ-ի հիմնադրման 70 տարին: Կողմերը, որպես հաղթող երկրներ, վճռականորեն դատապարտում և հակազդում են Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության աղավաղման, նացիզմի, միլիտարիզմի և նրանց մեղսակիցների քարոզչության ցանկացած փորձերին և գործողություններին: Երկու պետություններն ու ժողովուրդները լի են վճռականությամբ անելու իրենցից կախված ամեն ինչ` միջազգային հանրության, խաղաղասեր երկրների և ժողովուրդների հետ համատեղ շարունակելու գործադրել բոլոր ջանքերը` պահպանելու աշխարհակարգը, որի կորիզը կազմում է ՄԱԿ-ը` թույլ չտալով նոր պատերազմներ և հակամարտություններ: Կողմերը մեծ նշանակություն են տալիս մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին, նշում են դրանց ժխտման անընդունելիությունը՝ հանդես գալով դրանց դատապարտման և պատմական ճշմարտության պահպանման օգտին:
10. Կողմերը հետագայում ևս կակտիվացնեն երկխոսությունն ու փոխգործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների և կառույցների շրջանակներում, կպահպանեն սերտ կապերը և համակարգումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերով` երկու երկրների զարգացման համար բարենպաստ միջազգային պայմաններ ստեղծելու նպատակով:
Կողմերը նշում են, որ ՄԱԿ-ը կենտրոնական դեր է կատարում երկրագնդի վրա խաղաղության պահպանման, համատեղ զարգացման աջակցության և միջազգային համագործակցության հարցերում: Կողմերը հանդես են գալիս ՄԱԿ-ի և նրա Անվտանգության խորհրդի անհրաժեշտ, ռացիոնալ և անդամ պետությունների կողմից համաձայնեցված բարեփոխումների օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրությամբ իր վրա դրված պարտականություններն ավելի արդյունավետ կատարելու նպատակով:
Կողմերը միակարծիք են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը պետք է իրականացվի առավելագույն կոնսենսուսի հիման վրա: Անհրաժեշտ է քննարկել զարգացող, ինչպես նաև միջին և փոքր պետությունների ներկայացուցչության և ձայնի իրավունքի ավելացման հնարավորությունը, նրանց՝ հերթականությամբ Անվտանգության խորհուրդ մտնելու, որոշումների ընդունմանը մասնակցելու և ավելի կարևոր դեր խաղալու ավելի շատ հնարավորությունների տրամադրումը: Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է շարունակեն խորհրդակցությունները և ձգտեն հասնել բոլոր կողմերի շահերը և մտահոգությունները հաշվի առնող համալիր որոշման:
11. Կողմերը համարում են, որ կայացած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ստորագրված փաստաթղթերը նոր թափ կհաղորդեն հայ-չինական բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացմանը և խորացմանը, կծառայեն երկու երկրների ավանդական բարեկամության ամրապնդմանը, ինչպես նաև կնպաստեն երկու երկրների ժողովուրդների համատեղ զարգացմանը և բարգավաճմանը:
12. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին պետական այց կատարել Հայաստան իրեն հարմար ժամկետներում: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինն ընդունեց հրավերը երախտագիտությամբ և հաճույքով: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով:
Նախորդող հրապարակում՝
Պեկինում կայացել են հայ-չինական բարձր մակարդակի բանակցություններ