«Հայ ժողովուրդը հերոսաբար լուծեց այդ պատմական խնդիրը». Մայիսյան հերոսամարտերն ու Առաջին Հանրապետությունը
«1918 թ. մայիսին օրակարգում էր դրված հայ ժողովրդի լինել-չլինելու, իր Հայրենիքի մի փոքր անկյունում՝ Արևելյան Հայաստանում, ապրելու, գոյատևելու խնդիրը: Հայ ժողովուրդը հերոսաբար լուծեց այդ պատմական խնդիրը, կարողացավ ջախջախել թուրքական զորքերին և զենքով ձեռք բերել իր սեփական Հայրենիքում ապրելու և զարգանալու իրավունքը»,-ասել է պատմաբան Լենդրուշ Խուրշուդյանը:
Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին Հանրապետությունը: Այդպիսով՝ հայ ժողովուրդը կարողանում է 543 տարի անց վերականգնել պետականությունը: Հարյուրամյակների ընդմիջումից հետո կրկին վերականգնվում է հայոց անկախ պետականությունը: Հայաստանի անկախության հռչակումը շրջադարձ եղավ հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր մշակութային կյանքում։ Դրանով փակվում էր հայ ժողովրդի ողբերգական և հերոսական դրվագներով հարուստ նոր պատմության ժամանակաշրջանը, և սկսվում էր նորագույն հայկական պետականությունների պատմության դարաշրջանը։
Հայաստանի առաջին հանրապետության Կառավարության շենքը Երևանում
Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թ.) հետո ռուսական զորքերը լքել էին Կովկասյան ռազմաճակատը: Տրապիզոնից մինչև Վանա լիճ՝ 400 կմ երկարությամբ, թուրքերին դիմակայել էին գերազանցապես հայկական խմբեր և նոր կազմավորվող զորամասեր: Թուրքական զորքերը, խախտելով Անդրկովկասի կոմիսարիատի հետ 1917 թ-ի դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թ-ի փետրվարի 10-ին անցել էին հարձակման և նվաճել Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը: Մայիսի 15-ին, Ալեքսանդրապոլը (այժմ՝ Գյումրի) գրավելուց հետո, թուրքական մի զորամաս արշավել էր Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր), իսկ 36-րդ դիվիզիան, Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ թափանցելով Արարատյան դաշտ, արշավել է Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով:
«Եվ թշնամին, որ մի քանի անգամ ավելի կորուստներ ունեցավ, երկար ժամանակ պիտի հիշե այդ (Սարդարապատի) ճակատամարտը, ինչպես պարսիկները՝ Ավարայրը (451 թ.), և արաբները՝ Վարդանակերտը (703 թ.): Արդարև, այդ երեք հերոսամարտերը մեր պատմության ալեծուփ ծովից դուրս ցցված գրանիտե ժայռեր են, որոնց վրա երեք անգամ հայ հայրենիքի թշնամիների կատաղության ալիքները փշրվեցին»,- ասել է գրող, հասարակական գործիչ Ավետիս Ահարոնյանը:
«Ղարաքիլիսայի ճակատամարտը «....բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ: ....Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել».- ասել է Կովկասում թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան:
Մայիսյան հերոսամարտերի պատմական գլխավոր դասը համազգային միաբանությունն է:
Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը (Տփղիսեցի) օրհնում է կամավորներին (1918թ.)
Հայաստանի առաջին Հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ., 961,7 հզ. կմ2, մայրաքաղաքը՝ Երևան: 1918 թ. հունիսի 13-ին նորընտիր վարչապետ Հ. Քաջազնունին ի լուր աշխարհի պաշտոնապես հայտարարել է Հայաստանի անկախության մասին:
Հովհաննես Քաջազնունի, ՀՀ 1-ին վարչապետ
Մինչև Թիֆլիսից կառավարության ժամանումը Երևան՝ իշխանությունն իրականացրել է Երևանի ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ:
Նորաստեղծ պետությունն առաջին պարտադրված պայմանագիրն ստորագրել է Թուրքիայի հետ՝ Բաթումում` 1918 թ-ի հունիսի 4-ին՝ Անդրկովկասի գերմանա-թուրքական նվաճման պայմաններում. հայկական կողմը ներկայացրել են Հովհաննես Քաջազնունին և Ալեքսանդր Խատիսյանը: Այդ պայմանագրով՝ Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը, Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արևմտյան Հայաստանից ու Կարսի մարզից, այլև Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններից՝ Ալեքսանդրապոլի և Համամլուի (Սպիտակ) գավառներից, Երևանի ու Էջմիածնի գավառների մի մասից, Շարուր-Դարալագյազի գավառի 1/5-րդ մասից: Հայաստանի Հանրապետությանը մնացել է ընդամենը 12 հզ. կմ2 տարածք: Կոստանդնապոլսում Գերմանիայի դեսպան Բրենսդորֆի պատկերավոր արտահայտությամբ՝ «թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու, չորանալու համար տեղ չտվեցին»։
1918 թ-ի հուլիսի 19-ին Ազգային խորհուրդը ժամանել է Երևան. առաջատար քաղաքական կուսակցությունների և Թիֆլիսի ու Երևանի ազգային խորհուրդների համաձայնությամբ կազմվել է բարձրագույն օրենսդիր իշխանությունը՝ Հայաստանի խորհուրդը (հետագայում` խորհրդարան), որտեղ ընդգրկվել են տարբեր կուսակցությունների, ազգային խորհուրդների անկուսակցական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 46 մարդ, որից 18-ը՝ դաշնակցական: Հուլիսի 24-ին հրապարակվել է գործադիր բարձրագույն իշխանության՝ Կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, արտգործնախարար՝ Ալեքսանդր Խատիսյան:
Արամ Մանուկյան
Օգոստոսի 1-ին Հայաստանի խորհուրդը Երևանում գումարել է իր առաջին նիստը, նախագահ է ընտրվել Ավետիք Սահակյանը (դաշնակցական): Նիստը որոշում է ընդունել քայլեր ձեռնարկել երկիրը ծանրագույն վիճակից դուրս բերելու համար:
1919 թ-ի փետրվարին Երևանում տեղի է ունեցել Արևմտահայության 2-րդ համագումարը, որոշում է ընդունվել Անկախ և Միացյալ Հայաստանի հռչակման մասին:
Անկախության օրվա միջոցառում, Մայիսի 28, 1919
Անկախության տարեդարձի օրը՝ մայիսի 28-ին, Կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ա. Խատիսյանը, Հայաստանը հռչակել է Անկախ և Միացյալ Հանրապետություն:
Ալեքսանդր Խատիսյան, ՀՀ 2-րդ վարչապետ
1919 թ-ի հունիսին տեղի են ունեցել ընտրություններ (միակը ՀՀ-ում)՝ 366 հզ. ընտրողների և 7 կուսակցությունների մասնակցությամբ: Խորհրդարանի ընտրված 80 անդամներից 72-ը դաշնակցականներ էին: Օգոստոսի 1-ին գումարված նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստում նախագահ է ընտրվել Ավետիս Ահարոնյանը (դաշնակցական):
Ավետիս Ահարոնյան, ՀՀ խորհրդարանի նախագահ
1920 թ-ից սկսվել է Հայաստանի միջազգային ճանաչման նոր շրջանը:
Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ կաբինետի անդամները, 1919թ: Նստած են՝ Ա. Սահակյան, Ալեքսանդր Խատիսյան, գեներալ Քրիստափոր Արարատյան։ Կանգնած են՝ Նիկոլ Աղբալյան, Ա. Գյուլխանդանյան, Ս. Արարատյան:
Հունվարի 23-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի երկրները որոշել են փաստացի (դե ֆակտո) ճանաչել Հայաստանի անկախությունը: 1920 թ-ի ապրիլի 24-ին ճանաչել է նաև ԱՄՆ-ը: Հայաստանում ներկայացուցչություններ են ստեղծել Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, միջազգային տարբեր ընկերություններ:
Անկախության օրվա միջոցառում, Մայիսի 28, 1920
1920 թ-ի օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրները և Թուրքիան ստորագրել են պայմանագիր, որը հայանպաստ էր: ՀՀ-ի կողմից պայմանագիրն ստորագրել է Ավետիս Ահարոնյանը: Պայմանագրի 88–93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին: Ստեղծված միջազգային նոր իրադրության պայմաններում այս պայմանագիրը կյանքի չի կոչվել, բացի այդ՝ շուտով Թուրքիայում իրավիճակի տեր են դառնում քեմալականները, որոնք չեն ճանաչում ոչ Սևրի պայմանագիրը, ոչ Հայաստանի Հանրապետությունը:
Հայաստանի կառավարությունը փորձել է Ռուսաստանի հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ: Խորհրդարանի փոխնախագահ Լևոն Շանթի գլխավորությամբ հատուկ պատվիրակություն է ուղարկել Մոսկվա: Սակայն քեմալականներն ու Խորհրդային Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտել են հայ-ռուսական պայմանագրի ստորագրումը:
1920 թ. մայիսին Կարմիր բանակը մտել է Ղարաբաղ, հունիսին՝ Զանգեզուր, օգոստոսին՝ Նախիջևան՝ առանց հայկական զինված ուժերի դիմակայության: Օգոստոսի 10-ին Թիֆլիսում կնքվել է հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանը հավանություն էր տալիս այդ գավառների՝ իբրև հայ-ադրբեջանական վիճելի տարածքների, ռուսական ուժերի ժամանակավոր գրավմանը:
1920 թ. օգոստոսի 24-ին Մոսկվայում ստորագրվել է ռուս-թուրքական պայմանագրի նախագիծը, որով Ռուսաստանը ճանաչել է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը՝ Կարս, Արդահան, Բաթում քաղաքները ներառյալ:
1920 թ. սեպտեմբերի 28-ին քեմալական բանակը, Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվել է Հայաստանի վրա: Հայաստանի կառավարությունը երկրում հայտարարել է ռազմական դրություն: Բոլոր կուսակցությունները, բացի բոլշևիկյանից, հանդես են եկել հայրենիքի պաշտպանության կոչով:
Նոյեմբերի 18-ին հայկական կողմը հարկադրված ընդունել է թուրքերի առաջարկած զինադադարը: 1920 թ. նոյեմբերի 24-ին կազմվել է նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, 11-րդ Կարմիր բանակի օգնությամբ, Ադրբեջանից մտել է Իջևան և երկրում հայտարարել խորհրդային իշխանություն:
Սիմոն Վրացյան, ՀՀ 4-րդ (վերջին) վարչապետ
Դեկտեմբերի 2-ին Երևանում ՀՀ-ի և ՌԽՖՍՀ-ի ստորագրած համաձայնագրով Հայաստանը հռչակվել է խորհրդային հանրապետություն, իսկ իշխանությունը ժամանակավորապես, մինչև հեղկոմի ժամանումը Երևան, հանձնվել է զինվորական հրամանատարությանը՝ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ: Դեկտեմբերի 2-ի` լույս 3-ի գիշերը իր գոյությունը դադարեցրած Կառավարության պատվիրակությունն Ալեքսանդրապոլում կնքել է հայ-թուրքական նվաստացուցիչ պայմանագիրը, որով ավարտվել է հայ-թուրքական պատերազմը:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևել է ընդամենը երկուսուկես տարի: Նրան հաջորդել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը` 1991թ: