Շահան Գանտահարյան. Վտանգավոր պահերին պետք չէ բացառել սիրիահայերի տարհանման գործողությունները
Վերջին 7-8 օրերին իրավիճակը Սիրիայում համեմատաբար խաղաղ է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Նա նշեց, որ Սիրիայում ընթանում է երկարատև պատերազմ՝ իր բոլոր ծանր հետևանքներով:
«Բնական է, երբ որ ճգնաժամ է, արտահոսք է լինում: Խնդիրն այն է, որ այդ արտահոսքն ուղղորդվի դեպի Հայաստան, իսկ դրա համար անհրաժեշտ են համապատասխան միջոցներ՝ կենցաղային խնդիրները լուծելու համար»,- ասաց Շահան Գանտահարյանը:
Ըստ նրա, սիրիահայերի շրջանում կա մի խավ, որ գուցե նյութական պատճառներով չի կարողանում դուրս գալ Սիրիայի տարածքից, մի խավ էլ կա, որն ունի հնարավորություն, սակայն չի ուզում դուրս գալ՝ համոզված լինելով, որ խաղաղություն է հաստատվելու:
«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագրի խոսքով, առաջին ուղղությունը, որ բռնում են սիրիահայերը, Բեյրութն է՝ ժամանակավոր կամ մշտական բնակության համար, ինչպես նաև կան մարդիկ, ընտանիքներ, ովքեր կարճ ժամանակով են գնում Բեյրութ՝ մինչև կարողանան գալ Հայաստան:
Շահան Գանտահարյանը նշեց, որ սիրիացիների համար եվրոպական տարբեր երկրներ և Կանդան բավականին թեթևացրել են իրենց երկրներ ժամանելու կարգը. «Սա մտածելու տեղիք է տալիս. այսինքն` այդ պետություններից կողմից տարվում է Մերձավոր Արևելքի ապաքրիստոնեացման քաղաքականություն»:
Ինչ վերաբերում է սիրիահայերի, մասնավորապես հալեպահայերի տարհանմանը, նա ասաց, որ վտանգավոր պահերին պետք չէ բացառել նման գործողությունները:
«Խնդրո առարկա է հավաքական համայնքի անվտանգությունը: Պետք է մշակված լինի համալիր ծրագիր՝ դիվանագիտական, քաղաքական, որպեսզի վտանգավոր պահին տարհանման գործողություններ կազմակերպվեն»,- ասաց Շահան Գանտահարյանը: