Հատուկ սակագներ և բարձր որակ. Խոստումներ «Օրանժ Արմենիա»-ից
«Օրանժ Արմենիա» ընկերության հիմնադիրները խոստանում են Հայաստանում հատուկ սակագներով ու միաժամանակ որակյալ բջջային և ինտերնետ կապի ծառայություններ մատուցել: Այսօր Հայաստանում տրվեց երկրի հեռահաղորդակցության ոլորտի երրորդ օպերատորի` «Օրանժ Արմենիա» ընկերության մեկնարկը:
Այսօրվա ասուլիսում «Օրանժ Արմենիա» ընկերության մարկետինգի բաժնի տնօրեն Արամ Մկրտչյանը տեղեկացրեց, որ տարիքային բոլոր խմբերի համար` և երիտասարդների, և մեծահասակների համար ընկերությունը վաճառքի է հանել սակագնային փաթեթներ:
Մասնավորապես, մեծահասակների համար նախատեսված «Իմ ժամանակը» սակագնային փաթեթի ներսում հնարավոր է հատուկ ցածր սակագնով խոսել երեկոյան ժամերին ու հանգստյան օրերին:
Երիտասարդներին հետաքրքրող «Իմ ընկերներ» սակագնային պլանի ներսում, ըստ Մկրտչյանի, կարելի է մուտք գործել ինտերնետ, սոցիալական ցանցեր ու խոսել ցածր սակագնով:
Ներկայացնելով «Ամեն ամիս» ամսական բաժանորդագրությամբ նոր ծառայությունը, Արամ Մկրտչյանը տեղեկացրեց, որ սա նոր ծառայոթյուն է հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում: «Այն ամբողջ ամսավճարը, որ կվճարեն բաժանորդները, դրանք կկարողանան ծախսել զանգեր կատարելու վրա: Այսինքն, սկզբունքորեն չկա բաժանորդավճար», -ներկայացրեց Մկրտչյանը: Նրա խոսքով, այս ծառայությունն ընդգրկում է նաև կանխավճարային և հետվճարային ծառայությունների բոլոր դրական կողմերը:
«Դուք կարող եք խոսել և ստանալ 1000 և ավելի րոպեներ անվճար րոպեներ «Օրանժ»-ի ներսում, ինչպես նաև բաժանորդագրվելով «Ամեն ամիս» ծառայությանը, բաժանորդները կարող են առավել ցածր գներով ձեռք բերել հեռախոսներ», -նշեց Մկրտչյանը:
Իսկ բջջային հեռախոսներ «Օրանժ Արմենիան» մարդկանց առաջարկում է ձեռք բերել ընկերության խանութներում համեմատաբար ցածր գներով նոյեմբերի 10-ից: Ավելին, նախատեսված է հատուկ հեռախոս, որ կոչվելու է «հոգատար հեռախոս», որը նախատեսված է ծերերի ու հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար: Շուտով նաև ընկերությունը խոստանում է հայաստանցիներին ներկայացնել IPhon-ը:
«Օրանժ Արմենիա»-ում հատուկ գներով որակյալ կապ են խոստանում նաև ինտերնետի ոլորտում: Մասնավորապես, ըստ Արամ Մկրտչյանի «Ինտերնետ հիմա» մոդեմով հնարավորություն է ընձեռվում երկրի այն տարածքում, որտեղ «Օրանժ Արմենիան» ունի ինտերնետ հասանելիության ծածկույթ, ստանալ վայրկյանում 7,2 մբ արագությամբ ինտերնետ:
«Օրանժ Արմենիա»-ի մյուս առաջարկը «Ֆլայբոքս»-ն է, որը նույնպես, ըստ Մկրտչյանի միանգամայն նոր սարքավորում է և հնարավորություն է տալիս օգտվել ինտերնետից տանը ու աշխատավայրում` միացնելով գերարագ ինտերնետին միանգամից 40 համակարգիչ: «Մեր բոլոր ինտերնետային առաջարկները անսահմանափակ ինտերնետ են առաջարկում», հավելեց ընկերության ներկայացուցիչը:
Նախորդող նորություն` Դառնալ մարդկանց սիրելին. «Օրանժ Արմենիան» այսօրվանից սկսում է իր գործունեությունը Հայաստանում