Մեծամորում սթրես-թեստի աշխատանքները կսկսվեն այս ամիս
Հայկական ատոմակայանում սթրես-թեստի անցկացման աշխատանքները կմեկնարկեն այս ամիս: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել է ՀՀ ատոմային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը:
Աղբյուրի համաձայն, Ա. Մարտիրոսյանն ասել է, որ սթրես-թեստերի նպատակը տեխնիկական համակարգերի ստուգումն է և խորացված բազմակողմանի վերլուծության անցկացումը: Նրա տեղեկացմամբ` Ճապոնիայի Ֆուկուսիմա կայանում տեղի ունեցած վթարից հետո աշխարհի բոլոր ԱԷԿ-ները պետք է նման սթրես-թեստեր անցնեն, որոնց ընթացքում հաշվի կառնվեն անգամ ամենաանհավանական արտակարգ իրավիճակների սցենարները:
«Մեր աշխատանքների արդյունքները աշնանը կներկայացվեն Եվրամիությանը, որի անկախ փորձագետների խումբը տարեվերջին կտա իր եզրակացությունը», - հայտնել է Աշոտ Մարտիրոսյանը: Անդամ-երկրների ատոմակայաններում ԵՄ-ն սթրես-թեստերի անցկացումը սկսել է այսօրվանից:
ԵՄ տարածքում գործող բոլոր ատոմակայաններում սթրես-թեստեր անցկացնելու մասին ԵՄ խորհուրդը որոշում կայացրել էր դեռևս այս տարվա մարտին: ԵՄ անդամ-երկրների առաջնորդները միաժամանակ որոշել էին համագործակցության հրավեր ուղարկել ԵՄ կազմի մեջ չմտնող եվրոպական այն երկրներին, որոնց տարածքում առկա են գործող ատոմակայաններ: Խոսքը, մասնավորապես, Հայաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի մասին է: ԵՄ-ն վերջիններիս առաջարկել էր միանալ սթրես-թեստեր անցկացնելու նախաձեռնությանը` ներառյալ դրանց չափորոշիչների մշակման գործընթացը: