Մինչև ապրիլի կեսը թույլատրվում է իրականացնել 200 գայլի որս
Կառավարության որոշման համաձայն՝ այս տարվա փետրվարից մինչև ապրիլի կեսը թույլատրվում է իրականացնել 200 գայլի որս: Յուրաքանչյուր գայլ սպանելու համար կառավարությունը պարգևատրում է 100 հազար դրամով:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը, այս քայլին ստիպված են գնացել, քանի որ սննդի բացակայության պատճառով գայլերը հարձակվում են բնակավայրերի վրա, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում: Բացի այդ՝ ձմեռը գայլերի բեղմնավորման շրջանն է, նրանք շատ ակտիվ են:
Ըստ նրա՝ գայլերը շատ են հատկապես Սյունիքի, Վայոց Ձորի, Արագածոտնի մարզերում, և անցած տարի գայլերը հոշոտել են 300-400 ոչխար, ինչը մեծ թիվ է գյուղացիների համար: Նշվեց նաև, որ գայլերի հարձակումներից տուժում են նաև Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծն ու հայկական մուֆլոնը:
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը գայլերի դեմ պայքարի նման ձևը բարբարոսություն է համարում: Նա առաջարկում է գյուղական տնտեսություններին տրամադրել գայլախեղդ շներ, որոնք կպայքարեն գայլերի դեմ:
Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանի կարծիքով՝ գայլերը շատ և քիչ չեն լինում, այլ լինում են այնքան, որքան պետք է: Ըստ նրա, թեև կենդանաբանության ինստիտուտը տվել է իր համաձայնությունը գայլերի որսի համար, սակայն, Մ. Ղասաբյանը կարծում է, որ հարցը սխալ է կազմակերպվել:
Մ.Ղասաբյանը նաև չհամաձայնեց բնապահպանության ներկայացուցչի այն դիտարկմանը, թե գայլերի հարձակումից տուժում են հայկական մուֆլոնն ու բեզոարյան այծը: Ըստ նրա՝ գայլը չի կարող ազդել բեզոարյան այծի և հայկական մուֆլոնի քանակի վրա, քանի որ նրանց միջավայրերը տարբեր են, իսկ այդ կենդանիների քանակի նվազման պատճառը, Մ.Ղասաբյանի խոսքերով, անօրինական որսն է: