«Արմավիան» մարել է «Ռոսավիացիայի» պարտքը
Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիան» ամբողջությամբ մարել է ռուսական «Ռոսավիացիա» ընկերությանը դեռևս դեկտեմբեր ամսից աէրոնավիգացիոն ծառայությունների դիմաց կուտակված պարտքը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հայտնել է «Ռոսավիացիա»-ի տնօրեն Ալեքսանդր Ներադկոն, նշելով, թե պարտքի գումարը կազմել է 178 հազար դոլար:
«Ռոսավիացիա»-ի տնօրենն հայտնել է, թե այսուհետ Արմավիան կշարունակի իր թռիչքները Ռուսաստանի տարածքում:
Հիշեցնենք, սույն թվականի մարտի 6-ին «Ռոսավիացիա»-ն արգելել էր «Արմավիա» ընկերությանը թռիչքներ իրականացնել Ռուսաստան կուտակված պարտքի պատճառով: Նույն օրը հայկական փոխադրողը երաշխիքային նամակ էր ուղարկել ռուսական ընկերությանը, որում պարտավորվել էր վճարել ծառայության դիմաց 178 հազար դոլար պարտքը մինչ մարտի 20-ը:
Նույն ժամանակահատվածում «Արմավիա» ընկերությունը սակագնային տարաձայնությունների մեջ էր հայտնվել նաև «Զվարթնոց» օդանավակայանի հետ:
Մարտի 6-ին «Արմավիա» ավիաընկերությունը ժամը 06.45-ից դադարեցրել էր Երևան-Մոսկվա և Երևան-Ռոստով չվերթների սպասարկումը` հայտարարելով, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է «Զվարթնոց» օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագների պատճառով: «Զվարթնոց»-ից էլ պարզաբանել էին, որ դա ոչ մի կապ չունի իրենց գնային քաղաքականության հետ: Մարտի 15-ին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը և «Արմավիա» ընկերությունը նոր համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի, մինչև սեպտեմբեր ընկած ժամանակատվածում «Արմավիան» մաս-մաս կմարի «Զվարթնոց»-ին ունեցած 5 մլն 300 հազար դոլար պարտքը: Համաձայնություն էր ձեռք բերվել նաև նաև նոր սակագների մասին, որոնք գործելու են ապրիլից:
Նախորդող նորությունը` «Զվարթնոց»-ն ու «Արմավիա»-ն կրկին համաձայնության եկան. Փոխադրողը եթե չկատարի պայամանավորվածությունը, «Զվարթնոց»-ը դատարան կդիմի