«Նատալի ֆարմը» տուգանվեց 50 միլիոն դրամի չափով
ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովն այսօրվա նիստում ամփոփեց դեղերի գծով պետական գնումների ոլորտում իրականացված վարչական վարույթի արդյունքները: Այսպիսով, դեղերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող խոշորագույն ընկերությունը`«Նատալի ֆարմը» տուգանվեց 50 միլիոն դրամի չափով:
Հիշեցնենք, որ Հանձնաժողովը ստացել էր դիմում բողոք` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավորներ Ա. Բախշյանից և Ս. Սաֆարյանից այն մասին, որ դեղերի գծով պետական գնումների ոլորտում հակամրցակցային գործողություններ են իրականացվում, որոնց արդյունքում դեղերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Սզնի» ընկերության համար շուկայում ստեղծվում են մուտքի խոչընդոտներ:
Բողոքի հիման վրա ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ էր հարուցել և վարույթի ընթացքում կատարված լայնածավալ ուսումնասիրության ընթացքում պարզել, որ դեղերի իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ և բուժհաստատություններ, խախտելով պետական գնումների ընթացակարգերը, իսկապես իրականացրել են հակակրցակցային գործողություններ:
Մասնավորապես, Հանձնաժողովի կողմից բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ բուժհաստատությունները ընդհանրապես մրցույթներ չեն հայտարարել այն դեպքում, երբ դա օրենքի պարտադիր պահանջն է: Մի շարք դեպքերում էլ կազմակերպված մրցույթները կրել են ձևական բնույթ: ՏՄՊՊՀ ուսումնասիրություններով հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ դեղերի առքուվաճառքով զբաղվող ընկերությունը մրցույթից հետո բուժհաստատություներին կատարել է նվիրատավություն, ինչի արդյունքում խաթարվել է մրցութային գործընթացը և մրցույթը հայտարարող բուժհաստատությունը, գնման պահանջի վերացման պատճառաբանությամբ պայմանագիր չի կնքել մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ:
Ամփոփոլով վարչական վարույթի արդյունքները, Հանձնաժողովը հետևյալ 7 տնտեսվարողներին` «Նատալի ֆարմ», «Եվրոֆարմ» , «Ռուսֆարմ», «Ամիկուս», «Էգդանի», «Մեգի Էլ», «Կամելիա», «Անիկոֆարմ» և Ա/Ձ Հրանտ Գևորգյան և շուրջ երեք տասնյակ բուժհաստատություների գործողություները ճանաչեց որպես հակամրցակցային: Այս բուժհաստատություններն են`Երևանի թիվ 20 պոլիկլինիկա, Երևանի թիվ 19 պոլիկլինիկա, Սևանի հիվանդանոց, Տաշիրի բժշկական կենտրոն, Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա, Գուգարքի կենտրոնական պոլիկլինիկա, Սպիտակի բժշկական կենտրոն, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա, Ստեփանավանի բժշկական կենտրոն, Երևանի թիվ 22 պոլիկլինիկա, Չարենցավանի բժշկական կենտրոն, Վեդու ծննդատուն, Հրազդանի բժշկական կենտրոն, Երևանի թիվ 4 պոլիկլինիկա, Վեդու բժշկական կենտրոն, Աբովյանի ծննդատուն, Դիլիջանի բժշկական կենտրոն, Իջևանի առողջության կենտրոն, Մեծամորի բժշկական կենտրոն, Վաղարշապատի հիվանդանոց, Երևանի թիվ 5 պոլիկլինիկա, Նոյեմբերյանի հիվանդանոց, Մարտունու ծննդատուն, Աբովյանի բժշկական կենտրոն, Արարատի հիվանդանոց, Մարտունու բժշկական կենտրոն, Քաջարանի բժշկական կենտրոն, Արմավիրի բժշկական կենտրոն:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքերով` քանի որ Հանձնաժողովը այս ոլորտում առաջին անգամ էր նման ուսումնասիրություն իրականացնում և հաշվի առնելով, որ բացի «Նատալի ֆարմից» մնացած բոլոր ընկերությունները ունեն անհամեմատ փոքր ծավալներ և շատերը տեղեկացված չեն ոլորտի օրենսդրական պահանջներից, ՏՄՊՊՀ նիստում որոշվեց խիստ նախազգուշացում հայտարարել նրանց նկատմամբ, քանի որ վերջիններն իրենց վարքագծով սահմանափակել են մրցակցությունը և բարենպաստ պայմաներ են ստեղծել տնտեսվարողների հակամրցակցային գործողությունների համար: «Մենք պարտադրել ենք վերջիններին այսուհետ ձեռնպահ մնալ նման վարքագծի դրսևորումից, կատարել օրենքի պահանջը` դեղորայքի և բուժական պարագաների ձեռքբերումն իրականացնելով բացառապես մրցույթով»,- ասաց Ա.Շաբոյանը:
Ինչ վերաբերում է «Նատալի ֆարմ»-ին, ապա այն, ըստ Ա.Շաբոյանի, դեղերի ներկրման և իրացման ոլորտի ամենախոշոր ընկերությունն է և այս շուկայում զբաղեցնում է գերիշխող դիրք: Ընկերությանը, բացի 50 միլիոն դրամի չափով տուգանքից, պարտադրվել է հետագայում բացառել նման վարքագիծը:
ՏՄՊՊՀ նախագահի խոսքերով` այս ոլորտում գործող որոշ տնտեսվարողներն իրենց գոհունակությունն են հայտնել Հանձնաժողովին`տեղեկացնելով, որ առկա խնդիրները մեծ չափով կարգավորվել են. բուժհաստատություններն արդեն իսկ օրենքով սահմանված կարգով մրցույթներ են անցկացնում, իսկ տնտեսվարողներն էլ պատշաճ ձևով մասնակցում են մրցույթներին:
Ա. Շաբոյանը կոչ արեց բոլոր տնտեսվարողներին հետևել «Սզնի» ընկերության օրինակին և մրցակցային խնդիրների առնչվելիս` տեղեկացնել Հանձնաժողովին: Նա նաև նշեց, որ հրապարակային անցկացվող նիստերի նպատակը ևս այն է, որ թե տնտեսվարողները և թե շարքային քաղաքացիները տեղեկացված լինեն ինչպես իրենց իրավունքների, այնպես էլ Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ և չհապաղեն դիմել ՏՄՊՊՀ-ին` վստահ լինելով, որ իրենց դիմումն անմիջապես ընթացք կստանա: «Պետք է նաև նշեմ, որ պետական գնումների ոլորտում կատարված ուսումնասիրություններն այսքանով չեն սահմանափակվում, դրանք շարունակվում են և առաջիկայում կլինեն նոր բացահայտումներ»,- ասաց նա:
Ի դեպ ՏՄՊՊՀ նախագահը տեղեկացրեց, որ նշված բուժհաստատությունները հանդիսանում են պետական բժշկական հիմնարկներ են և նրանց վարքագիծը բացի մրցակցության սահմանափակումից հանգեցրել է նաև պետական բյուջեի միջոցների անարդյունավետ օգտագործման: Հաշվի առնելով վերոնշյալը, Հանձնաժողովի որոշմամբ նրանց գործերը կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ Վերահսկիչ պալատ և ՀՀ ֆինանսների նախարարություն:
Բացի այդ, ըստ Ա.Շաբոյանի, «Պետական գնումների մասին» օրենքում առկա սողանցքները փակելու և այս ոլորտի օրենսդրությունը բարելավելու նպատակով, Հանձնաժողովը մի շարք օրենսդրական առաջարկներ է մշակել, որոնք կուղարկվեն ՀՀ ֆինանսների նախարարություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան