Ցորեն. Ոչ թե վատ, այլ` ոչ մի բերք
«Այն, որ էլիտար ցորենը գլխացավանք է դարձել գյուղնախարարության գլխին` հաստատ է: Արդեն քչերին կարելի է համոզել, որ ցորենը կարճացողուն է, քանի որ գյուղացիները ճիշտ ու ժամանակին չեն ցանել, դե եղանակային պայմաններն էլ արտասովոր էին...»: Առանց խմբագրական միջամտության ներկայացնում ենք Aysor.am-ի անդրադարձը խնդրի վերաբերյալ `«Ցորեն. Ոչ թե վատ, այլ` ոչ մի բերք» :
Մի ցորենի պատմություն
«Անցած տարի գյուղում ցորեն էին բերել, բաժանում էին ժողովրդին, ես էլ վերցրեցի, որ հնձելու ժամանակ վերադարձնեմ, ցանել եմ 4 հազար մետրի վրա, հիմա արդեն հնձելու ժամանակն է. Ո’չ հնձելու եմ, ո’չ էլ բերք կունենամ»,- ասում է Արարատի մարզի բնակիչ Վազգենը` անօգնական նայելով պարապ արտին. Ո’չ զարմանում է, ո’չ զայրանում. Համակերպվել է:
Վազգենն օգտվել է կառավարության «Ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի» շրջանակներում մարզերին տրամադրված ցորենից, որն այս տարի բուսնել է` մեր աչքին սովոր ցորենի մեկ երրորդի չափով` կարճացողուն է:
«Չեմ քաղելու ցորենը, ոչ մի կոմբայնավար չի համաձայնում քաղել, ասում են` կոմբայնի դանակը պիտի իջեցնեն, հետո քաղեն, իսկ որ իջեցրեցին, դե դաշտ է, դանակը կվնասվի, կխփի քարին, իսկ որ վնասվեց, մասեր չկան` սարքեն, եթե գտնեն էլ, եսիմ ինչ գներ են, էնպես որ` չեմ քաղելու: Վարելու եմ ցորենիս դաշտը, տեսնեմ` ինչ կցանեմ»,- դանդաղ բառերն է ծոր տալիս գյուցացին, ում խոսքերն ավելի երկար են, քան ցորենի հասկերը:
Վերադարձնելո՞ւ ես ցորենը` մեկը երկուսի դիմաց, հարցիս, արդեն զարմացավ. «Չէ, ի՞նչ վերադարձնել, վերցրել եմ 150 կգ սերմացու, պիտի վերադարձնեմ 160 դրամով, այսինքն 24 հազար դրամ պիտի մուծեմ»: Մուծելո՞ւ ես, կամուկացի մեջ է. «Դե տեսնենք` մյուսներն ինչ կասեն. ով էդ ցորենից վերցրել է, կարճ ցորեն է դուրս եկել»:
Վազգենը հիշեց, որ ի սկզբանե սերմացուի որակն իրեն դուր չի եկել, բայց դե ասել են` էլիտար է, վերցրել է:
Պաշտոնական
2011թ.-ի սեպտեմբերին ՌԴ Ստավրոպոլի մարզից Հայաստան է ներկրվել 1100 տոննա բարձրորակ «էլիտա» ցորենի սերմնացու:
Սերմնացուի բեռնաթափմանը ներկա է եղել անձամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով տեղում լսել է գյուղատնտեսության պատասխանատուների ու շահառուների մասնագիտական կարծիքը ցորենի որակի մասին:
Գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչները վարչապետին հավաստիացրել են, որ նախորդ տարի ներկրված 950 տոննա ցորենի սերմնացուից ստացվել է 220.000 տոննա ցորեն:
2010 թվականին հանրապետության տնտեսավարողներին պայմանագրային հիմունքներով տրամադրվել է 950 տոննա, իսկ 2011թ.-ին` 1100 տոննա էլիտային վերարտադրության նույն 7 սորտերի սերմացուներ:
Գյուղնախարարության պարզաբանումը
Այն, որ էլիտար ցորենը գլխացավանք է դարձել գյուղնախարարության գլխին` հաստատ է: Արդեն քչերին կարելի է համոզել, որ ցորենը կարճացողուն է, քանի որ գյուղացիները ճիշտ ու ժամանակին չեն ցանել, դե եղանակային պայմաններն էլ արտասովոր էին. Ձմռանը ձյուն չեկավ, ցորենն էլ ցուրտը տարավ. այսպես:
Տարբեր մարզերից կարճացողուն ցորենի վերաբերյալ ահազանգերը երևի գյուղնախարարության պաշտոնյաներին քիչ-քիչ կհամոզեն, որ այս պարագայում ոչ թե խնդիր ունենք եղանակային պայմանների, սխալ ցանքսի, այլ անորակ սերամնացուի հետ:
Կանխատեսումներին, որ վատագույն դեպքում ցորենի կորուստը կլինի մինչև 40 տոկոս կամ լավագույն դեպքում` «Հանրապետությունում 2012 թվականին արտադրվող հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքի վրա այդ երևույթները լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ և կանխատեսվող համախառն բերքը կգերազանցի նախորդ տարվա մակարդակը», երևի միայն գյուղնախարարության պաշտոնյաներն են հավատում:
Ինչ-որ բերք ունենալու համար գյուղացիները պետք է անցնեն պապական մեթոդին` մանգաղով քաղեն, որ գոնե կարողանան վճարել չարաբաստիկ սերմնացուի դիմաց:
Դժվար է պատկերացնել, որ կգտնվեն խիզախներ, ովքեր կկարողանան մանգաղով հնձել հազար մետրից մինչև հեկտարների հասնող ցորենի կարճացողուն դաշտերը. կհանդգնեն միայն անհույսները, ովքեր գումար չեն ունենա կառավարական փորձանքից այլ ճանապարհով ազատվելու համար: Երևի թե ժամանակն է ճշմարտության աչքերին նայել և փնտրել այն պաշտոնյային, ում մեղքով գյուղնախարարության մեծ հույսեր ներշնչող «Ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի» ձախողվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին