2013-ի բյուջեն սողալու բյուջե է. «Բարգավաճ Հայաստանը» դեմ կքվեարկի բյուջեի նախագծին
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկ շաբաթից ավելի 2013-ի բյուջեի նախագծի քննարկումները ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին ցույց են տվել, որ հաջորդ տարվա բյուջեն ժողովրդի կենսամակարդակի բարձրացման խնդիր չի լուծելու:
«Ողջ քննարկումների ընթացքում պատգամավորների հարցերին, թե արդյո՞ք Հայաստանի քաղաքացին 2013-ին լա՞վ է ապրելու, հետևեց բնական պատասխան` ոչ ապրելու է ավելի լավ: Իհարկե, մեկ մխիթարիչ հետգրությամբ` ապրելու է վատ, բայց անցնցում: Այսինքն, վատը լինելու առանց կոմատոզ ցնցումների ատրիբուտների», -Ազգային ժողովում ներկայացնելով բյուջե 2013-ի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը, հայտարարեց ԲՀ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը եզրակացրել է` աղքատության դեմ հռչակված «սրբազան պատերազմը հերթական անգամ մնալու է բարոյական պատերազմների տիրույթներում»:
Նա տարօրինակ համարեց Հայաստանում ներդրումային իրավիճակի բարելավման մասին հայտարարությունները, այն դեպքում, երբ ներդրումների տոկոսը «հսկայական անկում է ապրում»: «Շատ տարօրինակ ներդրողներ են բաժին ընկնում Հայաստանի Հանրապետությանը: Չե՞ն ուզում այդ ներդրողները այսքան բարելավված ներդրումային միջավայրում կատարել ներդրումներ», -նկատեց ԲՀ խմբակցության պատգամավորը:
Անդրադառնալով նվազագույն աշխատավարձի խնդրին, որը հաջորդ տարի նախատեսվում է բարձրացնել 2500 դրամով, նա նկատեց, որ կառավարությունը, պատասխանելով պատգամավորներին, ասում էր, որ հնարավոր չէ բարձրացնել այդ գումարը: Մինչդեռ Նաիրա Զոհրաբյանի համար կառավարության «նվազագույն արժանապատիվ աշխատավարձ» սահմանել չկարողանալը անհասկանալի է. «Այդ ինչպե՞ս է հնարավոր միլիոնավոր դոլարների լեկցիաներ կարդալ կարտոֆիլի բերքատվությունը լավացնելու կամ վատացնելու մասին ու այդպես էլ չհասկանալ` որտեղից գտնել այն միջոցները, որը նվազագույն աշխատավարձը կդարձներ նվազագույն արժանապատիվ աշխատավարձ: Ի դեպ, այդ լեկցիաներից հետո դրանց հեղինակներն արժանացել են հազարամյակի դասախոսներ պատվավոր կոչմանը»:
Զոհրաբյանի խոսքով, ամենամեծ երևակայության դեպքում այս բյուջեն հնարավոր չէ որակել գոյատևման բյուջե: «Սա սողալու բյուջե է, այսինքն այս բյուջեով ՀՀ քաղաքացին կարող է լավագույն դեպքում սողալ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ բարձր է գնահատում ՀՀ քաղաքացու արժանապատվությունը, և մենք կողմ չենք քվեարկելու մի բյուջեի, որը ստիպելու է ՀՀ քաղաքացուն սողալ, որի արդյունքում մեծանալու է արտագաղթը », -հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը` շեշտելով, որ իրենք դեմ կքվեարկեն հաջորդ տարվա բյուջեի նախագծին: