«Արմավիա». Ինչո՞ւ սնանկացավ, ի՞նչ պետք է անել
Հայաստանի ավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը մենաշնորհի հետևանք է: Նման կարծիք հայտնեց ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը «Մեդիա» կենտրոնում ընթացող քննարկում-ասուլիսի ժամանակ` խոսելով «Արմավիայի սնանկացման հիմնապատճառները և հետևանքները ազգային անվտանգության համատեքստում» թեմայով:
Նա նկատեց, որ ոլորտում մինչ 98 թվականը բարեփոխումներ էին իրականացվում` մրցակցությանը նպաստելու համար, իսկ 98 թվականից հետո ամեն ինչ գնաց հակառակ ուղղությամբ, թե օդանավակայանի, թե ավիափոխադրողի դեպքում գործում է մենաշնորհը: Շահեն Պետրոսյանի գնահատմամբ, «Արմավիա»-ի պարագայում մենեջմենթը ևս մեղավոր է:
Քննարկման մյուս բանախոս Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը նկատեց, որ կան մարդիկ, ովքեր բարոյական իրավունք չունեն սխալների մասին խոսել, քանի որ ոլորտի քանդման հիմքը դրել են նրանք:
«Շատ կուզենայի, որ բոլոր լրագրողներն ու մարդիկ իմանան այդ փաստը, դա Մարսում չի եղել, մենք լավ հիշում ենք, ինչ վիճակում էր ավիացիան, թե ինչ «բարեփոխումներ» էին կատարվել այն ժամանակ, դա այն սկիզբն էր անկման, որը ուղղակի երկարեց ու բերեց այսօրվան»,-ասաց Մուրադյանը` նկատի ունենալով ՔԱԳՎ նախկին պետ Պետրոսյանին:
Վերջինս նկատեց, թե եկել են այստեղ խոսելու խնդրի էության, անելիքների մասին:
Մուրադյանն ասաց` համաձայն է, որ պետությունը ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում չպետք է մենաշնորհների առկայությունը թույլ տա, այս առումով նա կարևորում է «Օդային» օրենսգրքի մշակումն ու ընդունումը, որով կկարգավորվեն ոլորտում գործող բոլոր տնտեսվարողների միջև հարաբերությունները:
«Երբ խոսում ենք կոնկրետ «Արմավիա»-ի մասին, երբ ասում եք, միտումնավոր է գնում սնանակացման, երբ մեկ տարի առաջ «Արմավիա»-ն լուրջ խնդիրներ ուներ, դիմեց կառավարությանը, Հանրային խորհրդին, փաստորեն մեկ տարի հետո ունենք այդ գործընթացը»,-ասաց Մուրադյանը, կարծիք հայտնելով, որ միտումնավոր սնանկացում չկա:
Կառավարման փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը չբացառեց, որ «Արմավիա»-ի սնանկացումը կարող է լինել կանխամտածված:
Նա այն կարծիքին է, ռազմավարական քաղաքականություն Հայաստանում 1991-ից չկա, մինչդեռ պետք է հասկանալ, որ կիսապատերազմական վիճակում գտնվող պետության համար ռազմավարական օբյեկտները կարևորագույն նշանակություն ունեն և պետք է լինեն պետության վերահսկողության ներքո: Նրա խոսքով, կամ պետք է ոլորտը լինի պետության ձեռքին, «ընդ որում շատ շուկայական պետություններ լավ էլ դա օգտագործում են», կամ պետությունը պետք է 26 տոկոս և ավելի բաժնեմաս ունենա, կամ էլ պետք է ոլորտը իրավական բոլոր ակտերով կարգավորվի պետության կողմից: «Երեքն էլ ընդունելի են, երեքն էլ ցույց են տալիս, որ պետությունն ունի ռազմավարություն»,-նկատեց նա:
Մեսրոբյանի գնահատմամբ, իրենց հարգող պետություններն ունեն ռազմավարություն, մենք պետք է մեզ սիրենք:
«Պետությունը երկու կարևորագույն խնդիր ունի` անվտանգությունը և զարգացումը: Այս երկուսն էլ ռազմավարություն է: Շուկան ոչինչ չի կարգավորի, կարգավորողը պետությունն է, շուկան ուղղակի դասավորողն է պետության կարգավորման ներքո»,-ասաց Մեսրոբյանը:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակում պետության անելիքներին, փորձագետը կարծիք հայտնեց, որ պետք է շատ արագ պրոֆեսիոնալ աուդիտորներն առավելագույնը մեկ ամսվա ընթացքում ոլորտը ամբողջությամբ ջրի երես հանեն, պետք է միացնել արտաքին կառավարում, որը օրենքով պետք է պաշտպանված լինի, ինչպես արվում է բանկային համակարգում, ապա այդ արտաքին ադմինիստրացիան երեք ամսվա ընթացքում պետք է մատնանշի, թե իր կողմից մատնանաշված երեք ճանապարհներից որով է գնալու:
Շ. Պետրոսյանն այն համոզման է, որ պետք է լինի երկու ավիափոխադրող, ցանկալի է , որ մեկը լինի պետության մասնակցությամբ ընկերություն: «50-100 մլն դոլարով կարելի է շատ լավ ընկերություն ստեղծել»,-ասաց Պետրոսյանն ու մատնանշեց երկորդ տարբերակը. «Եթե ցանկացողներ կլինեն, որոնք կցանկանան միավորվել ու գումար ներդնել այդ գործի մեջ, ապա պետք է բացել նաև երկրորդը»:
Նախորդող հրապարակումներ`
«Արմավիան»` օդից կախ
Իզաբելա Մուրադյան. «Արմավիա»-ի սնանկացումը ոլորտի չկարգավորված լինելու հետևանք է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները