Տիգրան Սարգսյան. «Պարոն Բագրատյանի առաջարկությունները համահունչ են կառավարության քաղաքականությանը»
ՀՀ կառավարությունը դեմ արտահայտվեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ինչպես կատավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը, իրականում կառավարությունը կողմ է հանքարդյունաբերության ոլորտն օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների մուտքի սահմանափակմանը, այդուհանդերձ, կարծում են, որ այս օրենքի նախագիծը չունի այն իրավական կառուցվածքը և տեխնիկան, որպեսզի հնարավորություն տա այդ սահմանափակումները իրականացնել: «Դրա փոխարեն մենք ԱԺ կներկայացնենք այլ օրինագծեր, որոնք ավելի մանրամասն կլուծեն առկա բացերը: Դեմ ենք պարոն Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությանը՝ միաժամանակ ամբողջովին համաձայնելով դրա ոգուն»,- նշեց Վ. Գաբրիելյանը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ Կառավարությունն այն տեսակետին է, որ խստագույն վերահսկողության ներքո գտնվեն օֆշորային ձեռնարկությունները, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանում, որոնք զբաղվում են Հայաստանից ապրանքների արտահանմամբ և իրացմամբ, քանի որ լրջագույն ռիսկեր են տեսնում: «Այդ ընկերությունների նպատակն է խուսափել Հայաստանի առջև ունեցած իրենց ֆինանսական պարտականություններից և պարտավորություններից: Այդ տեսակետից, պարոն Բագրատյանի առաջարկությունները համահունչ են այն քաղաքականությանը, որ մենք պետք է իրականացնենք: Եւ Վաչե Գաբրիելյանի տեսակետները հիմք են ստեղծում, որպեսզի մենք կարողանանք պարոն Բագրատյանի հետ առավել արդյունավետ օրենքներ մշակել, որպեսզի այդ վերահսկողությունը կարողանանք պատշաճ ձևով իրականացնել: Սա է մեր քաղաքական դիրքորոշումը այս նախաձեռնության վերաբերյալ»,- նշեց Տ. Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա