Գյուղացին դժգոհ է կաթի մթերման գնից
Օրերս կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները թանկացրեցին արտադրանքը` պատճառաբանելով, որ կաթի մթերման գինը բարձրացել է: Մինչդեռ Լոռու մարզում գյուղացիները բողոքում են մթերման ցածր գներից:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ հանդիպմանը Ապավեն համայնքում բնակիչները բողոքել են հիմնականում կաթի ցածր ինքնարժեքից:
Լոռու մարզպետը Panorama.am-ին հայտնեց, որ գյուղացիներից կաթը մթերում են մեկ լիտրը` 130 դրամով: Նախորդ տարվա համեմատ կաթը թանկացել է 30-40 դրամով:
Նալբանդյանի խոսքով, եթե գյուղացին կաթը բերում է մարզկենտրոն Վանաձոր, ապա այն կարող է մթերման հանձնել 150-160 դրամով:
«Եթե մթերողը ինքն է գնում հասնում գյուղ, որի ճանապարհներն այնքան էլ լավ չեն, բնականաբար ճանապարհածախսը հանում է, ըստ երևույթին իրենք հաշվարկ են կատարում, ստացվում է 130 դրամ»,-ասաց մարզպետը:
Գյուղացիների դժգոհությունից հետո մարզպետարանը պատրաստվո՞ւմ է ինչ-ինչ քայլեր ձեռնարկել:
«Ապավենի ճանապարհները շատ վատն են: Եթե գյուղացին տանի Վանաձոր, իհարկե, գնի բարձրացում հնարավոր է: Բայց դա դժվար է»,-ասաց մարզպետը:
Նալբանդյանի խոսքով, կաթի գնի արհեստական բարձրացումը սխալ է:
«Դա շուկան է որոշում, մենք չէ, որ պետք է ասենք, որ կաթի գինը դարձրեք 150 դրամ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ հանգստյան օրերին տեղի է ունեցել կաթնամթերքի գների բարձացում՝ 20-25 դրամի չափով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են