ՔԱԳՎ. Ակնկալվում է, որ մրցույթը կհայտարարվի հաջորդ շաբաթ
Հայկական ավիափոխադրողների համար նախատեսված մրցույթը դեռ չի հայտարարվել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
Նրա խոսքով, այս պահին ՔԱԳՎ-ում սպասում են կառավարության կողմից Հայաստանյան օդուղիների շահագործման թույլտվությունների մրցույթի հայեցակարգի վերջնական տարբերակի հաստատմանը: Դրանից հետո հայեցակարգը կուղարկվի արդարադատության նախարարություն, դրական եզրակացություն ստանալու դեպքում կհայտարարվի մրցույթը:
ՔԱԳՎ ներկայացուցչի խոսքով, ակնկալվում է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում մրցույթը կհայտարարվի:
«Մրցույթի հայտարարության մասին տեղեկատվություն կտեղադրվի ՔԱԳՎ պաշտոնական էջում, կտարածվի լրատվամիջոցներին: Կներկայացվեն մրցույթի պահանջները, որ ընկերությունները կհամապատասխանեն չափանիշներին, կմասնակցեն»,-ասաց Չերչինյանը:
Նրա խոսքով, մրցույթը հայտարարելու պահից մեկ ամսվա ընթացքում արդեն կընտրվեն երեք ավիաընկերություններ:
Հիշեցնենք, որ կառավարության հունիսի 6-ի նիստում է հաստատվեց օդային փոխադրումների բնագավառի փուլային ազատականացման ռազմավարությունը: Նախատեսվում է 3 ուղղություններով մրցույթ անցկացնել, և հնարավորություն տալ 3 տեղական ավիաընկերությունների՝ չվերթներ իրականացնել որոշակի ուղղություններով:
Նույն օրը լրագրողների հետ ճեպազրույցում ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսիսյանը հայտարարեց, որ Հայաստանում այսօր կան ավիափոխադրողներ, որոնք փորձառություն, լավ մենեջմենթ ունեն և կարող են մասնակցել մրցույթին: «Համոզված եմ, որ նրանք ավելի լավ ծառայություններ կարող են մատուցել քաղաքացիներին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 29-ին ազգային ավիափոխադրող համարվող «Արմավիա» ավիաընկերությունն իրեն սնանկ հայտարարեց ու դադարեցրեց թռիչքները: Մինչ այս պահը ընկերությունը սնանկ ճանաչվելու հայցով դատարան չի դիմել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում