Կաթնամթերք, ձեթ, սուրճ, կոսմետիկա` սպասվում է չհիմնավորված գնաճ
ՀՀ կառավարության հունվարի 23-ի նիստի հաստատմանն է ներկայացվել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է ընդլայնել դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը:
Մասնավորապես, առաջարկվում է վերոնշյալ ցանկում ներառել լայն սպառման նշանակություն ունեցող հետևյալ ապրանքախմբերը. կաթնամթերք, հատիկավոր և աղացած սուրճ ու թեյ (այդ թվում դրանցից պատրաստված պատրաստի արտադրանք), արևածաղկի, սոյայի, գետնանուշի, եգիպտացորենի, ձիթապտղի ձեթ, բուսական և կենդանական պահածոներ, քացախ, պաղպաղակ, կոսմետիկա, մազերի խնամքի միջոցներ, օճառ:
Հիշեցնենք, որ 2013թ-ից դրոշմավորման ենթակա են բնական կամ արհեստական հանքային, գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման և այլ ոչ ալկոհոլային խմիչքները, գարեջուրը, մինչև 9 տոկոս սպիրտայնությամբ խմիչքները` ներառյալ ալկոհոլային կոկտեյլները, մրգահյութերը և բանջարեղենի հյութերը, չխմորված և սպիրտ չավելացված հյութը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գարեջրի, զովացուցիչ ըմպելիքների և ջրերի մասով դրոշմապիտակներով հաշվառման համակարգի ներդրումը նպաստել է այդ ապրանքատեսակների արտադրության և իրացման շրջանառության իրական ծավալների բացահայտմանը, ստվերի կրճատմանը, հետևաբար նաև պետական բյուջեի եկամուտների աճին:
Panorama.am-ը ՀՀ ֆինանսների նախարարությունից փորձեց ճշտել, թե իրական ծավալների բացահայտման, ստվերի կրճատման, ինչպես նաև պետբյուջեի եկամուտների աճի վերաբերյալ ունե՞ն որևէ վերլուծություն և վիճակագրական տեղեկատվություն:
Ֆինանսների նախարարությունից հայտնեցին, որ, մասնավորապես 2013 թվականի 3-րդ եռամսյակում 2012 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ գարեջրի արտադրության քանակն ավելացել է 4.9 մլն. լիտրով կամ 232.3 տոկոսով, բնական հյութերի և ըմպելիքների (զովացուցիչ և հանքային) արտադրության քանակը՝ 2.1 մլն. լիտրով կամ 162.1 տոկոսով: Միաժամանակ, նշված ապրանքներ արտադրողներից և ներմուծողներից հարկային մուտքերը 2013 թվականի 3-րդ եռամսյակում 2-րդ եռամսյակի նկատմամբ աճել են 1065.0 մլն. դրամով կամ 145 տոկոսով:
Այդուհանդերձ, պետք է նկատել, որ 2013թ-ի հուլիսի 1-ից գործածության մեջ մտած դրոշմակնիքների հետևանքով 10-15 դրամով թանկացել են հանքային և բնական ջրերի, հյութերի և գարեջրի գները։
Ի դեպ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի նախագծի գործարար և ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացրել է նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունումը, դրա կիրարկումը գործարար և ներդրումային միջավայրի վրա կունենա ոչ զգալի բացասական ազդեցություն:
Ըստ էկոնոմիկայի նախարարության` նախագծով նախատեսվող ՀՀ-ի տարածքում արտադրված կամ ներմուծված շշալցված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկի ընդլայնումը կհանգեցնի լրացուցիչ ֆինանսական ծախսերի և վարչարարության ավելացման տվյալ ապրանքատեսակներ ներմուծող և արտադրող տնտեսավարող սուբյեկտների համար:
«Արդյունքում, այն կարող է հանգեցնել վերոնշյալ ապրանքների չհիմնավորված գնաճին»,- նշված է էկոնոմիկայի նախարարության հիմնավորման մեջ:
Նշենք, որ ԱԺ-ի կողմից ընդունվելու դեպքում օրենքը ուժի մեջ կմտնի 2014 թվականի ապրիլի 1-ից:
Նախորդող` Արմեն Ալավերդյան. Պիտակավորումը ապրանքի գնի վրա որևէ ազդեցություն չի ունենում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները