ԵՄ-ն ընդլայնելու է բազմակողմ ռազմավարական կապերը Չինաստանի հետ
ԵՄ-ն պատրաստ է ամրապնդել Չինաստանի հետ բազմակողմ ռազմավարական կապերը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Բրյուսելում` ընդունելով Չինաստանի պետական խորհրդի անդամ Յան Ձիեչիին:
Եվրոպական խորհրդի նախագահը բարձր է գնահատել Չինաստանի դերը միջազգային հարաբերություններում: Յան Ձիեչին էլ իր հերթին ընդգծել է, որ այժմ եվրոպա-չինական բազմակողմ ռազմավարական կապերի ամրապնդման համար լավ տենդենցներ են նկատվում և Պեկինը հանդես է գալիս Եվրոպայի ինտեգրացիայի ու նրա տնտեսության ամրապնդման օգտին:
Յան Ձիեչին Բրյուսելում հանդիպել է նաև Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: Երկկողմ հանդիպման ընթացքում Էշթոնը հայտարարել է, որ վերջին տարիներին ԵՄ-Չինաստան հարաբերությունները հասել են ռազմավարական մակարդակի և շարունակվում են խորանալ քաղաքական և առևտրա-տնտեսական կապերը:
Նախորդ տարվա տվյալների համաձայն, Չինաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է 4.16 տրիլիոն դոլարի: Չինաստանի գլխավոր առևտրային գործընկերներն են ԱՄՆ-ը և ԵՄ-ը: Նախորդ տարվա ընթացքում Չինաստանի և ԵՄ-ի ապրանքաշրջանառությունը ավելացել է 2.1%-ով և հասել է ավելի քան 559 միլիարդ դոլարի: Չինաստանի արտահանումը դեպի ԵՄ-ը և ԱՄՆ-ը գերազանցում է ներկրումը: 2013թ.-ին ԵՄ-ը Չինաստանից գնել է 339 միլիարդ դոլարի ապրանք, իսկ վաճառել՝ 220 միլիարդ դոլարի ապրանք:
Չինաստանի և ԵՄ-ի միջև կապերը որպես ռազմավարական են բնութագրվել ԵՄ-ի կողմից դեռևս 1995թ.-ին ընդունված «Եվրոպա-չինական հարաբերությունների երկարաժամկետ քաղաքականություն» կոչվող փաստաթղթում, որտեղ նշվում էր Չինաստանի տնտեսական, սոցիալական բարեփոխումներին, աղքատության հաղթահարմանն աջակցելու ԵՄ-ի պատրաստակամության մասին: ԵՄ-Չինաստան բազմակողմ ֆորմատով առաջին գագաթաժողովները տեղի են ունեցել 1998-1999թթ.-ին: Հետագայում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ արտգործնախարարների և պետությունների ղեկավարների մակարդակով:
Բարձրագույն մակարդակով ԵՄ-Չինաստան վերջին գագաթաժողովը, թվով 16-րդը, տեղի է ունեցել 2013թ.-ի նոյեմբերին Պեկինում: Գագաթաժողովի ընթացքում քննարկվել են եվրոպա-չինական հարաբերությունները ներդրումային, միգրացիայի, առևտրա-տնտեսական և այլ ոլորտներում: Գագաթողովին եվրոպական կողմը ներկայացնում էին Հերման վան Ռոմպեյը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, իսկ Չինաստանը՝երկրի առաջնորդ Սի Ձինպինը և վարչապետ Լի Կեցյանը: Կողմերը գագաթաժողովի արդյունքներով ընդունել են անվտանգության, բարգավաճման և երկարաժամկետ զարգացման երկկողմ ռազմավարական օրակարգ:
Արտյոմ Բալասանով
Նախորդիվ`
Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը` Չինաստանի կենսական շահերի տարածք
Ճապոնիայի և Չինաստանի հարաբերություններում լարվածությունը հասել է գագաթակետին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները