Ներկրված ձվերը մակնշված են եղել համաձայն այն նորմատիվի, որը գործում է Ուկրաինայում. ՍԱՊԾ
«Իրենք իրավունք ունեն մակնշել այդ ձուն մինչև 60 օր պիտանելության ժամկետով: Ներկրված ձվերը մակնշված են եղել համաձայն այն նորմատիվի, որը գործում է Ուկրաինայում, այսինքն` հաստատված նորմատիվ փաստաթղթի համաձայն»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը:
Նշենք, որ ձվի շուկայում անցկացվում են դիտարկումներ` ստացված բողոքների, ինչպես նաև մամուլում եղած հրապարակումների հիման վրա, ըստ որի` խանութներում վաճառվում են ներկրված ժամկետանց ձվեր՝ 3 ամիս պիտանելիության ժամկետով:
Վ.Դանիելյանը նշեց, որ դիտարկումների արդյունքում հայտնաբերել են ժամկետանց և թերի մակնշված ձվեր: Խախտումները, ըստ նրա, համատարած բնույթ չեն կրել և շատ արագ վերացվել են: Մասնավորապես` ժամկետանց ձվերի վաճառքը կասեցվել և ոչնչացվել է:
Ըստ նրա` հանրապետություն ներկրելուց պահանջ է դրվել կրկնապիտակների միջոցով սպառողին հասցնել տեղեկատվություն, որ ՀՀ-ում գործող օրենսդրության համաձայն` ձվի պիտանելիության ժամկետը 25 օր է: Նրա խոսքերով` ներկրված ձուն անցել է փորձաքննություն և ունեցել է համապատասխան փաստաթղթեր, պարզապես այստեղ խնդիրը, ըստ Վ.Դանիելյանի, եղել է ժամկետը:
«Ուկրաինայում տվյալ արտադրողը իր մակնշումը կատարել է այն տեխնիկական պահանջների համաձայն, որը գործում է իրենց երկրում, բայց Հայաստանում 25 օրից ավելի ձուն արդեն պիտանի չէ, դրա համար գնապիտակի միջոցով ներկրողները պարտավորվել են սպառողին հասցնել պատշաճ տեղեկատվություն, որ ձուն ոչ թե 60 օր է պիտանի օգտագործման համար, այլ արտադրության օրվանից 25 օր: Այդ ձուն վաճառվել է 25 օրվա ընթացքում»,- ասաց Վ.Դանիելյանը:
Նրա խոսքերով` այս դեպքում մեղավորը ոչ թե ներկրողն է, այլ վաճառողը, քանի որ նա պարտավոր է վաճառել միայն պատշաճ մակնշված սննդամթերք և իրացնի միայն պիտանելության ժամկետում գտնվող սննդամթերք:
«Այստեղ խնդիրը անփութությունն է»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ դիտարկումները շարունակվելու են մինչև փետրվարի 13-ը:
Վ.Դանիելյանն ասաց, որ 2013թ.-ին Հայաստանում արտադրվել է 615 մլն 200 հազ. հատ ձու, ներկրել է մոտ 18 մլն ձու։ Ներկրումն ընդհանուր առմամբ իրականացրել են 15 կազմակերպություններ: Հայաստան ձու ներկրվել է Ուկրաինայից, Թուրքիայից, Իրանից:
Նա վստահեցրեց, 2014-ին կանխատեսում են, որ ձվի ներկրման ծավալները կնվազեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան