Գործազրկությունը դարձել է համաշխարհային տնտեսության աքիլեսյան գարշապարը
Գործազրկության գլոբալ վիճակը մնում է ծանր, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները շարունակում են ճնշել աշխատուժի շուկան բազմաթիվ երկրներում և տարբեր տարածաշրջաններում: Գլոբալ գործազրկության աճը վտանգ է ներկայացնում ոչ միայն սոցիալական, այլ նաև քաղաքական կայունությանը: Գործազուրկների թիվը 2013թվ.-ին ավելացել է 5 միլիոնով և հասել 202 միլիոնի և մոտակա տարիներին այն աճելու միտում ունի, այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (MOT): Նշենք, դրանք հիմնականում պաշտոնական աղբյուրներով ներկայացված գործազուրկների վերաբերյալ ամփոփված տվյալներն են, իսկ չհաշվառված գործազուրկների դեպքում պատկերը ավելի մռայլ է:
Գործազրկության մակարդակը կարևոր ցուցանիշ է, որը բնութագրում է աշխատանքի շուկան, ներկայացնում է գործազուրկների ու տնտեսապես ակտիվ բնակչության հարաբերակցությունը: Եթե մինչճգնաժամային 2007թ.-ին գլոբալ գործազրկության մակարդակը կազմել է 5,6-5,7% (170 մլն.), ապա 2009թ.-ին այն կազմել է 6,2% (198 մլն.): Ներկայումս այն կազմում է 6% (202 մլն.) և գործազուրկների քանակությամբ այն հասել է պատմական առավելագույն նիշի: Տոկոսային արժեքը 2009թ.-ի 6,2%-ի համեմատ փոքրացել է, քանի որ դեմոգրաֆիական աճին զուգահեռ մեծանում է նաև տնտեսապես ակտիվ բնակչությունը: Գաղտնիք չէ, որ գործազրկության մակարդակի աճը զգալիորեն պայմանավորված է ֆինանսատնտեսական ճգնաժամով՝ տնտեսական աճը դանդաղում է, դրա հետ նվազում են նաև արտադրական հզորությունները: Սակայն ենթադրվում է, որ նույնիսկ համաշխարհային տնտեսության արագ աճի դեպքում գործազրկության մակարդակը չի նվազի 6%-ից, քանի որ խնդիրը պայմանավորված չէ միայն տնտեսության աճով, այլ նաև աշխատաշուկաներում գլոբալ և լոկալ կառուցվածքային առանձնահատկություններով:
Գործազրկության ամենաբարձր մակարդակը 2013թ.-ին եղել է Մերձավոր Արևելքում, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում և Հարավային Եվրոպայում: Տնտեսապես զարգացած երկրների համար եթե գործազրկության միջին մակարդակը կազմում է 8,4%, ապա զարգացող երկրների համար 5%: Զարգացած երկրներից ծանր իրավիճակ է` Եվրագոտում, որտեղ այն հասել է 12%-ի (2010թ.-ին եղել է 10%), թեև Գերմանիայում այն ցածր է` 5,1 %, սակայն Իսպանիայում և Հունաստանում հասել շատ բարձր ցուցանիշների՝ 26 և 28%-ի: ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը դանդաղորեն նվազում է (սակայն կարճաժամկետ աշխատատեղերի ավելացման հաշվին), ներկայումս այն 6,6% է, այն դեպքում երբ 2010թ.-ին կազմում էր 8,5%: Ճապոնիայում գործազրկության տեմպերը նվազման միտում են գրանցում՝ կազմելով 3,7%: Եթե Եվրագոտում աշխատուժի շուկան բարելավման որևէ նշան ցույց չի տալիս, ապա զարգացող մի շարք երկրներում գործազրկության մակարդակը թույլ բարելավում է ցուցաբերում և հարաբերականորեն ցածր է: Չինաստանում կազմում է 4,1%, ցածր է նաև Հնդկաստանում 3,8%: Արևելյան Ասիայում գործազրկությունը համեմատաբար ցածր է` Մալազիայում, Սինգապուրում, Թայլանդում և Վիետնամում այն փոքր է 3%-ից: Ռուսաստանում 2013թ.-ին կազմել է 5,6%, չնայած ԱՊՀ-ից և այլ հարևան երկրներից միգրացիայի մեծ հոսքերին: Հիշեցնենք, որ Հայաստանում բարձր գործազրկության մակարդակը նույնպես ամենարդիական հիմնախնդիրն է և այն կազմում է 18,6%: Վրաստանում այն կազմում է 14,3%, իսկ Ադրբեջանում 5,5%:
Որոն՞ք են գործազուրկների թվի ավելացման պատճառները համաշխարհային տնտեսության թույլ աճի ֆոնի վրա: Պարզապես վերջին տարիներին բնութագրական է եղել աճը ապահովել ամենավատ տարբերակով՝ աշխատատեղերի կրճատման և աշխատավարձերի նվազման ուղիով, հատկապես Եվրագոտու երկրներում: Տնտեսության մեջ շեշտը դրվում է բյուջեի պակասորդի կրճատման և ներքին դեվալվացիայի վրա: Շատ երկրներում են ստիպված լինում իջեցնել աշխատավարձերը և կրճատել աշխատատեղերը, որի արդյունքում նվազում են եկամուտները, ինչն էլ բերում է ներքին պահանջարկի և ներդրումների անկմանը, դա էլ իր հերթին գործազրկության աճին: Այսինքն, անբավարար սպառումը (մասնավոր և պետական) և ցածր ներդրումները խոչընդոտում են աշխատատեղերի ստեղծմանը և գործազրկության մակարդակի անկմանը: Ցածր տոկոսադրույքները զարգացած երկրներում այնքան էլ չեն նպաստում իրական սեկտորի աճին և աշխատատեղերի ստեղծման վրա քիչ ազդեցություն են ունենում: Նվազում է նաև արտաքին պահանջարկը, հետևաբար արտահանման ծավալները, ինչը պետք է փոխհատուցեր ներքին պահանջարկի անկումը: Այս ամենը բերում է անվստահության այն ռազմավարության նկատմամբ, որը ենթադրում է կոշտ տնտեսության և ներքին դեվալվացիայի (աշխատավարձի և աշխատատեղերի կրճատում մրցունակության բարձրացման համար) համատեղում: Վիճակը բարդանում է այն ճյուղերում, որոնք ուղղորդված են արտաքին պահանջարկի վրա և միաժամանակ աշխատատար են, որոնք էլ «ապահովում են» գործազուրկների մեծ քանակ: Բացի այդ, ֆինանսական սեկտորում առկա հիմնախնդիրների պատճառով, կտրուկ ավելանում են այն փոքր և միջին ձեռնարկությունների քանակը, որոնք խնդիրներ են ունենում բանկային վարկերի ստացման համար: Միաժամանակ տնտեսական անորոշությունը բացասական է ազդում աշխատատեղերի ստեղծման վրա և աշխատանքային երկարաժամկետ պայմանագրերի վրա: Ինովացիաները և տեխնոլոգիական առաջընթացը նույնպես հանդիսանում են բազմաթիվ ճյուղերի և զբաղվածների գործունեության համար ռիսկային:
Թե որքանով է ժամանակակից գործազրկությունը կառուցվածքային, տեխնոլոգիական կամ ցիկլային բնույթի, բանավեճերի թեմա է: Աշխարհի տարբեր տարածաշրջաններում այն տարբեր է, աշխատաշուկայի փորձագետների կարծիքով, եթե օրինակ ԱՄՆ-ում այն հիմնականում ցիկլային է, ապա Իսպանիայում` առավելապես կառուցվածքային բնույթ ունի: Այսօրվա գլոբալ աշխատաշուկայի բնորոշ գծերն են՝ 1.երիտասարդ գործազուրկների հսկայական քանակը, 2. գենդերային անհամաչափությունը (կանանց գործազրկությունը մի քանի անգամ մեծ է մահմեդական երկրներում, ինչպես օրինակ Բանգլադեշում և Պակիստանում), 3.գործազրկության աշխարհագրական անհամաչափ բաշխվածությունը, 4.աշխատանքի արտադրողականության, աշխատավարձերի աճի և զբաղվածության աճի տեմպերի անհամաչափությունը, 5. թաքնված գործազրկության ծավալները, 6. ոչ ֆորմալ կամ «գորշ զբաղվածության» բարձր մակարդակը, որտեղ աշխատատեղերը անպաշտպան են և մի քանի անգամ ցածր վճարվող (թեև այն ավելի գերադասելի է, քան գործազրկությունը), 7. գործազրկության միջին տևողության աճը բազմաթիվ երկրներում:
Գործազրկությունը խոցելի է հատկապես կանանց, երիտասարդների և ցածր կրթական ու մասնագիտական մակարդակ ունեցողների համար: Երիտասարդական գործազրկության մակարդակը հասել է բարձր մակարդակի (15-24 տարեկան գործազուրկների քանակը կազմում է 75 մլն, կամ 37%-ը): Գործազրկությունը հատկապես հարվածում է ցածր որակավորում ունեցող մասնագետներին: Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության (MOT) սկզբնական և միջին մասնագիտական կրթություն ունեցող աշխատողների մոտ գործազրկությունը 3 անգամ բարձր է, քան բարձրագույն կրթություն ունեցողների մոտ: Դա հանգեցնում է սոցիալական հուզումներով պայմանավորված ռիսկերի: Հետաքրքիր է, որ դժգոհություն ցուցաբերում են հատկապես տնտեսապես զարգացած երկրներում, այստեղ ձևավորվել են աշխատավորների շահերի պաշտպանության անկախ, ուժեղ և ազդեցիկ ինստիտուտներ:
Որպես լուծումներ առաջարկվում է հրաժարվել գործող ռազմավարություններից: Եթե նախկինում շեշտը դրվել էր խիստ տնտեսության վրա, որպիսզի թեթևացվի պարտքային բեռնվածությունը, ապա պետք է ներկայումս առավել ջանքեր հատկացնել փխրուն աշխատաշուկաների հիմնախնդիրների լուծմանը, այսինքն ներդնել զբաղվածության մակարդակի բարձրացման ռազմավարություններ, որը կապահովի դրական արդյունքներ ինչպես մակրոտնտեսական ոլորտում, այնպես էլ զբաղվածության ոլորտում: Հարկավոր է ավելի հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականություն, համատեղելով գործազրկության և բյուջետային խնդիրները, մասնավորապես այլ եղանակներով բյուջետային պակասորդը նվազեցնել: Պետք է դիմագրավել գործազրկության աճին, ոչ այնքան ցածր արտադրողականություն և ցածր արդյունավետություն ունեցող ճյուղերի պահպանման հաշվին, որքան ինովացիոն ճյուղերի կայացման և խթանման շնորհիվ: Այլ քայլերից են՝ արդյունավետ սոցիալական վճարների համակարգերի կիրառումը, այնպիսի քայլերի կիրառումը, որոնք չեն ազդում գործարար ակտիվության, ներդրումային կլիմայի վրա:
Ամփոփենք, որ զբաղվածության ոլորտում իրավիճակի վատացումը նոր խնդիրներ է ստեղծելու համաշխարհային տնտեսության կայունության համար, եթե շարունակվեն նախկին մոտեցումները: Թեև այս տարի սպասվում է բարենպաստ տարի և տնտեսական աճի տեմպերի մի փոքր արագացում, սակայն ենթադրվում է, որ դա չի ազդելու գլոբալ գործազրկության մակարդակի բարելավման վրա: Պարզապես խնդիրները այստեղ խորքային են և դժվար լուծելի:
Հեղինակ` Սարգիս Մանուկյան
Կարդացեք նաև`
Ինչու է դանդաղում համաշխարհային տնտեսության վերականգնումը
Գնաճի ցածր տեմպերը մտահոգության պատճառ են դարձել աշխարհում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները