Միջազգային առևտրի աճի ցածր տեմպերը դեռևս պահպանվում են
Համաշխարհային տնտեսությունում ընթացող գործընթացները օբյեկտիվորեն գնահատելու համար անհրաժեշտ է նաև միջազգային առևտրի միտումներին ծանոթանալ: Արդեն երկու տարի է միջազգային առևտրի աճի տեմպերը ցածր են, նախնական տեղեկություններով 2013 թ.-ին աճը կազմել է ընդամենը 2,7 %, որը թեև բարձր է նախորդ 2012 թ.-ի 2,5%-ի համեմատ, այնուամենայնիվ դեռևս գոհացուցիչ չէ: Համեմատության համար նշենք, որ 2011 թ.-ին աճը կազմել է 5%, իսկ 2010 թ.-ին՝ 13,9% (ԱՀԿ): Այն երկու անգամ զիջում է նաև նախաճգնաժամային աճի տեմպերին:
Միջազգային առևտրի աճի տեմպերի դանդաղումը բացատրվում է տնտեսապես զարգացած երկրների ներմուծման ծավալների նվազմամբ: Եթե արտահանման ծավալները մի փոքր աճել են 2012 թ.-ի համեմատ, ապա ներմուծման ծավալները նվազել են: Այսպես օրինակ, Եվրամիության արտահանումը աճել է 3 %-ով, իսկ ներմուծումը նվազել է -6%-ով: ԱՄՆ-ում արտահանումը աճել է 2,8%-ով, իսկ ներմուծումը նվազել է -0,1%-ով:
Ընդհանրապես վերջին տասնամյակում միջազգային առևտուրը զարգանում է ոչ հավասարաչափ: Եթե մինչև ճգնաժամը աճում էր բարձր տեմպերով, ապա այն ուժգին անկում գրանցեց 2009թ.-ին, որը կազմեց -12,5%: Մինչ ճգնաժամը միջազգային առևտրի տեմպերին նպաստել են առևտրի ազատականացումը և տրանսպորտային-առաքման համակարգերի բարելավումը:
Տրանսպորտային ծախսերի նվազումը խթանում էր գլոբալ առևտրային համակարգի զարգացմանը: Դա նպաստում էր այնպիսի խոշոր երկրների առևտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես օրինակ Բրազիլիան, Հնդկաստանը և Չինաստանը: Միաժամանակ առևտրի աճը պայմանավորված է եղել «հումքային բումով», որի արդյունքում միներալային հումքի գնանշումները աճել են 3,7 անգամ, աճել են նաև գյուղատնտեսական ապրանքների, հատկապես պարենամթերքների գները: Սակայն դրանց առևտրի ծավալները աճել են ոչ այնքան ֆիզիկական, այլ հիմնականում գնային առումով: Ֆիզիկական ծավալները աճել են հատկապես պատրաստի ապրանքների (ինչպես օրինակ տրանսպորտային միջոցներ, տեխնոլոգիական սարքավորումներ, համակարգչային տեխնոլոգիաներ) դեպքում, իսկ հումքային ապրանքների ֆիզիկական առևտրի ծավալները ըստ էության քիչ տեմպերով են աճել:
2009 թ.-ի անկումից հետո 2010 թ.-ին միջազգային առևտրի ծավալները կտրուկ աճեցին, իսկ 2011թ.-ի կեսերին նորից նվազեցին Եվրագոտում պարտքային ճգնաժամի սրման, Չինաստանի տնտեսական աճի դանդաղման, ինչպես նաև ԱՄՆ-ի ներմուծման ծավալների կրճատման պատճառով, հատկապես «թերթաքարային բումում» պայմանավորված նավթի, նավթամթերքների և բնական գազի ֆիզիկական ծավալների կրճատման արդյունքում:
Գաղտնիք չէ, որ Եվրամիությանը, Չինաստանին, ԱՄՆ-ին և Ճապոնիային բաժին է ընկնում համաշխարհային առևտրի մոտ կեսը, բնականաբար այդ կենտրոներում տեղի ունեցող գործընթացներն են պայմանավորում համաշխարհային առևտրի միտումները: Ինչպես նշեցինք, Եվրամիությունում ներմուծման պահանջարկի անկումը պայմանավորված է կոշտ տնտեսական քաղաքականության արդյունքում գործազրկության աճով և սպառողական պահանջարկի թուլացմամբ, ինչպես նաև եվրոյի նկատմամբ անորոշությամբ, որն իր հերթին բացասական ազդեց ասիական երկրների արտահանման տեմպերի վրա: Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա այդ երկրում արտահանումը աճել է 7,9%-ով, ներմուծումը 7,3%-ով, Չինաստանը նախորդ տարի դարձավ միջազգային առևտրի առաջատարը, արտաքին առևտրի 260 մլրդ. դոլար դրական հաշվեկշռով, որի արտահանումը կազմում է 2,21 տրիլիոն, ներմուծումը 1,95 տրիլիոն դոլար:
ԱՄՆ-ում թեև վիճակը բարելավում է, բայց ոչ այնքան, որ փոխհատուցի Եվրամիության առևտրի անկումը: Ճապոնիայում արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը շարունակում է աճել, նույնիսկ իենի փոխարժեքի իջեցումը վերջին ամիսների ընթացքում թեև նպաստում է արտահանման աճին, սակայն բացասական հաշվեկշիռը չի փոքրանում, արտահանման համեմատ ներմուծման ավելի բարձր տեմպերի պատճառով: Չինաստանի և Ճապոնիայի միջև առկա տարածքային վեճերը նույնպես պատճառ դարձան առևտրային հարաբերությունների վատացմանը և առևտրի ծավալների նվազմանը:
Հասկանալի է, որ վերջին երկու տարիների միջազգային առևտրի աճի ցածր տեմպերը պայմանավորված են համաշխարհային տնտեսության թույլ վիճակով: Բոլորի ուշադրության կենտրոնում Չինաստանի տնտեսությունն է, սակայն այս դեպքում ավելի կարևոր է զարգացած երկրներից ստացվող ազդանշանները, որոնք հակասական են: Թեև սպասելիքները 2014թ.-ին լավատեսական են, պայմանավորված Եվրամիությունում և ԱՄՆ-ում տնտեսությունների վերականգման հույսերով, սակայն կան ավելի այլ գործոններ, որոնք խոչընդոտում են միջազգային առևտրի տեմպերի աճին: Մտավախություններ կան, որ բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակներով պայմանավորված, մի շարք հզոր տնտեսություն ունեցող երկրներում առևտրի ազատականացման գործընթացները կարող են սառեցվել և առևտրային հովանավորչական (պրոտեկցիոնիստական) միջոցառումները կուժեղանան, բացի այդ մի շարք տեղերում ընթանում են նաև ապաօֆֆշորացման միտումներ: Եթե ֆիսկալ միջոցառումների մեղմացվեն և իսկ ներկայիս մոնետար քաղաքականությունները պահպանվեն, ապա դրա արդյունքում առևտրի տեմպերը այս տարի մի փոքր կատիվանան, սակայն արդյունքները կրկին համեստ կլինեն:
Սարգիս Մանուկյան
Կարդացեք նաև`
Գլոբալ պարտքային ճգնաժամը խորանում է և դառնում ավելի վտանգավոր
Գործազրկությունը դարձել է համաշխարհային տնտեսության աքիլեսյան գարշապարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան