Վտանգավո՞ր է արդյոք կապիտալի արտահոսքը զարգացող երկրներից
Համաշխարհային տնտեսության կայունությանը սպառնացող մեկ այլ վտանգ կարող է լինել միջազգային կապիտալի հոսքերի ուղղությունների և ծավալների զգալի փոփոխությունները: Ներկայումս նկատվում է զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի ծավալների մեծացում` միաժամանակ կրճատվում են կապիտալի ներհոսքի ծավալները այդ երկրներ: Այս երևույթները թեև մեծ մասշտաբների չեն հասել, սակայն աճելու միտում ունեն և նախանշանները անհանգստացնող են:
Այս խնդիրը համաշխարհային տնտեսության առջև սրացավ այն ժամանակ, երբ անցած տարվա մայիսին ամերիկյան Ֆեդերալ պահուստային համակարգը հայտարարեց գանձապետական և հիպոտեքային պարտատոմսերի գնման ծավալների կրճատման մտադրության մասին:
Այդ հանգամանքը, տոկոսադրույքի բարձրացման սպասումները, ինչպես նաև Եվրագոտու տարածքում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում համակարգային ռիսկերի բարելավման հեռանկարները բերեցին նրան, որ զարգացած երկրների շուկաները, հատկապես ամերիկյան շուկան ներքաշում է կապիտալը զարգացող երկրներից: ՖՊՀ-ի հայտարարությունները այսպիսով բերեցին ֆինանսական շուկայի բացասական ռեակցիային, որը պատճառ դարձավ մի շարք զարգացող երկրներում ազգային արժույթների թուլացմանը, ուղղակի ներդրումների ծավալների նվազմանը, փոխառությունների ծախսերի ավելացմանը, որոնք իրենց հերթին դանդաղեցնում են տնտեսական աճը և մեծացնում ռիսկերը:
Եվ այսպես, 2013թ.-ի կեսից զարգացող երկրների տնտեսություններից կապիտալի զուտ արտահոսքերը շարունակում են աճել, ինչպես նաև կապիտալի զուտ ներհոսքերը նվազման միտումներ են դրսևորում (տվյալները IIF Research Note, Capital Flows to Emerging Market Economies, January 30, 2014, ինչպես նաև The World Bank, Financial Markets Outlook-February 2014 զեկույցներում): Այդ միտումների մասին են վկայում նաև զարգացող շուկաների ֆոնդային կապիտալի արտահոսքի տվյալները, որոնք տրվում են EPFR Global-ի (Emerging Portfolio Fund Research) զեկույցներում և ներկայացնում են այդ ֆոնդերից պարտատոմսերի և բաժնետոմսերի արտահոսքերի ծավալները: Մեծ է նաև կապիտալի փախուստի (անլեգալ և կիսալեգալ ճանապարհներով կապիտալի շարժը) միտումները, հատկապես Ռուսաստանից, Չինաստանից և Հնդկաստանից: Ըստ էության այսօր զարգացող երկրներում ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ, երբ պորտֆելային ներդրումները, ուղղակի ներդրումները, վարկերը և դեպոզիտները, չեն բավարարում այդ երկրների կապիտալի նկատմամբ պահանջարկը, ստեղծելով ներդրումային սով, միաժամանակ տնտեսական և քաղաքական գործոններով պայմանավորված առկա է կապիտալի արտահոսք և կապիտալի փախուստ այդ երկրներից:
Սակայն, ամբողջովին մեղքը բարդել ամերիկյան մոնետար քաղաքականության փոփոխման վրա, նույնպես սխալ է` գլոբալ տնտեսական աճի հեռանկարները և անորոշությունները ավելի լուրջ պատճառներ են զարգացող երկրների շուկաներից կապիտալի արտահոսքի համար:
Պետք է հասկանալ, որ զարգացող երկրներում հիմնական ներդրումները կատարում են որակավորված ներդրողները՝ բանկերը, կենսաթոշակային ֆոնդերը, ներդրումային ֆոնդերը, խեջ-ֆոնդերը, որոնք ճիշտ են գնահատում ռիսկերը և ապահովում են եկամուտները իրենց միջոցները ավելի իրացվելի ակտիվներում՝ պետական պարտատոմսերում և արտահանման ուղղվածություն ունեցող ընկերությունների արժեթղթերում ներդնելով: Ներդրողները ավելի շատ են ուշադրություն դարձնում այնպիսի բաների վրա, ինչպիսիք են` առևտրային հաշվեկշռի բարձր դեֆիցիտը, երկրի կախվածությունը փոխառություններից, իրականացվող տնտեսական քաղաքականության ճկունությունը, արտաքին պարտք/արտաարժութային պահուստների հարաբերակցությունը, գնաճի տեմպերը, դրամի առաջարկի աճի տեմպերը, ազգային արժույթի դեվալվացիայի տեմպերը, ներդրողների շահերը և սեփականության իրավունքը պաշտպանող օրենսդրությունը և այլն: Բյուջեի պակասորդը նույնպես դիտարկվում է ռիսկի գործոն, որն ազդում է ներդրումների եկամտաբերության վրա, քանի որ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար պետությունը կարող է մեծացնել դրամի առաջարկը, որն իջեցնելու է տոկոսադրույքը և պատճառ է դառնալու գնաճային սպասումներին, սա էլ իր հերթին կապիտալի արտահոսքին: Այսինքն, այսպիսի ցուցանիշների և տարբեր գործընթացների բացասական միտումները իրենց հերթին նույնպես նպաստում են ներդրողների անվստահության մեծացմանը մի շարք երկրներում:
Գաղտնիք չէ, որ վերջին տարիների ընթացքում մասնավոր կապիտալի (ուղղակի ներդրումներ, պորտֆելային ներդրումներ, վարկային փոխառություններ, ավանդներ և այլն) լուրջ ներհոսք է եղել զարգացող երկրներ, որի ընթացքում մոտ 7 տրիլիոն դոլարի կապիտալ է մտել զարգացող երկրներ` հիմնականում ապահովելով այս երկրների տնտեսական աճը: Դա ցույց է տալիս, թե որքան մեծ է եղել այդ երկրների տնտեսությունների ֆինանսական կախվածությունը էժան փողերից, կամ ավելի շուտ ամերիկյան փողերից: Դա իր հերթին խոչընդոտել է բարեփոխումներին զարգացող երկրներում, բարեփոխումներ, որոնք պետք է հաղթահարեն կոռուպցիան, ենթակառուցվածքների թերզարգացվածությունը, խթանեն ձեռնարկատիրական գործունեությունը և մրցունակությունը: Կապիտալի արտահոսքի դեմ պայքարելով միայն տոկոսադրույքները բարձրացնելով, ինչպես արեցին մի շարք երկրներ, թեև ճիշտ, սակայն ժամանակավոր արդյունք ապահովող քայլեր են: Նախևառաջ այդ երկրների տնտեսություններին տնտեսական աճի նոր մոդելներ են պետք, այլ աղբյուրներ պետական բյուջեի պակասորդի և առևտրի բալանսի ծածկման համար:
Այն պահից, երբ ներդրողները սկսեցին շրջվել զարգացող երկրների ֆավորիտ շուկաներից այդ երկրների ազգային արժույթները սկսվեցին արժեզրկվել: Արդյունքում ոչ միայն զարգացող երկրների ֆինանսական շուկաներն են լարված, այլ դրանք լարված են պահում նաև գլոբալ ֆինանսական շուկան: Նշենք, որ խոսքը ոչ բոլոր զարգացող երկրներին է վերաբերում, այն առավել չափով առնչվում է` Բրազիլիային, Արգենտինային, Մեքսիկային, Թաիլանդին, Ինդոնեզիային, Հնդկաստանին, Մալազիային, Թուրքիային և ՀԱՀ-ին, որոնց դերը պակաս կարևոր չէ համաշխարհային տնտեսության համար: Ռուսաստանից նույնպես շարունակվում է կապիտալի արտահոսքը՝ միայն այս տարվա հունվար-փետրվարին այն կազմել է 35 մլրդ. դոլլար, իսկ եռամսյակի կտրվածքով ենթադրվում է, որ կկազմի 65-70 մլրդ. դոլլար, ինչը պայմանավորված է Ռուսաստանի նկատմամբ հնարավոր ֆինանսական պատժամիջոցներով: Նշենք նաև, որ մայդանյան հեղափոխության հետ կապված Ուկրաինայից նույնպես կապիտալի մեծ արտահոսք է նկատվում:
Եվ այսպես, ինչու՞մն է կայանում վտանգը, չէ որ կապիտալի արտահոսքի կամ ներհոսքի տեմպերը միշտ էլ փոփոխական են եղել զարգացող երկրների համար և այսպիսի մեծ անհանգստություն նախկինում չի նկատվել: Առավել ևս, որ խոսքը վերաբերվում է ոչ այնքան ուղղակի ներդրումներին, որքան պորտֆելային ներդրումներին: Խնդիրը այն է, որ զարգացող երկրները կարող են հայտնվել կապիտալի զանգվածային արտահոսքի վտանգի առջև: Ներկայումս, զարգացող երկրներից կապիտալի արտահոսքը հիմնականում մանր ներդրողների կողմից է կատարվում, իսկ խոշորներ ներդրողները, ինչպես օրինակ` կենսաթոշակային ֆոնդերը, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ֆոնդերը դեռևս շարունակում են գումարներ ներդնել, սակայն ավելի ցածր տեմպերով: Եթե խոշոր ինստիտուցիոնալ ներդրողներն էլ կապիտալը դուրս հանեն զարգացող երկրներից, ապա դա բնութագրվի, որպես կապիտալի զանգվածային արտահոսք, խոսքը կարող է վերաբերվել հարյուրավոր միլիարդ դոլարների մասին: Առավել ևս այս տարվա ընթացքում միտումները ավելի են ուժեղանում: Այդ դեպքում ի հայտ են գալու մակրոտնտեսական նոր մարտահրավերներ, իսկ կապիտալի ներհոսքերի կրճատումը հարվածի տակ է դնելու միլիոնավոր աշխատողների և ձեռնարկությունների գոյությունը այդ երկրներում, կսառեցվեն խոշոր նախագծեր, արդյունքում այդ երկրները բավականին կթուլանան, որը գլոբալ տնտեսական անկման պատճառ կարող է դառնալ: Այսինքն, գլոբալ տնտեսության հիմնական վտանգը ներկայումս գալիս է ոչ այնքան Եվրագոտուց, որքան զարգացող երկրներից:
Կարդացեք նաև`
Ներդրումների դինամիկան աշխարհում աճի միտումներ է ցուցաբերում
Միջազգային առևտրի ցածր տեմպերը դեռևս պահպանվում են
Գլոբալ պարտքային ճգնաժամը խորանում է և դառնում ավելի վտանգավոր
Գործազրկությունը դարձել է համաշխարհային տնտեսության աքիլեսյան գարշապարը
Ինչու է դանդաղում համաշխարհային տնտեսության վերականգնումը
Գնաճի ցածր տեմպերը մտահոգության պատճառ են դարձել աշխարհում
Սարգիս Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան