Ինչպիսի՞ն են գլոբալ աղքատության միտումները
Համաշխարհային հանրության հիմնական խնդիրներից մեկն է նվազեցնել աղքատությունը ու սովը և կարելի է ասել, որ այդ ուղղությամբ կա որոշակի առաջընթաց: Միավորված ազգերի կազմակերպության զեկույցը (The Millennium Development Goals Report, 2013) և Համաշխարհային Բանկի զեկույցը (The Annual Report, 2013), որոնք նվիրված են աղքատություն և չքավորության հաղթահարման խնդիրներին, վկայում են, որ գլոբալ աղքատության մասշտաբները զգալիորեն նվազել են վերջին երկու տասնամյակում: Նշենք, որ աղքատության մասշտաբները նվազել են նաև ճգնաժամի (2008-2009թթ) և հետճգնաժամային տարիներին, սակայն ավելի ցածր տեմպերով, թեև այդ ընթացքում զգալիորեն աճել է գլոբալ գործազրկության մակարդակը:
Այսպես, օրական 1,25 ամերիկյան դոլլարից ցածր եկամուտ ունեցողների մակարդակը 1990 թվ.-ին 47%-ից նվազել է և 2010 թվ.-ին կազմել է 22%, այսինքն ծայրահեղ աղքատների թիվը աշխարհում նվազել է մոտ 700 միլիոնով: Սակայն ավելացնենք, որ այդ նվազումը հիմնականում տեղի է ունեցել Չինաստանում աղքատության կրճատման հաշվին, որտեղ 1990 թվ.-ին 683 մլն.-ից նվազել է և 2010 թվ.-ին կազմել է 156 միլիոն՝ կրճատվելով 527 մլն-ով: Իսկ Չինաստանում աղքատների կրճատումը ավելի շուտ այդ երկրի կենսամակարդակի բարելավման և իշխանությունների կատարած քայլերի արդյունք է եղել, քան հարուստ երկրների և գլոբալ կառույցների կատարած աշխատանքների արդյունք: Հնդկաստանում, որն աղքատների քանակով ամենամեծ երկիրն է, աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում համեմատաբար քիչ է կրճատվել` 459 միլիոնից հասնելով մինչև 414 մլն.: Աղքատության մակարդակը զգալիորեն նվազել է նաև Բրազիլիայում, Ինդոնեզիայում: Աղքատների քանակով երկրորդ երկիրը Չինաստանն է, ապա Նիգերիան՝ 102 մլն., Բանգլադեշը՝ 47 մլն., Ինդոնեզիան՝ 31,1 մլն.: Աշխարհի ամենաաղքատ երկրների զգալի մասը գտնվում են Աֆրիկայում, որտեղ աղքատների տոկոսային մասնաբաժինը կազմում է 70% և ավելի, այդ երկրներից են՝ Էրիտերիան, Լիբերիան, Մոզամբիկը, Սիերրա Լիոնե, Նիգերը, Կենտրոնաֆրիկյան հանրապետությունը, Զիմբաբվեն, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և այլն: Աֆրիկայից դուրս ամենաաղքատ երկրներից են՝ Սուրինամը, Հայիթին, Գվատեմալան:
Աղքատությունը հարաբերական հասկացություն է և տարբեր երկրներում կախված է ընդհանուր չափանիշների մակարդակից: Տարբերվում են աղքատության երկու մակարդակ՝ ազգային և միջազգային: Ազգային մակարդակը, դա բնակչության այն քանակն է, որն ապրում է տվյալ երկրում ազգային աղքատության սահմանագծից ցածր, ինչն ընդունված է անվանել նաև նվազագույն պարենային գծի մակարդակ: Միջազգային մակարդակը, դա աշխարհում աղքատների այն քանակն է, որոնք ունեն օրական 2 դոլարից ցածր եկամուտ, իսկ 1,5 դոլարից ցածր եկամուտների դեպքում կոչվում է ծայրահեղ աղքատություն կամ բացարձակ աղքատություն (2005թվ.-ի գների հիման վրա, ըստ PPP-ի)։ Ներկայումս 1,5 դոլարից ցածր եկամուտով մոտ 1,2 մլրդ. մարդ աշխարհում համարվում է ծայրահեղ աղքատ, իսկ 2 դոլարից ցածր եկամուտով ապրում է մոտ 2,4 մլրդ. մարդ կամ աշխարհի բնակչության 34%-ը: Սակայն միայն եկամուտներով բնորոշել աղքատությունը ճիշտ չէ, մարդիկ աղքատությամբ չեն տառապում միայն եկամուտների պակասից: Աղքատությունը ունի բազմաթիվ չափումներ, որը բերում է կրթության և առողջության սահմանափակումների, այդ պատճառով աղքատությունը կարելի է չափել տարբեր ինդեքսների, ինչպես օրինակ Աղքատության բազմակողմանի ինդեքսի միջոցով (MPI-Multidimensional Poverty Index), որն իր հերթին կիրառվում է Մարդկային զարգացման ինդեքսում (HDI):
Այսպիսով, ամենաաղքատ տարածաշրջանը համարվում է Աֆրիկայի Սահարայից հարավ ընկած տարածաշրջանը (Sub-Saharian Africa), որտեղ ծայրահեղ աղքատության մակարդակը ($1,25 –ից ցածր եկամուտով) կազմում է 48%: Միայն այս տարածաշրջանում է, որ ի տարբերություն գլոբալ աղքատության և այլ տարածաշրջաններում աղքատության նվազման միտումների, նկատվում է աղքատության աճ վերջին տասնամյակում (2000թ.-ին ծայրահեղ աղքատների թիվը կազմել է 376 մլն., իսկ ներկայումս 414 մլն., թեև տոկոսային ցուցանիշներով այն 56%-ից նվազել մինչը 48%, դա բացատրվում է նրանով, որ պարզապես բնակչությունը այստեղ ավելի մեծ տեմպերով է աճում, 2000թ.-ին այն կազմել է 664 մլն., իսկ 2012 թ.-ին՝ 910 մլն., այդ պատճառով աղքատության մակարդակը տոկոսով արտահայտված նվազում է ցույց տալիս): Հարավային Ասիայի տարածաշրջանում (Հնդկաստան, Բանգլադեշ, Պակիստան, Աֆղանստան, Նեպալ, Բութան, Շրի Լանկա) աղքատության մակարդակը կազմում է 30 % կամ 507 մլն. մարդ: Այստեղ աղքատության մակարդակը վերջին տարիներին թեև անշեղորեն նվազում է, սակայն շատ դանդաղ տեմպերով: Արևելյան Ասիայում բնակչության 10%-ն է համարվում չափազանց աղքատ, այստեղ աղքատության նվազումը ավելի արագ տեմպերով է տեղի ունենում և հատկապես դա ակնառու է եղել Չինաստանում: Լատինական Ամերիկայում և Կարիբյան ծոցի երկրներում նույնպես նկատվում է աղքատության անկման դինամիկա, այստեղ 2000թ.-ի համեմատ նույնիսկ կրկնակի են նվազել ծայրահեղ աղքատների թիվը և ներկայումս չափազանց աղքատ են համարվում 32 մլն. մարդ կամ ամբողջ բնակչության 6%-ը: Իսկ Մերձավոր Արևելում և Հյուսիսային Աֆրիկայում բնակչության 2%-ը կամ 8 միլիոն մարդ է ապրում աղքատության սահմանագծից ցածր: Այնտեղ նույնպես նկատվում է աղքատության մակարդակի նվազում:
Բացի աղքատության մակարդակից, նվազել է նաև սովից և թերսնումից տառապող մարդկանց թիվը, հասնելով 14,9%, 1990թ.-ի 23,2%-ի փոխարեն: Այսօր աշխարհում թերսնվում է օրական 870 մլն. մարդ, կամ բնակչության 8 մարդուց մեկը թերսնվում է: Թեև 2007-2009 թ.-ին պարենամթերքի գների թանկացմանը և ապա համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներին, սովահարության ցուցանիշների մեծ աճ աշխարհում տեղի չի ունեցել: Ամենաշատը թերսնվում են Աֆրիկայում 27%, Հարավային Ասիայում 18%, Արևելյան Ասիայում 12%, Հարավարևելյան Ասիայում 11%, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում 8%:
Դրական միտումներից է այն, որ զարգացող երկրներում մեծացել է նաև խմելու ջրից օգտվելու հնարավորություն ունեցողների քանակը մոտ 2 մլրդ.-ով, նվազել են մալարիայից և տուբերկոլոզից մահացվածության դեպքերը, կրճատվել է խոշոր քաղաքներում և մեգապոլիսներում հյուղակներում ապրողների թիվը: Փոքր առաջընթաց է նկատվել իմունային անբավարարվածության վիրուսով վարակվածության նվազման առումով, կա դրական առաջընթաց սանիտարական պայմանների բարելավման առումով, ինչպես նաև տարրական կրթություն ստացող երեխաների թիվն է ավելացել: Բացասական միտումներից է բնապահպանական լարվածության մեծացումը և բնական ռեսուրսների շահագործման տեմպերի մեծացումը, մասնավորապես CO2–ի արտանետումների ծավալների ավելացումը, ինչպես նաև կրճատվել է համաշխարհային ձկան պաշարները:
Վերջին 20 տարվա ընթացքում եվրոպական երկրներում կրճատվել է աղքատության մակարդակը ոչ միայն եկամուտների ավելացման, այլև առողջապահության և կրթության որակների բարելավման արդյունքում: Ի տարբերություն զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրների, որտեղ աղքատության չափորոշիչը եկամտի բացարձակ նվազագույն մակարդակն է, զարգացած երկրներում աղքատ է համարվում տվյալ երկրում միջին գծի եկամտի 50-60%-ից պակաս եկամուտ ունեցող մարդը։ Պաշտոնական վիճակագրության տվյալներով Եվրամիության գրեթե 85 մլն. բնակիչ (17%) և ԱՄՆ-ի ավելի քան 43 մլն. բնակիչ (14,3%) ապրում են աղքատության սահմանագծից ցածր (2012 թ.-ի տվյալներով)։ ԱՄՆ-ում միջին աշխատավարձը $3861 դոլար է, հետևաբար աղքատության մակարդակը 2012 թ.-ին 1 հոգու համար կազմել է $2300, իսկ սահմանային աղքատության մակարդակը՝ 900 դոլար, այսինքն Նահանգներում չափազանց աղքատ են համարվում օրեկան 30 դոլարից ցածր եկամուտներ ունեցողները: Եվրոպայի տարբեր երկրներում աղքատության սահմանագիծը, որից այն կողմ մարդ կարող է աղքատ համարվել նույնպես տարբեր է, օրինակ Ֆինլանդիայում այն տարեկան 13 690 եվրոյից ցածրն է (կամ օրական 49 դոլարից ցածր), իսկ Լատվիայում՝ 2632 եվրոյից ցածրը (օրական 10 դոլարից ցածր):
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի, որտեղ տրվում է աղքատության ազգային մակարդակը, Հայաստանում աղքատ է բնակչության 32,4%-ը, որից 13,5%-ը շատ աղքատ, իսկ 2,8 %-ը՝ ծայրահեղ աղքատ: Հայաստանում աղքատ են համարվում նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից 37 044 դրամից (կամ 92.2 ԱՄՆ դոլար), շատ աղքատ են հավարվում նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից 30 547 դրամից (կամ 76.0 ԱՄՆ դոլար), իսկ ծայրահեղ աղքատ համարվում են նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից 21 732 դրամից (կամ 54.1 ԱՄՆ դոլար):
Հասկանալի է, որ միայն մեկ շնչին ընկնող եկամուտների օգնությամբ ստանալ գլոբալ աղքատության իրական պատկերը, դա միամտություն է: Աղքատության մասշտաբները իրականում ավելի խորն են և որակապես տարբեր: Աղքատության հաղթահարումը պայմանավորված չէ միայն տնտեսական աճով և եկամուտների ավելացմամբ: Չնայած աղքատության մասշտաբների նվազման դրական միտումներին, միևնույն է, հարուստները դառնում են ավելի հարուստ, իսկ աղքատները ավելի աղքատ: Այսօր աղքատության հաղթահարմանը նախևառաջ խանգարում են մի շարք կարծրատիպեր, օրինակ այն, որ աղքատ երկրները ի սկզբանե կանխորոշված են աղքատության, և աղքատը միշտ էլ աղքատ պետք է ապրի, հետևաբար միակ ելքը մնում է միգրացիան դեպի հարուստ երկրներ: Կլիմայի վատացումը, հատկապես աղքատ երկրներում դեմոգրաֆիական աճը, հասարակությունների անվստահության մեծացումը սեփական իշխանությունների տնտեսական քաղաքականությունների նկատմամբ, միջազգային բաշխվող օգնությունների հետ կապված կոռուպցիոն դրսևորումները նույնպես չեն նպաստում աղքատության ամբողջովին հաղթահարմանը: Վերջում նշենք, որ աղքատության դեմ պայքարի լավագույն միջոցը դա միջին դասի կայացումն է: Դա է հուշում Չինաստանի օրինակը, որտեղ հենց միջին դասի հզորացման հաշվին է արդյունավետորեն հաղթահարվում աղքատությունը:
Սարգիս Մանուկյան
Կարդացեք նաև`
Վտանգավո՞ր է արդյոք կապիտալի արտահոսքը զարգացող երկրներից
Ներդրումների դինամիկան աշխարհում աճի միտումներ է ցուցաբերում
Միջազգային առևտրի ցածր տեմպերը դեռևս պահպանվում են
Գլոբալ պարտքային ճգնաժամը խորանում է և դառնում ավելի վտանգավոր
Գործազրկությունը դարձել է համաշխարհային տնտեսության աքիլեսյան գարշապարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան