Ռուսաստանից ստացվող զուտ տրանսֆերտները ավելացել են 10%-ով, իսկ ԱՄՆ-ից ստացվողները կրճատվել են 5 անգամ
Հայաստանի բնակչության` արտասահմանից ստացած տրանսֆերտները 2014թ-ի առաջին եռամսյակում կազմել են 429 մլն 758 հազար դոլար, ինչը 2,2%-ով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացվածը: Ընդ որում` Կենտրոնական բանկի հաղորդած տվյալներով` առաջին եռամսյակում Ռուսաստանի Դաշնությունից ստացվել է ավելի քան 300 մլն դոլար, ինչը ընդհանուր մուտքերի 70%-ն է կազմում: Տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից:
Պետք է նկատել, որ նշված ժամանակահատվածում Ռուսաստանից ստացված տրանսֆերտները նախորդ տարվա նույն հատվածի նկատմամբ աճել են 7,4%-ով, մինչդեռ ԱՄՆ-ից ստացվողները կրճատվել են 2,7%-ով: Միևնույն ժամանակ ավելացել է Հայաստանից դեպի ԱՄՆ ուղղվող տրանսֆերտների ծավալը գրեթե 2%-ով, իսկ դեպի Ռուսաստան ուղղվողները կրճատվել են 2,3%-ով:
Այսպիսով, առաջին երեք ամիսների տվյալներով Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների զուտ ներհոսքն ավելացել է 9,9%-ով, իսկ ԱՄՆ-ից ստացվողը կրճատվել է ավելի քան 5 անգամ, այսինքն երեք ամիսների ընթացքում Հայաստանից ավելի շատ են միջոցներ փոխանցվել ԱՄՆ (31,5 մլն դոլար), քան ստացվել է այնտեղից (33,3 մլն դոլար):