Տնտեսական բլոկում տեղի է ունենում իշխանության կենտրոնացում. Տնտեսագետը` ֆիննախ-ՊԵԿ միավորման մասին
Երևանի նախկին քաղաքապետ, այժմ ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ընդհանուր առմամբ, նոր կառավարությունից լուրջ փոփոխություններ չի սպասում:
«Գործող համակարգն այլ մոտեցումներով է աշխատում ու այլ նպատակներ է հետապնդում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում իր վատատեսության պատճառը ներկայացրեց տնտեսագետը:
Ավելին, նրա խոսքով, ֆինանսների նախարարության կազմում պետական եկամուտների կոմիտեի ընգրկելը ևս դրական փոփոխություններ չի տա:
«Եթե իրականում այնպիսի մի կառավարություն լիներ, որի նպատակը իսկապես Հայաստանում գործարարությանը խթանելը լիներ, մրցակցության ապահովումը լիներ, ապա այս փոփոխության մեջ ռացիոնալ հատիկ կփնտրեի ու կհասկանայի` ինչ տրամաբանությամբ է այս ամենը կատարվում: Բայց իրականում ես որևէ լավ բան չեմ սպասում ու այդ պատճառով գնահատական տալն էլ անիմաստ է»,- նկատեց տնտեսագետը:
Իրականում, ըստ մեր զրուցակցի, այս փոփոխությունից հասկանալի է մեկ բան` «տնտեսական բլոկում տեղի է ունենում իշխանության կենտրոնացում, որի հիմնական նպատակն է ավելի վերահսկելի դարձնել տնտեսությունը, մեծացնել գործարարների նկատմամբ հսկող մեխանիզմները»:
Տնտեսագետը վատատես է նաև Հայաստանում ներդրումների հարցում. նման փոփոխությունները, նրա խոսքով, կհանգեցնեն ներդրումների ծավալի նվազմանը:
«Այս փոփոխությունները ոչ թե կգրավեն ներդրողներին, այլ կվանեն: Արդյունքում կտուժենք մենք` ՀՀ քաղաքացիներս, ովքեր ապրում ենք Հայաստանում: Համակարգը որևէ դրական ազդակ բիզնեսին, գործարարներին չի կարող տալ, սպառել է իրեն»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
Գործող համակարգում, ըստ նրա, չկա այն տրամաբանությունը, որ ֆինանսների նախարարությունը հարկաբյուջետային քաղաքականություն մշակող մարմին է, իսկ Պետական եկամուտների կոմիտեն` այն կատարող կառույց: Նա հիշեցրեց մի քանի ամիս առաջ ֆիննախ-ՊԵԿ հակասությունը, երբ Ֆիննախի վերահսկողական տեսչությունը խախտումներ էր հայտնաբերել ՊԵԿ ստորաբաժանումներում և նկատեց. «Նման բան այս կառույցների միավորումից չի լինելու: Հիմա տեղի է ունենալու այս ամենի կենտրոնացում»:
Հիշեցնենք` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Հայաստանի կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմիններ վերակազմակերպելու և Հայաստանի նախագահի 2002 թ. մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին:
Հարակից հրապարակումներ`
Ֆիննախը խախտումներ է հայտնաբերել ՊԵԿ-ում
Ֆիննախ-ի ներկայացրած փաստերը չեն արտացոլում իրականությունը. ՊԵԿ պարզաբանումը