Կառավարությունը սկսում է վերացնել Տիգրան Սարգսյանի կառավարման հետևանքները
ՀՀ կառավարության մայիսի 15-ին կայանալիք նիստի օրակարգում մի հարց է ընդգրկված, որը կարելի է ասել, որ սենսացիոն բնույթ ունի. ՀՀ կառավարությանն առնընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը գործադիրին առաջարկել է «Գյումրու տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում հավանություն տալ ընկերության լուծարման որոշմանը:
Հիշեցնենք, որ «Գյումրու տեխնոպարկ» ստեղծելու գաղափարի հեղինակը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Նա այդ գաղափարը առաջ քաշեց իր պաշտոնավարման հենց սկզբում և 2008-ի ապրիլից սկսած մինչև 2009 թվականը ՀՀ կառավարությունը բազմաթիվ որոշումներ է ընդունել՝ «Գյումրու տեխնոպարկ» հիմնելու նպատակով: Իսկ արդեն 2010 թվականից սկսած առնվազն 200 միլիոն դրամ է հատկացրել «Գյումրու տեխնոպարկ» ծրագիրն իրագործելու նպատակով:
Իսկ թե որքանով այդ ծրագիրն իրագործվեց և ինչ արդյունք է տվել ՀՀ պետական բյուջեից տարեկան մի քանի հարյուր միլիոն դրամ ծախսելը, գրված է Արման Սահակյանի կողմից ներկայացված վերը նշված որոշման նախագծի կից հիմնավորման մեջ. «Հաշվի առնելով, որ ընկերությունը հիմնադրումից մինչև օրս գործունեություն չի իրականացրել, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ընկերությունում պետական բաժնեմասի հետագա պահպանումը գտնում է ոչ նպատակահարմար և առաջարկել է, հիմք ընդունելով ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջ՝ «Անալիտիկսարք-մեկ» ՓԲԸ-ի համաձայնությունը, սկսել լուծարման գործընթաց»:
Այսինքն` ստացվում է առնվազն հինգ տարի պետբյուջեից միջոցներ են հատկացվել չգործող ծրագրի համար:
Ի դեպ, «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն ներկայումս կուտակած պարտքեր ունի, բայց պետգույքի կառավարման վարչության պետի ներկայացրած նախագծում ոչինչ չկա այն մասին, թե այդ պարտքերը ինչ միջոցներից է մարվելու:
«Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ի պարտավորությունները կազմում են՝
- երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ 17 միլիոն 5 հազար դրամ
- հարկային պարտավորություններ 671 հազար դրամ
- կրեդիտորական պարտքեր աշխատավարձի գծով` 2 միլիոն 931 հազար դրամ
- այլ ընթացիկ պարտավորություններ 15 հազար դրամ
Ընդամենը 20 միլիոն 622 հազար դրամ:
Փաստաթուղթն` այստեղ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները