Էս ի՞նչ սենսացիա է, ինչո՞ւ եք թաքցնում. Ա.Մանուկյանը ՀԾԿՀ-ին
Էներգետիկ համակարգում ճեղքվածքը կազմել է շուրջ 18 մլրդ դրամ, ինչն էլ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման անհրաժեշտություն է առաջ քաշվել: Այս մասին հերթական անգամ հայտարարվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում, որի աշխատանքներն ընթանում են դրսում հավաքված ակտիվիստների «Ամոթ, ամոթ» գոչյունների տակ:
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հիմնավորումները ներկայացրած հանձնաժողովի անդամ պարոն Բաղրամյանը նիստին ներկա ՀԿ ներկայացուցիչներից մեկի հարցին ի պատասխան, թե ինչպես է ստացվում, որ տարածաշրջանում բարձր սակագինը Հայաստանում է հայտարարեց, թե այնքան էլ այնպես չէ, որ մեր հանրապետությունում ամենաբարձր սակագինն է: Եվ թվարկեց հարևան երկրներում առկա սակագները:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հետաքրքրվեց` ո՞րն էր խնդիրը սակագնի այսքան հրատապ թանկացման համար:
«Այսօր արդեն ՀԷՑ-ում խնդիրներ են առաջանում, ուշացումներ են լինում կայաններին վճարելու հարցում, այնպես որ անհրաժեշտ են թանկացումները»,-արձագանքեց զեկուցող Բաղրամյանը:
Ա.Մանուկյանն էլ շարունակեց` Հայաստանը Վրաստանից հոսանք է գնում այն դեպքում, երբ միշտ վաճառել է. «Երբևէ սրա մասին ինչ-որ տեղ խոսվե՞լ է: Մասնագետները զարմանում են` ինչպե՞ս ենք մենք Վրաստանից հոսանք առնում: Բոլորս գիտենք, որ արտահանում ենք, բայց ստացվում է, որ ներմուծում ենք: Էս ի՞նչ սենսացիա է, ինչո՞ւ եք թաքցնում»,- հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը:
Պարոն Բաղրամյանը փորձեց հավաստիացնել, թե ոչ մի սենսացիա էլ չկա, զուտ տնտեսական նկատառումներից ելնելով Վրաստանից ներկրվում է էլեկտրաէներգիա, որը տրանզիտային ցանցերով տեղափոխվում է հարևան Իրան: Իսկ Ա.Մանուկյանի հարցադրումը` Լոռին, Սյունիքը դրանից չե՞ն օգտվում մնաց առկախված:
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն իր հերթին հայտարարեց, որ դեռ մեկ տարի առաջ հրավիրել էր բոլոր շահագրգիռ կողմերին քննարկումների, բայց մեկ տարվա ընթացքում այդպես էլ ոչ ոք չեկավ: Նույնիսկ օրերս ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանին է հրավիրել քննարկման, նա խոստացել է, բայց այդպես էլ չի եկել: Ու ամենը մնացել է վերջին պահին:
«Հիմա գալիս է վերջին պահը, որ պետք է սակագին սահմանենք ու ոչ մի բան անել չենք կարող»,- նշեց Ռ.Նազարյանը:
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէր խուսափել թանկացումից` հայտարարեց. «Հնարավոր չէր»:
Հիշեցնենք, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը նախատեսվում է օգոստոսի 1-ից:
Նշենք, որ նիստին մասնակցում են ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան