Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում առաջատար է «Doing Business-2015» վարկանիշային աղյուսակում
Հայաստանն առաջատար է ԱՊՀ երկրների շարքում «Doing Business-2015» վարկանշային աղյուսակում, որը կազմել են Համաշխարհային բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան:
Համաձայն աղյուսակի՝ Հայաստանը զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը 189 երկրների շարքում՝ մեկ հորիզոնական զիջելով Չեխիային (44-րդ տեղ): Հայաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Թուրքիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Հունաստանը և Կիպրոսը:
Իսկ ահա Ադրբեջանը զբաղեցնում է 80-րդ հորիզոնականը: Մասնավորապես, Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել «Հարկում» ցուցանիշում՝ առաջ անցնելով 32 կետով՝ զբաղեցնելով 41-րդ հորիզոնականը:
Նշենք, որ Համաշխարհային բանկի «Doing Business» (Բիզնեսի վարում) զեկույցը գնահատում է այն գործոնները, որոնք անմիջականորեն ազդում են բիզնես միջավայրի զարգացման և տնտեսական աճի վրա՝ հնարավորություն տալով հետազոտվող 189 երկրների տվյալները համեմատել 10 բնագավառներում՝ ձեռնարկությունների գրանցում, շինարարության համար տրվելիք թույլտվություն, աշխատուժի վարձում, սեփականության գրանցում, վարկավորում, ներդրումների պաշտպանվածություն, հարկում, միջազգային առևտուր, պայմանագրերի կատարման ապահովվում, ձեռնարկությունների լուծարում:
«Doing Business 2015» վերոհիշյալ զեկույցը ներկայացնում է երկրների տվյալները մինչև 2014-ի հունիսի 1-ի դրությամբ: Այս ցուցանիշներն օգտագործվում են տնտեսական ցուցանիշների վերլուծության և բիզնեսի կարգավորման ոլորտում հաջողված բարեփոխումներն ի հայտ բերելու համար, ինչպես և որոշելու նպատակով, թե երբ ու ինչու են դրանք արձանագրվել: Այս տարվա զեկույցում նշանակալիորեն ընդլայնվել էին որոշ ցուցանիշների հավաքագրման վերլուծության ոլորտները և փոփոխվել էին վարկանիշների հաշվարկման մեթոդները:
Հավելենք, որ այս համաշխարհային վարկանիշային աղյուսակն արդեն 9-րդ տարին է, ինչ գլխավորում է Սինգապուրը՝ հանդես գալով որպես առաջատար երկիր բիզնեսի վարման համար նախատեսված շահավետ պայմանների տեսանկյունից: Նրանից բացի, 10 առաջատարների շարքում ընդգրկվել են Նոր Զելանդիան, Հոնկոնգը, Դանիան, Հարավային Կորեան, Նորվեգիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան ու Ավստրալիան:
Համաձայն զեկույցի՝ հետխորհրդային երկրների շարքում առաջատար է Վրաստանը՝ 15-րդ տեղում, ապա Էստոնիան՝ 17-րդում, Լատվիան՝ 23-րդում, Լիտվան՝ 24-րդում: ԱՊՀ երկրների շարքում ընդգրկված երկրներից առաջատարը Հայաստանն է՝ 45-րդ տեղում, ապա Բելառուսը՝ 57-րդում, ՌԴ-ն՝ 62-րդում, Մոլդավան՝ 63-րդում: Աղյուսակում Ղազախստանին զիջում է Ադրբեջանը՝ 80-րդ տեղում, Ուկրաինան՝ 96-րդում, Ղրղզստանը՝ 102-րդում, Ուզբեկստանը՝ 141-րդում, Տաջիկստանը՝ 166-րդում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները