Ստորագրվել է ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք աջակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը
Նոյեմբերի 3-5-ը Բրյուսել կատարած այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է Եվրոպական hանձնաժողովի անդամ, Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին:
Հանդիպման ժամանակ Կարեն Ճշմարիտյանի և Յոհաններ Հանիի կողմից ստորագրվել է ԵՄ կողմից 2014-2017թթ. Հայաստանին տրամադրվելիք աջակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որտեղ ամրագրված է, որ ԵՄ-ն 2014-2017թթ. Հայաստանին կհատկացնի շուրջ 140-170 մլն եվրո գումար կողմերի միջև նախկինում համաձայնեցված երեք ուղղություններով` մասնավոր հատվածի զարգացում, պետական կառավարման և արդարադատության ոլորտի բարեփոխումներ: Այս մասին հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:
Ստորագրվել է նաև «Աջակցություն գյուղատնտեսությանն ու գյուղական զարգացմանը» ԵՄ բյուջետային աջակցության 2013թ. ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակներում ԵՄ-ն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը կհատկացնի շուրջ 25 մլն եվրոյի աջակցություն:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԵՄ աջակցությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված արդյունավետ բարեփոխումներին, ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային և տեխնիկական աջակցության գործիքներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է «բաց երկնքի» քաղաքականության մասին և պատրաստ է ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել Ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրի շուրջ:
Հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է ԵՄ-ի կողմից Հայաստանին «Շուկայական տնտեսության կարգավիճակի» շնորհման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով նոյեմբերի 4-ին կայանալիք «ԵՄ-Հայաստան հետագա համագործակցության շրջանակները՝ մտքերի փոխանակում» խորագրով հանդիպմանը` կողմերը երկուստեք կարևորել են նման ձևաչափով քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը, համոզմունք հայտնելով, որ նման քննարկումները կնպաստեն կողմերի միջև հետագա համագործակցության ձևաչափի ու շրջանակների հստակեցմանը:
Նոյեմբերի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է նաև Եվրոպական հանձնաժողովի Ձեռնարկատիրության հարցերի գլխավոր տնօրինության տնօրեն Դանիել Կալեխա Կրեսպոյին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՀՔ գործընկեր երկրների համար հասանելի «COSME» ծրագրին Հայաստանի հնարավոր անդամակցությանն առնչվող հարցեր: ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդգծել է նորարարության վրա հիմնված տնտեսության զարգացման նկատմամբ հայկական կողմի հետաքրքրվածությունն ու շահագրգռվածությունը: Նա նշել է, որ հայկական կողմը հատկապես հետաքրքրված է նորարարության ոլորտում բիզնես ինկուբատորների և կլաստերների զարգացման ԵՄ փորձի ուսումնասիրմամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել հնարավորություն` ԵՄ համապատասխան ոլորտի փորձագետների անհրաժեշտ փորձն ու տեղեկատվությունը Հայաստանի համապատասխան ոլորտի մասնագետներին փոխանցելու համար:
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ԵՄ-ում ՀՀ մշտական առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ: