Դրամի արժեզրկման շարունակվելու դեպքում երկրում աղքատությունը խորանալու է. տնտեսագետ
Այս արժեզրկումը պետք է դեռ վաղուց լիներ, դրա հիմքերը չկային, որ դրամն այդ մակարդակի վրա մնար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի տատանումների մասին՝ նման դիտարկում արեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ըստ նրա՝ Կենտրոնական բանկը քայլ առ քայլ պետք է նախապատրաստեր այս տատանումներին. «Տատանումների թռիչքաձև լինելը չի խոսում այն մասին, ու ԿԲ-ն հաշվի է առել և տնտեսվարողների, և հասարակության, և խնայողությունների հետ կապված շահերը»:
Նրա խոսքով՝ ԿԲ-ն ունի բավականին ծավալուն վերլուծող աշխատակազմ, որոնք պետք է այդ կանխատեսումներն անեին և նախապատրաստեին. «Այս փոխարժեքը տեղի՞ն է, թե՞ ոչ, շուկան ինքը թող որոշի: Սա բազմագործոն երևույթ է, իհարկե Ռուսաստանի տարածքում արժեզրկումները և սանկցիաները միանշանակ իրենց ազդեցություններն ունեցել են»:
Քննարկմանը ներկա տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն էլ նկատեց, որ ԿԲ-ն ընտրել է թռիչքաձև մոդելը՝ բացասական սպասումներ չառաջացնելու համար. «Տնտեսության մեջ, երբ որ առաջանում են բացասական սպասումներ, դրանք ունենում են ավելի շարունակական բնույթ և ավելի մեծ արժեզրկում են առաջացնում՝ ի տարբերություն մեկ քայլի»:
Նա նշեց, որ այս մոտեցումը ողջունում էին նաև Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները. «Ապագան ցույց կտա, թե ինչքանով էր այդ քայլը ճշմարտացի»:
Հարցին, թե դրամի արժեզրկումը ինչ ազդեցություն կունենա ՀՀ արտաքին պարտքի վրա, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պատասխանեց, որ արտաքին պարտքում Հայաստանը կարող օրենքով նախատեսված թույլատրելի սահմանն անցնի, այսինքն` մինչև 50 տոկոսը. «Բանկային համակարգում դոլարացման խնդիրը կավելանա, ինչը նշանակում է՝ բիզնես շրջանակում դրամի վստահությունը կընկնի և ՌԴ-ի նման բոլորը դոլար կգնեն»:
«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ ասաց, որ դրամի արժեզրկումը տնտեսական իրողություն է և լավ է, թե վատ, միևնույն է` պետք է օգտվել տրված հնարավարություններից և մեծացնել արտահանման ծավալները. «Այն կուրսը, որ կար չէր խթանում մեր արտահանմանը, սակայն այն մարդիկ, ովքեր զբաղվում են ներմուծմամբ, իսկ սեպտեմբեր ամսվա նկատմամբ 3 անգամ ավելացել է ներմուծման քանակը, կտուժեն: Պետք է աջակցել տեղական արտադրողին, և այն ապրանքները, որոնք ներմուծվում էին, ժամանակն է, որ արտադրվեն Հայաստանում»:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյան էլ ավելացրեց, որ դրամի այսպիսի արժեզրկման շարունակվելու դեպքում երկրում աղքատության մակարդակը խորանալու է, քանի որ բանկերից վերցրած վարկերի հիմնական մասը դոլարով է և հասարակությունը կկանգնի լուրջ խնդիրների առջև:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները