Վարչապետ. Կառավարությունը օգտագործում է բոլոր լծակները, որպեսզի գնաճը լինի ոչ ավել, քան որ պետք է լինի
«Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է: Մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի այն կարգավորվի, և ես համոզված եմ, որ առաջիկա օրերին այդ հարցերը կլուծվեն»,- խոսելով դրամի, դոլարի տատանումների մասին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա նշեց, որ կառավարությունը օգտագործում է բոլոր լծակները, որպեսզի գնաճը լինի ոչ ավել, քան որ պետք է լինի: Կառավարության ղեկավարը նշեց, որ տարադրամի փոխարժեքի տատանումները կապված չեն երկրի ներքին տնտեսական զարգացումների հետ. «Դա ուղղակի տարածաշրջանային զարգացումների արդյունք է, որն ունենում է իր բացասական ազդեցությունը: Մենք ուղղակի պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի այս ամենը սահուն անցկացնենք: Այս ամենն ինչ-որ տեղ ցնցում է երկրի տնտեսության համար»:
Վարչապետը նշեց, որ դոլարի արժևորման պարագայում ներկրողների խնդիրն է դժվարանում, քանի որ նրանք ապրանքը դրսում գնում են դոլարով և վաճառում դրամով: Փոխարժեքի տատանումները, կառավարության ղեկավարի խոսքով, բացասական ազդեցություն են ունենում նրանց շահույթների վրա:
«Գոնե այս պարագայում ամեն ինչ պետք է անել, որ ներկրողները կարողանան առանց շահույթի կամ առանց կորուտի դուրս գալ: Դա է մեր խնդիրը: Խոսում ենք, քննարկում ենք, փորձում ենք խորհուրդներ տալ և ես կարծում եմ, որ Կենտրոնական բանկի ուշադրության ներքո է, որ այդ խնդրին տա լուծում»,- ասաց Հ. Աբրահամյանը:
Դիտարկմանը, թե պետական բյուջեի նոր նախագծում դոլարի փոխարժեքը գրվել է 411 դրամով, վարչապետն ասաց, որ դա օրենքի պահանջ է. կառավարությունը բյուջեի հիմքում պետք է դնի նոյեմբերի 1-ի դրությամբ առկա փոխարժեքը, ինչն էլ արվել է: