ՀՀ-ում ԻԻՀ դեսպան. Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալներն աճել են
«Իրանը պատրաստ է գազի և այլ էներգակիրների շուրջ բանակցել Հայաստանի հետ»,-այդ մասին «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին:
Իրանի դեսպանն, անդրադառնալով երկկողմ տնտեսական համագործակցությանը, նշել է, որ այս տարի երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն աճել են երեք տոկոսով:
Դեսպան Ռեիսին, խոսելով երկաթգծի կառուցման մասին, նշել է. «Վերջերս Իրանն ու Հայաստանը երկաթգծի կառուցման հարցի շուրջ արդյունավետ բանակցություններ են ունեցել. Նախկինում խոչընդոտներ են եղել, այժմ խնդիրները լուծվում են, և այն ներդրող կազմակերպությունը, որը պետք է երկաթգծի կառուցման գործում ներդրումներ կատարի, ևս ներկա է եղել այդ բանակցություններին»:
Մոհամմադ Ռեիսին, անդրադառնալով իրանական գազի գնի շուրջ վերջին շրջանում ծավալվող խոսակցություններին, ասել է. «Ես չեմ ցանկանում համեմատել իրանական և ռուսական գազի գները, թե ո՞րն է ավելի թանկ կամ էժան. Այդ հարցը պետք է քննարկվի փորձագիտական մակարդակում. Մենք ներկայում Հայաստանի հետ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքն ենք իրականացնում: Մենք պատրաստ ենք գազի շուրջ բանակցել հայկական կողմի հետ: Վստահ եմ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Թեհրանում կայանալիք հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի, քննարկումներ կլինեն նաև նավթամթերքների և գազի շուրջ»:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ դեսպան Ռեիսին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ միջազգային օրենքների շրջանակներում:
Ինչ վերաբերում է զբոսաշրջության ոլորտին, ապա Իրանի դեսպանը նշել է, որ մի շարք ծրագրեր են իրականացվում, որպեսզի Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվն ավելանա. Դեսպանի խոսքով՝ իրանական երկու ավիաընկերություններ շաբաթական հինգ չվերթ են իրականացնում Երևան, արդեն գործում է Սպահան-Երևան ավտոբուսային երթուղին, առաջարկություններ կան, որպեսզի թռիչքներ կազմակերպվեն նաև Երևան-Թավրիզ և Երևան-Սպահան ուղղություններով:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություններ՝
Իրանի ու Հայաստանի հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության մթնոլորտում
Իրան-Հայաստան գազային համագործակցությունը խորացնելու համար անհրաժեշտ է անվտանգության բարենպաստ միջավայր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին