«Մեր ուղին միակն է՝ դբա լավը». Թեղուտի լեռնահանքային համալիրի մասին
«Մեր ուղին միակն է՝ դբա լավը: Ուրախ եմ զեկուցելու ձեզ, որ մենք ոչ միայն կառուցել ենք նոր լեռնահանքային համալիր, որը որպես լոկոմոտիվ քաշում է իր հետևից ամբողջ բիզնեսը, այլ նաև շատ հզոր կապի միջոցներ ենք ստեղծել: Եթե որևէ մեկը այստեղ որոշի IT ոլորտի հետ կապված արտադրություն դնել, մեր մոտ բոլոր հնարավորությունները առկա են: Շուտով նոր հանգստյան համալիր է կառուցվելու մոտակայքում»,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թեղուտի լեռնահանքային համալիրի շինարարության ավարտի և արտադրական գործընթացի մեկնարկին ասաց «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը:
Նա նշեց, որ որոշ մարդիկ ասում, թե հանքը բացելուց հետո մեղուները վերանալու են և եթե հանքը չբացվեր, հնարավոր կլիներ մեղրի արտահանում իրականացնել:
«Ձեզ ով էր խանգարում 5 կամ 25 տարի առաջ գալ և այստեղ այդ գործը դնել:Մենք ունենք հազարավոր քննադատողներ, սակայն թող նրանք գան և մի գործ անեն այստեղ, այս տարածաշրջանում»,-նշեց Վ.Մեջլումյանը:
Նրա խոսքով, իրենք հանքի շահագործման ընթացքում ոչ մի օրենք չեն խախտել և ամեն ինչ կատարվում է օրինական ճանապարհով:
«Մեր այս արտադրությունը աշխարհի ամենաառաջատար արտադրություններից մեկն է: Շուրջ 170-180 միլիոն դոլար եկամուտ ենք ունենալու մեկ տարվա ընթացքում»,-նշեց Վ.Մեջլումյանը:
Վ.Մեջլումյանը նշեց, որ իրենց կոմբինատը կառուցված է 12-15 միլիոն տոննա հանքաքարի արտահանման և վերամշակման համար:
«Մենք սկսելու ենք 7 միլիոն տոննայից և մի քանի տարուց մենք կրկնապատկելու ենք մեր հզորությունները: Գործարանում միջին աշխատավարձը մոտավորապես կազմում է 200.000 դրամ»,-նշեց Վ.Մեջլումյանը:
Նա հավելեց, որ իրենց արտադրանքը հիմնականում արտահանվելու է Եվրոպա:
Պաշարների մեծությամբ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը Հայաստանում երկրորդն է՝ Քաջարանի հանքավայրից հետո: Թեղուտի լեռնահանքային համալիրի հիմնական միավորները բացահանքը և լցակույտային տնտեսությունը, լեռնահարստացուցիչ ֆաբրիկան և պոչանքային տնտեսությունն են:
Կիրառվող տեխնելոգիան ապահովում է պղնձի կորզումը խտանյութ մոտ 82%-ով, իսկ մոլիբդենի կորզում՝ մոտ 60%-ով: Թեղուտի հանքավայրի շահագործման առաջին փուլում իրականացվել է մոտ 350 միլիոն դոլար ներդրումներ: Ընկերությունը մշակել է նաև անտառապատման ծրագիր:
Անտառապատման ծրագրով նախատեսվում է անտառապատման իրականացում Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա 357 հա անտառի կրկնակի գումարային մակերես՝ 714 հա տարածքներում: Ընկերությունը համայնքներում գտնվող միակ արդյունաբերական ձեռնարկությունն է և խոշորագույն գործատուն: Ընկերությունը ունի մոտ 1285 աշխատող, այդ թվում մոտ 150 աշխատող՝ Թեղուտից, 235 աշխատող՝ Շնողից, 450 աշխատող՝ Ալավերդուց:
Նախորդիվ`
ՀՀ նախագահը ներկա է գտնվել Թեղուտի հանքահարստացուցիչ գործարանի շահագործման մեկնարկին