«Մեզ մոտ ռեֆորմների արդյունքում հարստանում են ռեֆորմ անողները». Արամ Մանուկյան
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ քառօրյա նիստերից մեկի ժամանակ, անդրադառնալով շրջանառության հարկի մասին օրենքի հետաձգման հարցին, նշեց, որ այս օրենքն ընդունվել է 2012 թվականին, ուժի մեջ մտել 2013 թվականից, և այդ ընթացքում, ըստ Մինասյանի, դարձել է առճակատումների պատճառ:
«Հնարավոր չէ՝ կայունություն լինի, եթե տնտեսական կյանքում անընդհատ օրենսդրական փոփոխություններ ենք մտցնում: Այդպիսով լարվածություն ենք ստեղծում: Երեք սկզբունքային հարց է մնացել այս օրենքի շուրջ՝ առաջինը վերաբերում է իրացման ծավալին: Երկրորդը հարցը վերաբերում է տոկոսադրույքին, երրորդը՝ փաստաթղթավորման պահանջին: Այս հարցերի շուրջ առաջացել է խառնաշփոթ: Այս պահին ութ նախագիծ կա նույն հարցերի շուրջ, և եթե պառլամենտում կա այսքան նախագիծ, պատկերացրեք՝ հասարակության մեջ որքան կարծիքներ ու տարբերակներ կլինեն»,- ասաց Մինասյանը:
«Զուտ քաղաքական հարց եմ համարում հետաձգումը, ի՞նչ է նշանակում մեկ տարվա ընթացքում կառավարությունը չկարողանա գործի մեջ դնել օրենքը»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ըստ նրա՝ առևտրի ոլորտում մոտ հարյուր-հարյուր քսան հազար մարդ կա, և դա աշխատատեղեր են, որոնց հետ խաղալը ճիշտ չէ: Նրա խոսքերով՝ շրջանառության մոդելի փոփոխություն է արվում: Պատգամավորը նշեց, որ իրենք դեմ չեն փաստաթղթավորմանը, սակայն այն դեպքում, եթե իջեցվի շեմը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ Հայաստանում ստվերի խնդիր գոյություն ունենալ չի կարող: Ըստ նրա՝ կոմբինացիա մտածել պետք չէ, և հասարակ լուծում ունի այս հարցը:
«Ռեֆորմը չի կարող վատը լինել, բայց դուք տեղայնացնում եք այս օրենքները ձեր յուրահատուկ մոտեցումներով: Ժողովուրդը չէր ըմբոստանում թոշակների կուտակայինին, որքան նրան, թե ում էին գնալու այդ գումարները: ՀԴՄ-ի դեմ ըմբոստանում էին, որովհետև գիտեին՝ ով է ՀԴՄ-ները ներկրում: Ազնիվ չեն այս մոտեցումները: Ռեֆորմների երևույթն է լավը, ձեր մոտեցումը լավը չէ: Մեզ մոտ այս ռեֆորմների արդյունքում հարստանում են ռեֆորմ անողները»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նրա խոսքերով՝ ժողովուրդը չի վստահում կառավարությանը, քանի որ վերջինիս արած ռեֆորմների նպատակները չեն բխում ժողովրդի շահերից:
Նախորդող հրապարակումներ՝
«ՓՄՁ-ներին դարձնում ենք քավության նոխազը». Հեղինե Բիշարյան
«Ասում են՝ ձուկը գլխից է հոտում, հիմա մենք խոսում ենք պոչի մասին»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները