ՀԱԿ խմբակցության ղեկավար. Պարենային ապրանքները բնակչությանը վաճառվել է 100-255 տոկոս բարձր գնով
«Հայաստանում տնտեսության վիճակը ողորմելի է: Թվերն ահավոր են: Վիճակագրական ծառայություն հրապարակել է տնտեսության անկման աղետալի տեմպերի մասին վկայող տվյալներ»,- այսօր Ազգային ժողովում շարունակվող ՏՄՊՊՀ տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ըստ նրա, ՀՀ միջազգային պահուստները պակասել են, տնտեսության գավավիժման այս ֆոնի վրա կառավարությունը 500 միլիոնով ավելացնում է պետական պարտքը՝ այդպես ցույց տալով, որ չունի տնտեսության առողջացման որևէ դեղատոմս, այլ ժամանակավոր լուծումներ է փնտրում, որոնք էլ ավելի են ծանրացնելու հետագա անկումը:
«Տնտեսությունը փլուզվում է, որովհետև այն, ըստ էության, հիմնված է ոչ թե Հայաստանի բնակչության կողմից գործարարության կամ արտադրության, այլ արտաքին ներարկումների հիման վրա գոյացող բնակչության գնողունակության վրա: Այդ ներարկումներն ապահում են մասնավոր տրանսֆերտները, կառավարության կողմից վերցվող վարկերը, դրամաշնորհները: Նման մոդելը կարող է գոյատևել մեկ դեպքում՝ եթե ունենք արտաքին ներարկման մշտական աղբյուր»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Ընդդիմադիր պատգամավորի ներկայացված տվյալների համաձայն, 2008-2012 թթ. այնպիսի պարենային ապրանքներ, ինչպիսին է խոզի, տավարի, հավի միսը, կարագը, բուսական յուղը, շաքարավազը, ալյուրը, ցորենը, սուրճը, Հայաստանի բնակչությանը վաճառվել է 100-255 տոկոսով ավելի բարձր գնով, քան պաշտոնական ներմուծման գինն է:
«Սա նշանակում է, որ ներկրողները ստանում են հսկայական գերշահույթներ: Պարոն Շաբոյանը հայտարարեց, որ գերշահույթն ինքնին չարաշահում չէ, օրենքի խախտում չէ, ցանկացած գրագետ տնտեսագետ կարող է բացատրել, որ երկարատև գերշահույթի հնարավորություն կարող է լինել միայն մենաշնորհի և գերիշխող դիրքի չարաշահման դեպքում»,- նշեց Լ. Զուրաբյանը՝ հավելելով, որ իշխանություններն ապօրինի արտոնություններ են ստեղծել իրենց հետ կապված մի քանի խոշոր գործարարի համար, ովքեր տարիներ շարունակ, օգտվելով ապօրինի արտոնություններից, ստանում են գերշահույթ, օգտագործում գերշահույթն այդ իշխանության վերարտադրաման համար ընտակաշառքի, այլ մեթոդներով ընտրակեղծարարության ապահովման համար:
«Այս ամենի պատճառով է, որ կյանքը մի քանի անգամ թանկ է, Հայաստանում չի զարգանում գործարարությունը, արդյունաբերությունը, Հայաստանը մրցունակ չէ համաշխարհային շուկայում: Մինչդեռ հակառակ պարագայում կապրեինք բոլորովի այլ երկրում, որտեղ ծաղկում է ձեռնարկատիրությունը, տեղի են ունենում միլիոնավոր ներդրումներ, մի քանի անգամ բարձր է կենսամակարդակը: Այս ամենը հնարավոր է ապահովել արդյունավետ պետական քաղաքականության պարագայում ընդամենը մի քանի ամսվա ընթացքում, մինչդեռ Հայաստանում վարվող քաղաքականությունը մենաշնորհների պաշտպանության քաղաքականություն է»,- նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Ըստ նրա, պարենային, լայն սպառման ապրանքների շուկայում գերշահույթի առկայությունը ցույց է տալիս, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կատարելապես ձախողել է. «Սա կարող է ունենալ երկու պատճառ. պարոն Շաբոյան դուք պրոֆեսիոնալ չեք, չեք տիրապետում ձեր հանձնաժողովի կարգավորման ոլորտում տեղի ունեցողին: Բայց դրան, անկեղծ ասած, չեմ հավատում: Իրական պատճառն այն է, որ այս ամենը կատարվում է գիտակցաբար: ՏՄՊՊՀ-ի ծրագիրն ունի զրոյական արժեք և ամբողջ պատասխանատվությունն այս մենաշնորհային քաղաքականության համար կրում է իշխող ռեժիմը»: