«Ոնց որ ասեն, դու գնա կործանվի». «Մարիաննա»-ի տնօրենը՝ գյուղացիների բողոքի մասին
Շիրակի մարզի Ամասիայի շրջանի Արեգնադեմ գյուղում 101 տնտեսությունից 90-ն անասնապահությամբ է զբաղված: Նրանց ապրուստի միջոցը կաթն է, որի մթերման գինն այսօրվանից միանգամից մի քանի ընկերություն նվազեցրել են: «Աշտարակ կաթ» ընկերությունը կաթը մթերում է տասը դրամով ավելի էժան, իսկ «Մարիաննան»՝ 20 դրամով:
Գյուղապետ Աղունիկ Հազրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն էլ գյուղացիների պես վրդովված է:
«Ամեն ինչի գները բարձրացել են, իսկ կաթի գինն իջել է: Եթե հիմա իջել է, ընթացքում կաթը կավելանա, գինն էլի կիջնի, որը բերելու է գյուղացիների սնանկացման»,-ասաց գյուղապետը:
Հազրյանի խոսքով, հիմա օրական գյուղից մթերվում է մոտ մեկ տոննա կաթ, քանի որ ծնի սեզոն է, կաթի մի մասն էլ նորածին հորթերինն է: Իսկ որոշ ժամանակ անց արդեն օրական մթերման ծավալը կհասնի 5-7 տոննայի, ինչպես նախորդ տարիներին: Դժգոհ գյուղացիները բողոքի են դուրս եկել, սակայն, եթե ընկերությունները չընդառաջեն նրանց պահանջ-խնդրանքին, գյուղացիներին այլ բան չի մնում, քան հարմարվելը:
«Յուրաքանչյուր գյուղացի գիտի, որ իր արտադրանքը կուտակվելու է, չի վաճառվելու, դրա համար էլ շատ հնարավոր է հարմարվեն այդ գներին, ինչը ցանկալի չէ»,-ասաց գյուղապետը:
Գյուղացիները պատրաստվում են վաղը բողոքի ակցիայի դուրս գալ:
Ամասիայի համայնքապետ Աղասի Ամիրյանը Panorama.am-ին ասաց, մարզպետարանից խոստացել են գյուղնախարարին խնդիրը ներկայացնել, հույս ունենալով, որ մթերողների հետ բանակցությունների արդյունքում հարցը կկարողանան կարգավորել:
«Մարիաննա» ընկերության տնօրեն Տիգրան Վարդանյանը Panorama.am-ին ասաց, ինքն այս պահին Գերմանիայում է, սակայն ծանոթ է գյուղացիների դժգոհությանը:
«Կաթը, որ հիմա մթերում ենք, նախատեսում են դարձնել փոշի, արտահանել Ռուսաստան: Հիմա Ռուսաստանում գներն ընկած են, ամբողջ աշխարհում կաթի փոշու պահանջարկն ընկած է: Եթե ես մթերեմ նախկին գնով, ապա ի վիճակի չեմ արտադրելու, այսինքն պետք է ընդունեմ ու թափեմ: Կամ պետք է գները կարգավորվեն, կամ էլ փոշու գործարանը ես խոդ չեմ տա, տակ տալ չեմ կարող»,-բացատրեց տնտեսվարողը:
Նշեց, որ անցած տարի 600 հազար դոլարի վնաս է կրել, ու եթե «նման զոհաբերության գնամ, ստիպված գործարանն եմ փակելու ու ահագին մարդիկ մնալու են առանց աշխատանք: Ես չեմ կարող ամեն տարի մի քանի հարյուր հազար դոլար կորցնել»:
Վարդանյանը մթերվող կաթի 20 դրամով էժանացումը քիչ է համարում. «Կաթը մեզ հիմա բավարարում է, մենք ընդամենը ավել կաթ ենք մթերում փոշիացնելու համար: Եթե այն իմ վրա նստեց 4 դոլար, կարո՞ղ եմ 1.8 դոլարով վաճառել, չեմ կարող բնականաբար»:
Հարցին, թե ընկերությունը չի՞ կարող ընդառաջել գյուղացիների խնդրանքին, «Մարիաննա»-ի տնօրենը պատասխանեց. «Խնդրանքը գիտե՞ք որն է, ոնց որ ասեն, դու գնա կործանվի: Եթե չեմ կարող կաթի փոշին վաճառել, մթերման իմաստը ո՞րն է: Կամ պետք է կաթը մնա գյուղացու ձեռքը, կամ գյուղացին պետք է համակերպվի: Դա շուկան է թելադրում, մեզանից կախված բան չկա: Ոչ մի արտադրող չի ուզենա գյուղացուն նեղացնել, բայց գյուղացին էլ պետք է հասկանա»:
Նաև ավելացրեց, որ Շիրակից իրենք քիչ կաթ են մթերում, այնտեղ հիմնական մթերողները «Իգիթ», «Էլնոր», «Աշտարակ կաթ» ընկերություններն են:
«Աշտարակ կաթ» ընկերության մթերումների բաժնի ղեկավար Գարիկ Մուրադյանը Panorama.am-ին ասաց, որ իրենք մյուսների համեմատ ավելի քիչ են էժանացրել կաթի գինը:
«Դա պայմանավորված է սեզոնայնությամբ: Հիմա մենք իջեցրել ենք էսօրվանից, մեկ կգ բազիսային կաթի հաշվով 170 դրամից դարձրել ենք 160 դրամ: Բազիսայինը 3.6 % յուղայնությամբ կաթն է: Ուրիշ գործոններ էլ կան, ուրիշ ընկերություններ ավելի շատ են իջեցրել գինը, բայց մեր ընկերությունն իր քաղաքականությունն ունի՝ հավասարակշռված»,-ասաց բաժնի ղեկավարը, ավելացնելով, որ այս օրերին, կախված գյուղատնտեսական տարուց, կաթի մթերման գնի նվազում ամեն տարի լինում է:
Հարցին, թե կաթի մթերման գնի նվազումը կարող է բերել կաթնամթերքի գնի իջեցման, Գ. Մուրադյանը պատասխանեց, թե իրավասու չէ նման բան հայտարարել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները