Կաթի մթերման գինը կրկին իջացրել են. «Ոնց որ գյուղացին աշխատի ուրիշի համար»
Շիրակի մարզի Արեգնադեմ համայնքի բնակիչների մեծ մասն այսօր հրաժարվել է մթերող ընկերություններին կաթ վաճառել: Ստիպված վաճառել են միայն սոցիալապես անապահով ընտանիքները, ովքեր այդ փողով հաց պետք է առնեն, ալյուր, հողը վարելու համար վառելիք կամ էլ անհրաժեշտ այլ բան:
«Մարդիկ ովքեր կարողանում են որևէ տեղից գումար հայթայթել, կաթն այսօր չեն վաճառել»,- Panorama.am-ին ասաց Արեգնադեմի գյուղապետ Աղունիկ Հազրյանը:
Գյուղացիներն այսօր տեղեկացել են, որ կաթի մթերման գինը նվազել է նախկին 170 դրամի փոխարեն 150 դրամ:
Գյուղապետը հիշեցրեց, որ նույն պատմությունը կրկնվեց ուղիղ մեկ ամիս առաջ: Այդ ժամանակ մարզպետարանից ասել էին, թե նախկին գնով ընկերությունները կշարունակեն կաթ մթերել, մինչև անցնեն ապրիլի 24-ի կապակցությամբ միջոցառումները, որպեսզի «ժողովրդական հուզումներ չլինեն»:
«Մեզ ասել էին, որ մայիսի 1-ից կաթի գինը իջնելու է, բայց չէինք պատկերացնում միանգամից 20 դրամով: Դա հարված է գյուղացու գրպանին, ոնց որ գյուղացին աշխատի ուրիշի համար: Չգիտեմ՝ ով է հնարել, ոնց են հաշվել, որ կաթի ինքնարժեքը 70 դրամ են ստացել, դա աբսուրդ, ծիծաղելի թիվ է, իմ հաշվարկով ինքնարժեքը 120-130 դրամ է»,-ասաց գյուղապետը:
Ա. Հազրյանի խոսքով, կաթի ինքնարժեքը 70-80 դրամ կլինի, եթե գյուղացիներն ունենային այնպիսի ցեղատեսակի կովեր, որոնք օրական 25-30 լ կաթ են տալիս:
«Այս պահին գյուղացիների կովերի օրական կաթնաթվությունը 7-8 լիտր է»,-բացատրեց նա:
Այսօր գյուղում 101 ընտանիք կա, նրանցից անասնապահությամբ զբաղվում է 90-ը, գյուղից օրական ընկերությունները մթերում են օրական 2-3 տոննա կաթ:
Գյուղապետի փոխանցմամբ, մթերող ընկերությունները՝ «Աշտարակ կաթ», «Իգիթ» և այլն մթերման գնի իջեցումը պայմանավորում են Մաքսային միությանն անդամակցությամբ:
«Ասում են կաթի փոշին հիմա ավելի էժան են բերում, ռուբլին էժանացել է, մթերքը քիչ է իրացվոըմ: Ճիշտն ասած, այդ նշածները պատճառ չեն, ուղղակի կաթը հիմա շատանում է, իսկ պանիրը մի քիչ դժվար է վաճառվում, պետք է սարքեն, պշերկար ժամանակ պահեն, եթե Ռուսաստան են ուղարկում, պետք է ստանդարտներին համապատասխան լինի, դրա համար էլ իրենք թանկացնում են»,-ասաց գյուղապետը, ավելացնելով, որ մեկ տարի շարունակ կաթի գինը չի նվազել:
Գյուղապետն ասաց. որ իրեն դեռ ոչ մեկին չեն զանգահարել, բայց խնդրի մասին տեղյակ են մարզպետարանում ու գյուղատնտեսության նախարարությունում:
Նկատենք, մեկ ամիս առաջ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարեց, թե «Աշտարակ կաթ», «Բանդիվան կաթ», «Իգիթ» ընկերությունները, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գյուղացիական տնտեսություններից կաթ մթերել նախկին գներով: Սակայն հայտարարության մեջ որևէ բառ չկա, թե դա ժամանակավոր բնույթ է կրելու:
Նախորդող հրապարակում՝
«Ոնց որ ասեն, դու գնա կործանվի». «Մարիաննա»-ի տնօրենը՝ գյուղացիների բողոքի մասին
ԳՆ. Գյուղացիներից կաթը կմթերվի նախկին գներով