Միլիտոնյանը հույս ունի, որ Սարոյանի տունը հայ գնորդ կունենա
Գրողների միություն նախագահ Էդվարդ Միլիտոնյանի և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ «Գրական թերթ»-ում հրապարակված կոչից հետո ԳՄ նախագահին ոչ ոք չի դիմել՝ տեղեկանալու Ֆրեզնոյում Վիլյամ Սարոյանի տան աճուրդի մանրամասներին:
«Աճուրդ է, ո՞վ գիտի՝ ի՞նչ է լինելու: Մենք Սփյուռքի նախարարի հետ կոչ ենք արել, հրապարակվել է, թե որևէ մեկը կանսա՞, կցանկանա՞ մասնակցել աճուրդին, դա արդեն իրենց գործն է: Մենք ուզում ենք, որ հայ առնի տունը, հետո դարձնի թանգարան, դա էլ արդեն առնողի գործն է, 2-3 դրամի խնդիր չէ»,-Panorama.am-ին ասաց Միության նախագահը:
Միլիտոնյանն ասաց, որ ուրիշ երկրում աճուրդի մասնակցել կառավարությունը չի կարող, սակայն հավատում է՝ Ամերիկայում բնակվող հայերը կմիավորվեն ու մի բան կանեն:
«Եթե չեն անում, ուրեմն այնտեղ ինչ-որ դժվարություն կա: Բայց Սարոյանին շատ են սիրում, ու առանձնապես մեծ տուն չի, մեծ գումարների մասին էլ չի երևի, շքեղ ապարանք չի: Աճուրդը, վաճառքը մի քիչ այլ իրավունքների հարց է էլի»,-ասաց նա:
Հետաքրքրվեցինք, այսինքն` կոչ անելով համարում եք, որ ձեր գործն արե՞լ եք, Միլիտոնյանն արձագանքեց. «Այսինքն` ես ի՞նչ պիտի անեի, պիտի գնայի աճուրդի՞ն մասնակցեի: Ախր ես բաներ անեմ, որ իմ հնարավորությունների սահմաններում է: Եթե հնարավորություն ունենայի… չգիտեմ, եթե-ների հարց է, ես պրագմատիկ եմ մտածում, հազար ու մի հարցեր կան, բայց լավատես եմ, ոնց որ Սարոյանն էր լավատես»:
Հիշեցնենք, Սարոյանի տան աճուրդը տեղի կունենա մայիսի 5-ին` Ֆրեզնոյի շրջանային դատարանում։ Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյում գտնվող տունը, որտեղ նա անցկացրել է իր կյանքի վերջին 17 տարին, հանվել է աճուրդի:
2729 W. Griffith Way, հասցեում հասարակ սվաղով կառուցված տունը, որը գտնվում է Կուպերի դպրոցից արևմուտք, 1981թ Սարոյանի մահվանից հետո ունեցել է երեք սեփականատեր և երկու անգամ հայտնվել է սեփականության իրավունքը կորցնելու վտանգի տակ: Հարևան Էրնի Բական ասել, որ տունը վարձակալության է տրվել և զավթվել է ապօրինի հողակալների կողմից:
Փորքիկ 1228 քառակուսի ոտնաչափ ունեցող տունը կառուցվել է 1964 թվականին: Ունի երեք ննջարան և մեկ լոգասենյակ: Հարևանի խոսքով, երբ տան սեփականատերը եղել է Սարոյանը, տնկել է պտղատու ծառեր: Սարոյանը 30 դոլար է վճարել նրան իր բացակայության ընթացքում ծառերը ջրելու, խնամելու համար:
Տունը ներառված է քաղաքային պատմական արժեքների ցանկում։ Տան վրա 1989 թվականի հուշատախտակ է տեղադրվել, որի վրա գրված են այն 10 գիքի վերնագրերը, որոնք Սարոյանը գրել է այդ տանն ապրելու ընթացքում: