Զախարյանը հուսով է, որ մինչև տարեվերջ նաիրիտցիների ամբողջ աշխատավարձը կմարվի
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը կազմում է 5,7 մլրդ դրամ, որը կուտակվել է վերջին չորս տարիների ընթացքում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նրա խոսքերով՝ փորձում են այլ միջոցների հաշվին մեղմել ստեղծված իրավիճակը, և երկու կամ երեք ամիսը մեկ անգամ աշխատակիցներին մեկ ամսվա աշխատավարձ վճարել:
Ե. Զախարյանն ասաց, որ «Նաիրիտ»-ի գույքն ամբողջությամբ գրավադրված է Միջպետական բանկում, և ՀՀ Նախագահի, Կառավարության կողմից Միջպետական բանկի ղեկավարության հետ բանակցություններ են տարվել, որպեսզի գույքը գրավից հնարավորինս շուտ հանեն. «Կարծես թե հարցը լուծվում է: Երկու-երեք օրերի ընթացքում այդ հարցը կլուծվի, իսկ երբ գույքը գրավից հանվի, այն կհանձնվի ՀՀ կառավարությանը»:
Նախարարը հայտնեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի գործարանի աշխատակիցների աշխատավարձերը ամբողջությամբ վճարեն. «Չեմ կարող ժամկետներ նշել, թե երբ կվճարենք, բայց հուսով եմ, որ մինչև տարեվերջ ամբողջ աշխատավարձը մարելու հնարավորություն կստեղծենք»:
Նախարարը հիշեցրեց, որ գործարանում կրճատումներ են եղել, 2300 աշխատողների փոխարեն այսօր մնացել է 480 մարդ, որպեսզի ապահովեն «Նաիրիտ»-ի անվտանգությունը:
Զախարյանը նշեց նաև, որ մեկ կամ երկու օրից կստանան Համաշխարհային բանկի ուսումնասիրությունները, որով գնահատվել է «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը:
««Նաիրիտ»-ը միշտ էլ եղել է Հայաստանի կարևորագույն ձեռնարակություններից մեկը և ցանկացած քայլ կներկայացվի հանրությանը: Այնպես որ, գործարանի հետ կապված որևէ փակ քննարկում չի լինի, բոլորը կլինի տեսանելի»,- ասաց Ե.Զախարյանը:
Հարցին, թե այսօր էլ գործարանում որոշ մարդիկ շարունակում են բարձր աշխատավարձ ստանալ, Ե.Զախարյանը նշեց, որ դա նախկինում էր. «Արդեն մի քանի ամիս է «Նաիրիտ»-ում ոչ մեկ բարձր աշխատավարձ չի ստանում»: