«Ոչ թալանին» նախաձեռնությունը կպայքարի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ
Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացմամբ մտահոգ մի խումբ քաղաքացիներ, որոնք ձևավորել են «Ոչ թալանին» նախաձեռնությունը, այս պահին Ազատության հրապարակում հանրային քննարկում են կազմակերպել՝ թանկացումը կանխելու գործողություններ մշակելու նպատակով։
«Մենք ընտրել ենք փողոցային պայքարը և փորձելու ենք հնարավոր ամեն ձևով կանխել էլեկտրաէներգիայի թանկացումը: Այդ թանկացմամբ, Հայաստանում արտագաղթի տեմպերը կաճեն, առաջին անհրաժեշտության ապրանքները կթանկանան», -լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախաձեռնող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը:
Նախնական տեղեկություններով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտով Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը առաջարկում է մեկ կիլովատի ցերեկային սակագինը 42 դրամից դարձնել 48, իսկ գիշերայինը՝ 32-ից 38 դրամ:
Այսօր ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր. «Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ: Ասում են, որ ավելի քան հիմնավորված է, բայց` ո՞ւմ համար, համենայն դեպս` ոչ մեր կառույցի»:
Նախորդող հրապարակումներ՝
Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ. Ռ.Նազարյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտի մասին
Դժբախտաբար, ամեն ինչ մեզանից կախված չէ. Զախարյանը՝ էլէներգիայի սակագնի մասին