Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ ՀԱԿ-ը ստորագրահավաք է նախաձեռնել ԱԺ-ում
Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցությունը այսօրվանից ստորագրահավաք է նախաձեռնել Ազգային ժողովում` «էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը քննող ժամանանավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը մայիսի 18-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում արտահերթ կարգով ընդգրկելու համար: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նաև նկատեց, որ հույս չունեն, թե անհրաժեշտ թվով ստորագրություն կհավաքվի, բայց պետք է փորձեն:
«Պետք է միասնական ճակատ ստեղծել բոլոր քաղաքական, քաղաքացիական խմբերով, արդյունաբերական հիմնարկներով՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմն առնելու համար», -հայտարարեց պատգամավորը:
Ընդդիմադիր պատգամավորը պնդեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման հայտը, որն արդեն ներկայացվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որևէ հիմնավորում չունի և գողությունն օրինականցնելուն ուղղված քայլ է:
Զուրաբյանի հաշվարկներով էլեկտրաէներգիայի թանկացման համար ՀԷՑ-ին և մյուս ընկերություններին անհրաժեշտ գումարը չի անցնում 1 ԿՎՏ-ի դիմաց 3,5 դրամ արժեքը:
«Մնացած 15 դրամն այս իշխանությունները դրել են քաղաքացու վզին, որպեսզի նա փակի ՀԷՑ-ի 250 մլն դոլար պարտքը: Այսինքն՝ իշխանությունները մտադիր չեն վերացնել այդ ոլորտում տիրող կոռուպցիոն համակարգը։ Նրանք ուզում են պարզապես, որ քաղաքացին վճարի իրենց անգործության դիմաց», -եզրակացրեց Զուրաբյանը:
Նշենք, որ նախնական տեղեկություններով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտով Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը առաջարկում է մեկ կիլովատի ցերեկային սակագինը 42 դրամից դարձնել 48, իսկ գիշերայինը՝ 32-ից 38 դրամ:
Մայիսի 14-ին ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր. «Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ: Ասում են, որ ավելի քան հիմնավորված է, բայց` ո՞ւմ համար, համենայն դեպս` ոչ մեր կառույցի»: