Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ջերմուկում բացվեց «Հայաթ Փլեյս» հյուրանոցը
Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ «Հայաթ Փլեյս» հյուրանոցի բացումը:
Վայոց Ձորից Panorama.am-ի թղթակիցը հայտնում է, որ բացման արարողությանը ներկա են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի ԱԺ պատգամավորներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, կառավարության անդամներ Նարեկ Սարգսյանը, Արմեն Երիցյանը, Սերգո Կարապետյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն իր խոսքում խորհրդանշական համարեց միջոցառմանը երկու պետությունների ղեկավարների մասնակցությունը:
«Մարզի զարգացման համար շատ կարևոր է այս կառույցը, այն կարևոր դեր կունենա զբոսաշրջության զարգացման համար, թե տեղաբնակներին, թե դրսից ժամանած հյուրերին առողջարանային ծառայությունների մատուցման համար: Այս կառույցում այս պահին աշխատում է 100-ից ավելի մարդ»,-ասաց մարզպետը:
Հյուրանոցի հիմնադիր Սամվել Սարգսյանն էլ շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացմանը նպաստած թիմին, ասաց, որ այն նախաձեռնել էր իր երջանկահիշատակ եղբայրը՝ Մուրադ Սարգսյանը. «Այս ծրագրի մեջ մի ամբողջ թիմի ջանք ու եռանդ է ներդրվել: Վստահ եմ, որ այս կառույցը իր նպաստն է բերելու ժողովրդին ու մարզին: Իմ խնդրանքն ու հորդորն է, որ այս ամենը օրինակ ծառայի մյուս մարզերին, քանի որ մեր երկիրը զարգացման նման ծրագրի կարիք ունի: Իսկ հարուստ զարգացած մարզ նշանակում է հարուստ և զարգացած պետություն»:
ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրով նախանշված` «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 18.09.2008թ.-ի N 1064-Ն որոշման շրջանակներում մշակված Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի հիմնական նպատակն է՝ Ջերմուկը դարձնել ամբողջ տարի գործող միջազգային պահանջներին համապատասխան առողջ և ակտիվ կենսակերպի, պատմամշակութային զբոսաշրջային կենտրոն, որին է ուղղված նաև նորաոճ և հանրահռչակ «Հայաթ Փլեյս» բրենդին հարիր բարձրակարգ սպասարկմամբ Ջերմուկի «Հայաթ Փլեյս» նոր հյուրանոցի գործունեությունը: Հյուրանոցային համալիրի կառուցումն սկսվել է 2009թ.-ի վերջերին և ավարտվել՝ 2015թ. մայիսին: Այն բաղկացած է կենտրոնական և երկու` հարավային ու հյուսիսային մասնաշենքերից: Շինությանը հարող շուրջ 1 հա մակերեսով տարածքը բարեկարգվել են՝ ծառայելով որպես հանրային օգտագործման կանաչ գոտի: Հյուրանոցային համալիրի կառուցապատման ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 12.0 հազ. մ2: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 11.5 մլրդ դրամ: Համալիրի կազմում նախատեսված են ժամանցի և հանգստի գոտի, SPA կենտրոն և ջրաբուժարան` Ջերմուկի հանքային ջրով բուժական լոգարաններով, մարզադահլիճ, լողավազան և շոգեբաղնիք, մանկական սենյակ, բիզնես-կենտրոն, ռեստորան, կոն-ֆերանս դահլիճներ: Ջերմուկի «Հայաթ Փլեյս» հյուրանոցը Եվրոպա տարածաշրջանում բացված թվով 3-րդ հյուրանոցն է:
Նախորդող հրապարակում՝
Ջերմուկում այսօր կբացվի «Հայաթ Փլեյս» հյուրանոցը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները