Ջերմուկում այսօր կբացվի «Հայաթ Փլեյս» հյուրանոցը (Լուսանկարներ)
Վայոց Ձորի մարզի առողջարանային Ջերմուկ քաղաքում այսօր կբացվի «Հայաթ փլեյս» հյուրանոցը:
Մինչ բացումը լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաթ Փլեյս» հյուրանոցային ցանցի Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Սթիվ Անշելը հույս հայտնեց, որ այն կնպաստի Հայաստանի տնտեսական աճին. «Կարծում եմ, Ջերմուկում «Հայաթ Փլեյս» հյուրանոցի բացումը մեծ հնարավորություններ կընձեռնի տնտեսական առումով, կնպաստի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը»:
Սթիվ Անշելը հյուրանոցը բնորոշեց իրենց համար մեծ կարևորություն ներկայացնող հետևյալ խոսքերով՝ բարձրակարգ հյուրասիրություն, ավելի ժամանակակից և ընկերական մոտեցում հյուրի նկատմամբ, և ամենակարևորը՝ լսել հյուրի կարծիքը:
Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, Հայաստանում հյուրանոցային ցանցի վաճառքի գծով ղեկավար Անահիտ Թութունջյանը նշեց, որ հյուրանոցը ոչնչով չի զիջում աշխարհի ցանցի՝ տարբեր երկրներում գտնվող մյուս հյուրանոցներին:
Նարակառույց հյուրանոցն ունի 92 համար՝ 156 ննջատեղերով, համալիրի ներսում կգործի նորակառույց մատուռ, որտեղ այցելուներն ու հյուրերը կարող են մոմ վառել, հարսանյաց արարողություն կատարել: Հյուրանոցը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող մարդկանց, հավաստեցին, նրանց համար կան բոլոր պայմանները:
Համալիրի ներսում գործում է ջրաբուժարան, Սպա կենտրոն, ժամանցի, հանգստի սրահներ, մարզադահլիճ, 120 մարդու համար նախատեսված ռեստորան և այլն:
Նշենք, որ Ջերմուկի հյուրանոցը «Հայաթ Փլեյս» ցանցի երկրորդն հյուրանոցն է Հայաստանում: Առաջինը բացվել է 2013-ի դեկտեմբերին Երևանում: Հենց այդ ժամանակ հայտնի դարձավ առողջարանային քաղաքում նմանատիպ հյուրանոց բացելու մտադրության մասին:
Նախորդող հրապարակում՝
Բացվեց «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցը. «Միջազգային բրենդի ներկայությունն արդեն իսկ կարևոր միջոցառում է»