«Որոտան» ՀԷԿ-ը դեռ չի վաճառվել. Արեգ Գալստյան
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ «Որոտան» ՀԷԿ-ը դեռ չի վաճառվել:
Նրա խոսքերով՝ ինքը լսել է Որոտանի վաճառքի մասին, որը պետք է տեղի ունենար հունիսի 3-4-ը ընկած ժամանակահատվածում, սակայն այսօր արդեն հունիսի 5-ն է, բայց վաճառք տեղի չի ունեցել:
«Իսկ թե ինչո՞ւ, տեղյակ չեմ»,- նշեց Ա.Գալստյանը:
Լրագրողները հետաքրքվեցին, թե ինչպե՞ս է վերաբերում «Գազպրոմին» Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի վաճառքին, փոխնախարարը ասաց, որ շատ հանգիստ է վերաբերվում այդ վաճառքին:
Նրա խոսքերով՝ ամբողջ գազամատակարարման և տրանզիտային ցանցը գտնվում է «Գազպրոմ Արմենիայի» ենթակայության տակ` որպես սեփականություն: Միայն մի փոքրիկ հատվածը՝ Քաջարան-Մեղրի հատվածը գտնվում էր «Բարձրավոլտ ցանցեր» ընկերության բալանսում, սակայն այն գազամուղներով չի զբաղվում:
«Այսինքն, «Բարձրավոլտ ցանցեր» ընկերությունը չի կարող մասնագիտական առումով ոչ շահագործումն ապահովել, ոչ ծախսերը կազմակերպել: Ես` որպես մասնագետ, համարում եմ, որ ճիշտ է այն վաճառել այն կազմակերպությանը, որը մասնագիտացված է այդ ոլորտում: Եթե քաղաքական դաշտում եք նայում, դա այլ հարց է»,- ասաց Ա.Գալստյանը:
Հարցին, թե չի՞ խանգարի «Գազպրոմը», եթե Հայաստանը ցանկանա Իրանի հետ գործարքներ կնքել գազի հարցով, փոխնախարարը նշեց, որ այդ ընկերությունը ոչ մի լծակով չի կարող խանգարել Հայաստան-Իրան հարաբերություններին, քանի որ ամեն ինչ լիցենզավորման դաշտում է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները