Մեկնարկեց Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթը (լուսանկարներ)
Սա ոչ միայն շատ լավ առիթ է ևս մեկ անգամ հանդիպելու և շփվելու, ծանոթանալու հաջողություններին, փոփոխություններին, այլ նաև բարձրաձայնելու այն խնդիրների մասին, որոնց հանդիպում է կինը և փորձում է առավել ինքնուրույն և նախաձեռնող հանդես գալ հասարակության մեջ: Այսօր այս մասին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ կին ձեռներեցների ցանցի նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում անցկացվող Կանանց ձեռներեցության երևանյան համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Հունիսի 8-ից մեկնարկում է Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթը, որը կազմակերպվում է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM.org) հովանու ներքո, որի լիիրավ անդամ է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ՀՀ կին ձեռներեցների ցանցը:
«Կնոջ դերը հայ հանրության մեջ բարձր և պատասխանատու է եղել, պատմությունը բազմաթիվ այդպիսի օրինակներ ունի: Այսօր մենք ունենք շատ ավելի էական մասնակցություն կանանց կողմից մեր տնտեսության զարգացման և երկրի առաջադիմությունն ապահովելու գործընթացում»,-նշեց ԱԺ փոխնախագահը:
Հ. Նաղդալյանը վստահություն հայտնեց, որ այս համաժողովը անպայման իր դրական արդյունքն ունենալու է.«Կարևոր է նաև, որ այս համաժողովից հետո այստեղ հնչած մտքերը, գաղափարները իրականացնենք, գործուն մեխանիզմ դարձնենք»:
Կանանց ձեռներեցության շաբաթին և բացման համաժողովին իրենց մասնակցությունն են բերել ՀՀ կառավարության անդամներ, ներկայացուցիչներ՝ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Ղազախստանից, Վրաստանից, Մոնակոյից, Իրանից, ինչպես նաև Եվրամիության, Արժույթի Միջազգային հիմնադրամից, ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման հիմնադրամից, Վերակառուցման և Զարգացման Եվրապական Բանկից, Ասիական Զարգացման Բանկից, մի քանի տասնյակ գործարարներ Հայաստանից:
Երևանյան շաբաթի ընթացքում կանցկացվի միջազգային համաժողով, էքսպո ցուցահանդես և մի շարք այլ ճանաչողական ծրագրեր:
Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան հիմնադրվել է 1945 թվականին: Այն կին ձեռներեցների ամենամեծ կազմակերպությունն է աշխարհում՝ շուրջ 5 մլն. Անդամներով, աշխարհի ավելի քան 120 երկրներից: