
«Նաիրիտ»-ի շահագործման վերաբերյալ վերջնական հաշվետվությունը կհրապարակվի առաջիկա օրերին
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ՝ էներգետիկայի գծով ավագ տնտեսագետ Արթուր Կոչնակյանին, ավագ ինժեներ-էներգետիկ Կոջի Նիշիդային և ՀԲ Երևանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանին:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտում ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի՝ «Էլեկտրամատակարարման հուսալիություն» և «էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագրերի ընթացքը: ՀԲ ներկայացուցիչները նշել են, որ հիմնականում գոհ են կատարվող աշխատանքներից և կարևորել են ժամանակացույցից հետ չմնալու հանգամանքը:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման վերաբերյալ վերջնական հաշվետվության մասին, որն առաջիկա օրերին կտեղադրվի նաև նախարարության պաշտոնական կայքում: