Հանրապետությունից օրական շուրջ 1000 տոննա ծիրան է արտահանվում. նախարար
Այսօր թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացի կազմակերպման աշխատանքները դիտարկելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է «Սպայկա» ընկերություն, ինչպես նաև Արարատի մարզի Ներքին Դվին, Աբովյան և Ջրաշեն համայնքներ:
ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախարարը «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության սառնարանային տնտեսություններում, հետևել ծիրանի բեռնման գործընթացին: Ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի տեղեկացմամբ` ընթացիկ տարին առանձնանում է առատ բերքով, և ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ եռապատկել արտահանման ծավալները: Միաժամանակ նա հավելել է, որ ընկերությունն արդեն իսկ արտահանել է 20 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն:
Այնուհետև նախարարը մեկնել է Արարատի մարզի Ներքին Դվին համայնք, որտեղ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ եղել է ֆերմեր Գևորգ Նազարյանի ծիրանի այգիներում, որոնց ընդհանուր տարածքը կազմում է 5 հեկտար: Նա նշել է, որ անձամբ է զբաղվում իր այգու բերքի արտահանմամբ, ինչի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնությունում արդեն կան համապատասխան պայմանավորվածություններ: Գոհունակություն հայտնելով այս տարվա ծիրանի բերքի քանակից և որակից` ֆերմերը հույս է հայտնել, որ ընթացիկ տարվա ծիրանի բերքը կկազմի մոտ 60-70 տոննա:
Նախարարի հաջորդ կանգառը Ջրաշեն համայնքում է եղել, որտեղ 3 հեկտար հողատարածքում ծիրանի մշակությամբ զբաղվող ֆերմեր Գրիգոր Վարդանյանը հայտնել է, որ ակնկալում է արտահանել մոտ 10 տոննա ծիրան:
Այցելած համայնքներում գյուղացիները նախարարի հետ զրույցում նշել են, որ գոհ են նաև ծիրանի մթերման գնից` 1 կիլոգրամը հենց այգում գնվում է 450-500 դրամով:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ ընթացիկ տարում գոհացուցիչ են ոչ միայն ծիրանի արտադրության, այլև արտահանման ծավալները:
«Հանրապետությունից օրական շուրջ 1000 տոննա ծիրան է արտահանվում, և արդեն իսկ արտահանվել է 5500 տոննա : Այս տարի Ուզբեկստանում, որը Ռուսաստանի Դաշնություն ծիրանի մեծածավալ արտահանումներ էր իրականացում, բերքը ցրտահարվել է, և հայկական ծիրանը ռուսական շուկայում շատ ավելի մեծ պահանջարկ ունի»,- նշել է նախարարը:
Նախարարի խոսքով` ընդհանուր առմամբ, այս տարի Հայաստանից արտահանվել է շուրջ 30 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24 300 տոննայի դիմաց:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ մի քանի օրից մթերող ընկերություններում կսկսվի ծիրանի մթերման գործընթացը:
Գոհունակություն հայտնելով նաև մարզի ընդհանուր ցուցանիշներից` Սերգո Կարապետյանը նշել է նաև, որ մարզն այս տարի շուրջ 1000 հեկտարով ավելացրել է ցանքատարածությունների մշակությունը` հասցնելով 24 հազար հեկտարի: Ներկայումս մշակվում է մարզի վարելահողերի 91 տոկոսը:
Նախորդող հրապարակում՝
Արմավիր. Ծիրանի իրացման խնդիր մինչ այժմ չի եղել