Էլեկտրաէներգիայի սակագինը կսուբսիդավորվի ոչ բյուջեի հաշվին. վարչապետ
Մինչ աուդիտի ավարտը էլեկտրաէներգիայի սակագինը կսուբսիդավորվի ոչ բյուջեի հաշվին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Իսկ ինչ միջոցներով, կհայտարարվի»,-ասաց նա:
Հարցին, թե նախորդ տարի ՀԷՑ-ում աուդիտ է անցկացվել, ինչո՞ւ հետևողականություն չի ցուցաբերվել, որ պատժվողներ լինեն, վարչապետը նշեց, որ հարցը պետք է ուղղել այն մարդկանց, ովքեր պետք է հետամուտ լինեին:
«Առաջինը պետք է սեփականատերը հետամուտ լիներ»,- ավելացրեց Հ.Աբրահամյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե հնարավո՞ր է ՀԷՑ-ը ազգայնացվի, վարչապետն արձագանքեց. «Չի կարող լինել, դեռ վաղ է, պետք է սպասենք այդ ստուգումների արդյունքին, և մենք այդ աուդիտից հետո մեր խոսքը կասենք մեր հանրությանը»:
Հարցին, թե մասնագետների պնդմամբ, աուդիտը չի հայտնաբերի ՀԷՑ-ի չարաշահումները, վարչապետը ոչինչ չասաց, միայն ժպտաց:
Հ. Աբրահամյանը նաև տեղեկացրեց, որ հուլիս ամսվա մեջ հայտնի կլինի, թե որ կազմակերպությունը կանցկացնի աուդիտը:
Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիների պահանջներին, Հ.Աբրահամյանը նշեց, որ ՀՀ նախագահը մանրամասն ներկայացրել է ակտիվիստներին քայլերի մասին: Ներկայացված լուծումը ճիշտ է և բավարարում է նրանց:
«Ես կարծում եմ, որ իրենք պետք է լինեն բավարարված և բավարարված են: Լուծումը շատ ճիշտ էր, և այն երկու անվստահությունը` մեկը` հանձնաժողովի, մյուսը` ՀԷՑ-ի նկատմամբ, մենք ապագայում կփորձենք խորհրդատվական ընկերությունների, աուդիտների միջոցով հանրությանը մանրամասն տեղեկացնել իրավիճակի մասին, որպեսզի անվստահություն չլինի»,- ընդգծեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան