Փոխնախարար. Կարտոֆիլի թանկացումը շոգ եղանակի հետևանք է
Մի քանի օր առաջ առևտրի խոշոր կետերում քաղաքացիները կարտոֆիլ չեն գտել: Արդեն այսօր կարտոֆիլը թանկացել է, նախկին 150-170 դրամի փոխարեն այն այսօր արժե 280-300 դրամ: Ազգային վիճակագրական ծառայության՝ օրերս հրապարակած տեղեկատվության համաձայն, հուլիսին հունիսի համեմատ կարտոֆիլը թանկացել է 3 տոկոսով:
Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ շուկայում կարտոֆիլի առաջարկը նվազել է: Պատճառը շոգ եղանակն է:
Փոխնախարարը բացատրեց, որ շոգի պատճառով կարտոֆիլը հողում չէր կարող երկար մնալ. «Այս տարի բարձր ջերմաստիճանի պատճառով վաղահաս կարտոֆիլը ժամանակից շուտ է հասունացել, շուկա ավելի շուտ ու ավելի շատ է դուրս բերվել, այս պահին վաղահաս կարտոֆիլի չքանդված ցանքատարածությունները մնացել են 5-6 տոկոսի սահմաններում: Այս պայմաններում կարտոֆիլի որոշակի դիֆիցիտ է առաջացել, շուկայի առաջարկի ու պահանջարկի հիման վրա տեղի է ունեցել գների փոփոխություն»:
Ստացվում է, որ այս պահին վաղահաս կարտոֆիլի պաշարները սպառվում են, իսկ դրան զուգահեռ շուկայում ավելանում է գինը: Ոլորտի մասնագետը վստահեցնում է, որ շոգ եղանակի պատճառով միջահաս կարտոֆիլը շուկա դուրս կգա ավելի շուտ, քան նախորդ տարիներին: Դրա համար պետք է սպասել ևս 10-15 օր, որից հետո հնարավոր է՝ կարտոֆիլի գինը նվազի:
Գալստյանի տրամադրած տվյալների համաձայն, այս տարի Հայաստանում կարտոֆիլի ցանքատարածություններն ավելացել են. «Անցյալ տարի կարտոֆիլի ցանքատարածությունները կազմել են 31. 55 հազար հա, այս տարի ցանքատարածությունները կազմում են 32.5 հազար հա: Դրանից վաղահաս կարտոֆիլւը, որը հիմնականում ցանում են Արարատի, Արմավիրի, Լոռի մարզերում, Սյունիքի որոշ շրջաններում, կազմում է 2700-2800 հա: Այսօրվա դրությամբ արտադրվել է վաղահաս 81.500 տոննա կարտոֆիլ»:
Մյուս կողմից էլ հայկական կարտոֆիլի արտահանման ծավալները նվազել են: ԳՆ փոխնախարար Ռոբերտ Մակարյանի՝ Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, այս տարի օգոստոսի 11-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 4 893 տոննա կարտոֆիլ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 19 484 տոննա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները