Կոնյակի, օղու, գարեջրի արտադրության ծավալները նվազել են, գինունը՝ աճել
ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2015թ.-ի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 6 455.8 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.2%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` 2014թ.-ին նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 6 666.5 հազար լիտր կոնյակ:
Ըստ ԱՎԾ-ի` հանրապետությունում այս տարվա առաջին կիսամյակում արտադրվել է 4 356.8 հազար լիտր օղի և օղու լիկյոր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,1%-ով (2014-ի հունվար-հուլիսին արտադրվել է 4 449.6 հազար լիտր օղի):
Նշված ժամանակահատվածում նվազել են նաև գարեջրի արտադրության ծավալները: Այսպիսով, հանրապետությունում հունվար-հունիսին արտադրվել է 9 729.9 հազար լիտր գարեջուր` 2014թ-ի հունվար-հունիսի համեմատ նվազելով 14.1 %-ով:
Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալներն ավելացել են 9.9%-ով` կազմելով 159.8 հազար լիտր:
Նշված ժամանակահատվածում Հայաստանում աճել են նաև գինու արտադրության ծավալները: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հունվար-հունիսին մեր երկրում արտադրվել է 2 683.1 հազար լիտր գինի: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.7%-ով: Նշենք, որ 2014թ-ի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 2 338.7 հազար լիտր գինի:
Նշենք նաև, որ նախորդ տարվանից հանրապետությունում արտադրվում է վիսկի: Ըստ ԱՎԾ-ի՝ հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է 324.8 հազար լիտր վիսկի:
ԱՎԾ-ի տվյալներով` հանրապետությունում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2015-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ աճել է 9.2%-ով` կազմելով 2 962.8 հազար լիտր:
Նշենք նաև, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 7 894.0 հազար լիտր բնական հյութեր, ինչը 2014թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.6 տոկոսով:
Հունվար-հունիսին 24.1%-ով նվազել են նաև հանքային ջրերի արտադրության ծավալները: Եթե 2014թ-ի նույն ժամանակահատվածում արտադրվել է 25 033.3 հազար լիտր հանքային ջուր, ապա 2015թ-ի հունվար-հունիսին՝ 19 007.9 հազար լիտր: