Համալիրը օտարելը առանց դատական վերջնական ակտի՝ տարօրինակ է
Մարզահամերգային համալիր ՓԲԸ-ն աշխատել է իր ստեղծման օրից չշեղվի այն հիմնական ուղղությունից, որը դրված է եղել իր առջև, որպեսզի աշխատի այն բոլոր նորմերին համապատասխան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կարեն Դեմիրճյանի Մարզահամերգային համալիրի նախկին սեփականատիրոջ ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանն՝ անդրադառնալով Մարզահամերգային համալիրի վաճառքին:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ կառավարության նիստում որոշում կայացվեց Պաշտպանության նախարարությանն հաշվեկռշին գտնվող և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ ՍՊԸ–ին: Օտարման ենթակա անշարժ գույքի վաճառքի գինը 30 մլն դոլար է:
«ՄՀՀ-ի վաճառքի փաստն արդեն դարձել է հասարակության խնդիրը: Մեր վերաբերմունքը կախված է ժողովրդից: Որպես ՀՀ քաղաքացի` ինձ դուր չի գալիս, թե ինչի կվերածվի այն, հետագայում կտեսնենք, նմանատիպ երևույթներ շատ ենք տեսել, նորից կվերածեն ինչ-որ անճոռնի մի կառույցի»,-նշեց Կ. Գրիգորյանը:
Նրա խոսքերով, ՄՀՀ-ն պատմաշակութային կառույց է, որը որպես բիզնես նախագիծ պետք չի դիտարկել. «Մենք կարող ենք պարզ ճակատով հանդես գալ, որ ոչ մի անգամ այն չենք դիտարկել որպես բիզնես կառույց: ՄՀՀ-ն ի սկզբանե կառուցվել է պետության համար, ցանկացած հայի հպարտության համար»:
Հանդիպմանը ներկա փաստաբան Արմինե Հակոբյանն էլ ասաց, որ իր համար շատ զարմանալի է կառավարության այս որոշումը. «Ներկայումս բազմաթիվ դատական վեճեր կան ՄՀՀ ՓԲԸ-ի հետ կապված, դրանցից կարևորագույնը կառանձնացնեմ՝ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մեկ տարուց ավել քննվող կառավարության և ԴԱՀԿ միջև կնքված գույքը հանձնելու վերաբերյալ պայմանագրի վիճարկումը, և այս պարագայում երբ որ չկա վերջնական դատական ակտ, օտարելն ինձ համար անհասկանալի է»:
Փաստաբանը նշեց, որ ընկերության սնանկության գործընթացը ևս ավարտված չէ:
Անդրադառնալով հանգամանքին, թե ինչու սնանկացավ Մարզահամերգային համալիրը՝ նախկին սեփականատիրոջ ներկայացուցիչն ասաց, որ համերգային առումով այսօր այն շահութաբեր չէր, քանի որ կազմակերպվող համերգների համար ժողովուրդը գնողունակ չէր, իսկ համերգների ժամանակ դահլիճի լուսավորության և այլնի համար մեծ ֆինանսական միջոցներ էին պահանջվում. «Մենք չենք կարողացել վճարել գումարը, համալիրը վաճառվեց, հասկացանք, բայց թող այն պաշտպանվի այնպիսին ինչպիսն կա»:
Կ. Գրիգորյանը ԴԱՀԿ-ի գործողություններն ի սկզբանե որակեց, որպես ոչ օրինական՝ նշելով, որ այն աճուրդի սկզբնական գինը կրճատեց:
Լրագրողների այն հարցին, թե ո՞վ վերցրեց ՄՀՀ-ն, նա պատասխանեց. «Ինտրիգ չեմ ուզում ստեղծել, պատասխանելով թե ով վերցրեց ՄՀՀ-ն, չեմ ուզում անձնավորել, քանի որ կոնկրետ անձի դեմ պայքար չենք տանում, մենք տանում ենք զուտ իրավական պայքար»:
Հանդիպման ավարտին փաստաբան Արմինե Հակոբյանն էլ ավելացրեց, որ շարունակելու են իրավական դաշտում պայքարել, անգամ դիմելու են ՄԻԵԴ:
Նախորդող հրապարակումներ՝
Մարզահամերգային համալիրը վաճառվեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին